Մոսկվայի երաժշտության միջազգային տանը մայիսի 30-ին նախատեսվում է նշանակալի մի իրադարձություն: ՌԴ-ում եւ ընդհանրապես աշխարհում կատարողական արվեստների այդ խոշորագույն համալիրներից մեկի կամերային դահլիճում տեղի կունենա «Մոսկվայի վիրտուոզներ» հռչակավոր կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակով) եւ Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Սոլովյովի համերգը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի եւ շնորհալի պատանի երաժիշտների մասնակցությամբ:
Ինչպես հայտնել է նվագախմբի մամլո ծառայությունը, համերգն անցկացվելու է «Արվեստ, գիտություն եւ սպորտ» բարեգործական հիմնադրամի «Դասաժամ մաեստրոյից» նախագծի շրջանակներում եւ «Viva Maestro!» դասական երաժշտության միջտարածաշրջանային փառատոնի եզրափակիչ միջոցառումն է լինելու:
«Մոսկվայի վիրտուոզների» հետ, որպես մենակատար, երաժշտասերներին իր վարպետությունը կպարգեւի նաեւ 13-ամյա դաշնակահար Արտեմ Առաքելյանը: Նա ծնունով ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքից է, քաղաքային օկրուգի ղեկավարի թոշակառու, ներգրավված է «Դասաժամ մաեստրոյից» ծրագրում: Ինչ վերաբերում է Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, ջութակահար Հայկ Կազազյանին, ապա նա իր սերնդի առավել բարձր պահանջարկ վայելող երաժիշտներից է, մեծ հաջողությամբ հանդես է գալիս ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Հայկը ծնվել է 1982 թ. Երեւանում, ուսանել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Լեւոն Զորյանի դասարանում: 1996-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ուսումը շարունակել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ՝ Պ. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: Այդ կրթոջախն ավարտելուց հետո սովորել է Լոնդոնում՝ Երաժշտության թագավորական քոլեջում:
Հայկը մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսների, միջազգային փառատոների դափնեկիր է: Համագործակցում է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Ալեքսանդր Լազարեւը, Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Պոլյանիչկոն եւ այլք: Կամերային նվագախմբերի կազմում նրան ընկերակցել են անվանի շատ վարպետներ: Ձայնագրել է մի քանի մենահամերգային սկավառակ: Իսկ 2008-ից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում:
«Դասաժամ մաեստրոյից» նախագիծն իրականացվում է «Տարածաշրջանների զարգացում» համալիր ծրագրերի շրջանակներում, որը նպատակաուղղված է Ռուսաստանի փոքր, մասնավորապես՝ Բելգորոդի, Կուրսկի, Օրենբուրգի մարզերի քաղաքների կայուն զարգացման աջակցությանը: Այն 2006 թ. ռուսաստանյան ձեռնարկատեր եւ բարերար, «Մետալոինվեստ» լեռնամետալուրգիական հոլդինգի հիմնադիր Ալիշեր Ուսմանովի կողմից ստեղծված «Արվեստ, գիտություն եւ սպորտ» բարեգործական հիմնադրամի ծրագրերից է: Հիմնադրամն աջակցում է մշակույթի, գիտության եւ սպորտի բնագավառներում հասարակայնորեն իմաստավոր նախաձեռնություններին, ինչպես նաեւ սատարում գիտակրթական եւ սոցիալական նախագծերի իրագործմանը:
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ