Ապագայի մասին ոմանք վարդագույն հայացքներ են տարածում՝ հիացած լինելով ինչպես մեր նյութական առաջընթացով, այնպես էլ բարոյական զգայունակության բարելավմամբ: Ես չեմ հարում այդ տեսակետին: Անտարակույս, տեխնոլոգիաների շնորհիվ ողջունելի բարեփոխումներ են եղել մարդկանց մեծամասնության կյանքում եւ կենսական հնարավորություններում՝ կրթության, առողջության եւ կյանքի տեւողության: Այդուհանդերձ, իրական աշխարհի (ինչպիսին որ կա) եւ հնարավոր աշխարհի (ինչպիսին կարող էր լինել) միջեւ վիհը շատ ավելի խորն է, քան երբեւէ եղել է: Միջին դարերում մարդկանց կյանքը գուցե ավելի թշվառական էր, բայց քիչ բան էր հնարավոր անել նրանց կյանքը բարելավելու համար: Ընդհակառակը, ժամանակակից աշխարհում «ներքեւի միլիարդի» վիճակը հնարավոր է լավացնել՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց հարստությունը վերաբաշխելով: Մարդասիրական այս հրամայականին չարձագանքելը, այն պարագայում, երբ պետություններն ունեն, անկասկած, լուծում տալու կարողություն, վստահաբար կասկածի տակ է առնում բարոյականության հաստատութենական առաջադիմության մասին ամեն մի հայտարարություն….
Մենք չենք կարող վստահաբար կանխատեսել մարդկանց թվաքանակը, ապրելակերպը, հայացքները, սոցիալական կառուցվածքները նույնիսկ մի քանի տասնամյակ անց, առավել եւս այն աշխարհաքաղաքական համատեքստը, որի շրջանակներում դրսեւորվելու են այդ միտումները: Ավելին, մենք չպետք է մոռանանք, թե աննախադեպ ինչ փոփոխություններ են հնարավոր առաջիկա տասնամյակների ընթացքում: Մարդկանց մտածելակերպն ու մարմնակազմությունը շատ ճկուն կարող են դառնալ շնորհիվ գենետիկական ձեւափոխումների եւ կիբօրգ տեխնոլոգիաների զարգացման: Այսպես փոխվում են խաղի կանոնները: Երբ հիանում ենք հնուց պահպանված գրականության եւ արվեստի գործերով, ապա հազարամյակների ժամանակային անդունդի միջով մենք զգում ենք մեր հոգեհարազատությունը այդ արվեստագետների եւ նրանց քաղաքակրթության հետ: Բայց մենք բնավ վստահություն չունենք, թե մի քանի դար անց առաջատար ուղեղները մեր մեջ հուզական արձագանք կառաջացնեն, եթե անգամ ըմբռնեն մեր վարվելակերպի քայլաշարը:
Քսանմեկերորդ դարն առանձնահատուկ է նաեւ այն պատճառով, որ առաջին անգամ մարդիկ կարող են բնակություն հաստատել Երկրի սահմաններից դուրս: Այլմոլորակային աշխարհի ռահվիրա վերաբնակիչները դուրս են մնալու Երկրագնդի կարգավորիչների մատչելիության սահմանից եւ հարկադրված են լինելու հարմարվելու թշնամական միջավայրին: Այդ համարձակները կկարողանան գլխավորել անցումը օրգանական ինտելեկտից էլեկտրոնայինի: «Կյանքի» այս նոր մարմնավորումը, որ չի պահանջում ո՛չ մոլորակային մակերես, ո՛չ էլ մթնոլորտ, կկարողանա տարածվել մեր արեգակնային համակարգից շատ հեռու: Եթե այժմ կյանքը եզակի է՝ միայն Երկրի վրա, ապա նման սփռումը լինելու է տիեզերական նշանակության իրադարձություն: Իսկ եթե բանականությունն արդեն ներթափանցել է տիեզերք, ապա մեր սերունդները կմերվեն դրան….
Թե ինչ տեղի կունենա մեր սերունդների հետ այստեղ՝ Երկրի վրա եւ, հավանաբար, շատ ավելի հեռուն, կախված կլինի այն տեխնոլոգիաներից, որոնք մենք այսօր հազիվ ենք պատկերացնում: Հետագա դարերում (տիեզերական հեռանկարում սոսկ մի ակնթարթ) մեր ստեղծագործ բանականությունը կկարողանա արագացնել անցումը երկրակենտրոն էակներից դեպի տիեզերակենտրոն էակներ, կենսաբանականից՝ էլեկտրոնային բանականությանը, ինչը հիմք կստեղծի հետմարդկային էվոլյուցիայի միլիարդավոր տարիների….
Մեր աշխարհը հարաճուն կախվածության մեջ է բարդ ցանցերից՝ էլեկտրացանցեր, օդային երթեւեկության վերահսկում, միջազգային ֆինանսներ, համընդգրկուն ցրված արտադրություն եւ այլն: Եթե այդ ցանցերն օժտված չլինեն մեծ դիմացկունությամբ, ապա դրանց օգուտները կարող են զիջել այն աղետաբեր խափանումներին (թեպետ՝ հազվադեպ), որոնք կարող են իրականություն դառնալ 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պես: Առանց էլեկտրականության քաղաքները կաթվածահար են լինելու, լուսավորությունը մարելու է, բայց դա դեռ ամենալուրջ հետեւանքը չէ: Մի քանի օրվա ընթացքում մեր քաղաքները կդառնան բնակության համար ոչ պիտանի եւ անկառավարելի: Օդային փոխադրումները մի քանի օրում կարող են սփռել համավարակը ամբողջ աշխարհում՝ ավերածություններ պատճառելով զարգացող երկրների կազմալուծված մեգապոլիսներին: Իսկ սոցիալական ցանցերը կարող են բառացիորեն լույսի արագությամբ տարածել խուճապ, կեղծ լուրեր եւ տնտեսական անկում:
Երբ մենք գիտակցում ենք կենսատեխնոլոգիայի, ռոբոտաշինության, կիբերտեխնոլոգիայի եւ արհեստական ինտելեկտի զորությունը, ավելին՝ դրանց ներուժը գալիք տասնամյակներում, մենք չենք կարող խուսափել այդ հզորության չարաշահման համար անհանգստությունից: Տարեգրության մեջ հիշատակվում են դեպքեր, երբ «քաղաքակրթությունները» փլուզվել են եւ նույնիսկ չքացել: Մեր աշխարհն այնքան փոխկապակցված է, որ քիչ է հավանական, թե մի որեւէ տարածաշրջանին պատուհասած աղետի հետեւանքները չտարածվեն ամբողջ աշխարհում: Առաջին անգամ է, որ մենք պետք է մտորենք համահանրային շրջակա միջավայրի այնպիսի կործանման մասին, որը հիրավի լինելու է քաղաքակրթական ամենակուլ հետընթաց: Վերջինը կարող է լինել ժամանակավոր, բայց կարող է լինել այնքան կործանարար (եւ հանգեցնել միջավայրի եւ գենետիկայի այնպիսի քայքայման), որ վերապրողները չկարողանան երբեւէ վերածնել քաղաքակրթության ներկա մակարդակը….
Մեր ապագան կախված է համահանրային հանգուցային մարտահրավերների լուծման իմաստուն որոշումների կայացումից՝ էներգիա, առողջություն, սնունդ, ռոբոտաշինություն, շրջակա միջավայր, տիեզերք եւ այլն: Ճիշտ ընտրությունն առնչվում է գիտությանը: Բայց հիմնարար որոշումները չպետք է միայն գիտնականները կայացնեն. դրանք կարեւոր են բոլորիս համար եւ պետք է լինեն հանրային լայն քննարկումների արդյունք: Որպեսզի դա տեղի ունենա, մենք բոլորս պետք է բավականաչափ «զգանք» գիտության հիմնարար գաղափարները եւ ունակ լինենք հաշվարկելու եւ գնահատելու վտանգները, հավանականությունները եւ ռիսկերը, որ չխաբվենք փորձագետներին եւ միամտաբար հավատ չընծայենք ամբոխահաճ կարգախոսներին:
Նրանք, ովքեր ձգտում են ավելի լայն ներառական ժողովրդավարության, սովորաբար տրտնջում են, թե տիպիկ ընտրողը որքան անտեղյակ է կարեւոր հարցերից: Բայց անտեղյակությունը չի վերաբերում միայն գիտությանը: Պակաս տխուր չէ այն հանգամանքը, երբ քաղաքացիները չգիտեն իրենց ժողովրդի պատմությունը, չեն կարողանում խոսել երկրորդ լեզվով, քարտեզի վրա չեն գտնում Հարավային Կորեան կամ Սիրիան (մի հարցմամբ պարզվել էր, որ ամերիկացիների միայն մեկ երրորդն է կարողացել գտնել Բրիտանիան): Սա մեղադրանք է մեր կրթական համակարգի եւ ամբողջ մշակույթի հասցեին: Իսկն ասած, ես գոհ եմ եւ զարմացած, թե որքան շատ մարդ է հետաքրքրվում դինոզավրերով, Սատուրնի արբանյակներով եւ Հիգսի բոզոնով, բաներ, որոնք բոլորն էլ միանգամայն հեռու են մեր առօրյա կյանքից, եւ որոնք էլ այդքան հաճախ հայտնվում են հանրաճանաչ լրատվամիջոցներում….
Մենք կարող ենք լինել տեխնոլոգիական լավատեսներ, թեկուզ եւ տեխնոլոգիաների բնագավառում ջանքերի հավասարակշռությունը վերուղղման կարիք ունի: Ռիսկերը հնարավոր է նվազագույնի հասցնել «պատասխանատու նորաստեղծության» մշակույթի շնորհիվ, հատկապես կենսատեխնոլոգիայի եւ արհեստական ինտելեկտի ոլորտներում, ինչպես նաեւ վերափոխելով համաշխարհային տեխնոլոգիական ջանքերի հիմնական առաջնայնությունը: Գիտության եւ տեխնոլոգիայի վերաբերյալ մենք պետք է լավատեսություն պահպանենք, մենք չպետք է արգելակենք առաջընթացը….
Բոլոր գիտնականներն իրենց քաղաքացիական պատասխանատվությունից զատ ունեն հատուկ պարտականություններ: Բարոյական պատասխանատվություն է դրված բուն հետազոտությունների առջեւ, այն է՝ խուսափել այնպիսի գիտափորձերից, որոնք աղետի հանգեցնելու նվազագույն իսկ ռիսկ են պարունակում, նաեւ ենթարկվել բարոյական վարքականոնին, երբ հետազոտություններում ներառված են լինում կենդանիներ կամ մարդիկ:
Առավել դժվար լուծելի խնդիրներ են ծագում, երբ գիտնականների հետազոտությունները լաբորատորիայից դուրս ճյուղավորված հետեւանքներ են ունենում եւ հղի են բոլոր քաղաքացիների վրա սոցիալական, տնտեսական եւ բարոյական ազդեցությամբ, կամ էլ երբ դրանք առաջացնում են լուրջ, սակայն տակավին չգնահատված սպառնալիք: Դուք վատ ծնող կլինեիք, եթե ձեզ չանհանգստացներ, թե ինչ է լինելու ձեր երեխաների հետ չափահաս տարիքում, նույնիսկ եթե նրանց վերահսկելու քիչ հնարավորություն ունեք:
Ճիշտ նույնպես, գիտնականները չպետք է անտարբեր լինեն իրենց գաղափարների արգասիքի՝ իրենց արարումների հանդեպ: Նրանք պետք է ջանան խթանել դրանց բարենպաստ գործադրման հարակից ակնկալիքները՝ առեւտրային եւ այլ բնույթի: Նրանք պետք է հնարավորինս դիմադրեն իրենց աշխատանքի կասկածահարույց կամ սպառնալից գործադրմանը եւ զգուշացնեն քաղաքական գործիչներին, երբ կարիքը լինի: Եթե նրանց ձեռբերումները հարուցում են նրբանկատ բնույթի բարոյական խնդիրներ (ինչը տեղի է ունենալու հաճախակի եւ սուր կերպով), նրանք պետք է աշխատեն հանրության հետ՝ հասկանալով հանդերձ, որ իրենց մասնագիտությունից զատ, իրենք չունեն հատուկ լիազորություն….
Արդ, ժամն է կյանքի հեռանկարի լավատեսական ընկալման՝ ե՛ւ այս աշխարհում, ե՛ւ դրա սահմաններից անդին: Մեզ հարկ է ունենալ ընդգրկուն, ռացիոնալ եւ հեռահար մտածելակերպ՝ հենվելով քսանմեկերորդ դարի տեխնոլոգիայի վրա, բայց կողմնորոշվելով այն արժեքներով, որոնք գիտությունը միայնակ ապահովել չի կարող…. Համամարդկային սպառնալիքներին դիմակայելը պահանջում է հարաճուն տեխնոլոգիա, բայց հիմնված սոցիալական գիտությունների եւ բարոյականության վրա:
Հատված Մարտին Ռիսի
«Ապագայի մասին» գրքից:
Անգլերենից թարգմանությունը՝ Վ. Միրզոյանի