ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լոռու մարզային գրադարանի մեծ դահլիճում կայացավ միջոցառում, որը նվիրված էր կանանց միամսյակին: Միաժամանակ կազմակերպվել էր Ագնեսա Խաչատրյանի «Աշխատանքներիս հետ» ստեղծագործությունների ցուցադրությունը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը, որը, ողջունելով ներկաներին, հավաստիացրեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն գրադարանում: Միջոցառումը վարում էր «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի գլխավոր խմբագիր, պատվավոր պրոֆեսոր Իվան Անտոնյանը, որը միջոցառումն սկսեց իր ուսուցչի՝ վաստակաշատ տնօրեն, մանկավարժ, վաղամեռիկ բանաստեղծ, արձակագիր Իվան Գոգչյանի «Մայրս» բանաստեղծության ասմունքով, որն ընդունվեց հանդիսատեսի բուռն ծափերով:
Այնուհետեւ օրհնության խոսք ասաց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ով իր խոսքում մեջբերումներ արեց գրականությունից, որոնք վերաբերում էին մայրությանն ու մայրապաշտությանը: Շնորհավորանքի խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, ով կարեւորեց կանանց դերը հասարակության կյանքում:
Ապա դաշնամուրային ականջահաճո կատարումներով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն, սանթուրահար Վարդան Դոլմազյանը, ում եւ՛ հեղինակային, եւ՛ դասական կատարումները նույնպես ընդունվեցին հանդիսատեսի ջերմ ծափերով:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը նույնպես շնորհավորեց եւ իր ստեղծագործություններից կարդաց կանանց, աղջիկների եւ մայրերի համար: Այնուհետեւ հայկական ժողովրդական եւ աշուղական երգերի կատարումներով հանդես եկավ «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, որն արժանացավ ներկաների բարձր ծափերին:
Ագնեսա Խաչատրյանի ստեղծագործությունների վերաբերյալ դրական անդրադարձավ, մորը նվիրված ստեղծագործություններից կարդաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ով նաեւ մի առանձին հումորային մաս ներկայացրեց` նվիրված կանանց՝ ժպիտ պարգեւելով ներկաներին: Վանաձորի քաղաքապետարանի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Սերգեյ Պողոսյանը եւ Հայկ Եղիազարյանն աչքի ընկան երաժշտական կատարումներով:
Հեղինակային բանաստեղծություններից կարդաց տաղանդավոր բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը: Միջոցառման ավարտին ջերմ խոսքեր ասաց Ագնեսա Խաչատրյանը եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին: