Հովհ. Թումանյանի թանգարանը մշտապես հանդես է գալիս հետաքրքիր ու հայրենաճանաչ նախաձեռնություններով, դրանք կյանքի կոչելով։ Այս օրերին թանգարանի աստիճանավանդակի 2 կողմում ժապավենաձեւ թղթին Հովհ. Թումանյանի կյանքի բացառիկ դեպքերից մեկի՝ գրողի դատավարության մասին պատմող ցուցահանդես է՝ «Դատավարություն» խորագրով։
Նույն աստիճանավանդակներին հոկտեմբերի 7-9-ը կայացավ 3 տարվա պատմություն ունեցող եւ արդեն ավանդույթ դարձող «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնը, որի շրջանակում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ թանգարանը ներկայացնում է «ԲԱՐՁՐԱՔԱՇ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը Հայաստանի հոգեւոր եւ կրթական օջախներից էր: Այստեղ կրթվել են Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգեւորականները զբաղվում էին գիտական աշխատանքով: Վանքը մասամբ վերակառուցվել է 1939-ին, իսկ 1969 թ. նրա տարածքը պեղվել է: Ներկայում վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված: Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց՝ տվյալ հուշարձանին նվիրված ցուցահանդեսը պատահական չէ իրենց ցուցասրահում եւ «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնի շրջանակում: Լոռվա հուշարձանների քաջ գիտակ Հովհ. Թումանյանի համար առանձնակի նշանակություն է ունեցել Մամիկոնյան տոհմի կողմից կառուցված այս բացառիկ վանական համալիրը, որի ավերակներն արձանագրել է բանաստեղծն իր լուսանկարչական սարքով 1890-ական թթ.: Այդ ժամանակ Ամենայն հայոց բանաստեղծը գրել է. «Ներս ես մտնում վանք։ Վանքի գլուխը կործանված. լցված է մեջը, եւ դու կանգնում ես սեղանից բարձր։ Ահագին ծառերը բարձրանում են բեկորների կույտերի միջից, եւ ճերմակ կամարները մրցում են նրանց հետ։ Հարավային մասից մտնում ես միջին մասը. միջինից՝ երրորդը, մի շինություն, որ երեւի հերթակալ միաբանի համար է հատկացված, եւ պարզ տեսնում ես, որ այդ մասերը շինված են զանազան ժամանակներում, զանազան ձեռքերով»։
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ վերոհիշյալ հուշարձանի տարածքում 2021 թ. կատարվել են հնագիտական պեղումներ եւ մասնագիտական աշխատանքներ՝ հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը, որից առաջ Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում գտնված նյութերի մասին բանախոսությամբ հանդես եկավ հնագետ Արման Նալբանդյանը՝ ներկայացնելով նաեւ վանական համալիրը։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված են պեղումների մասին պատմող լուսանկարներ, գտնված հնագիտական նյութեր, եւ կարեւոր հանգամանք՝ 130 եւ ավելի տարի առաջ Թումանյանի կատարած լուսանկարներից, մեծ գրողի խոսքերն այդ վանական համալիրի վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների. «Բանաստեղծն ստորագրել է գավթի խորանի փլուզումը կանխելու նպատակով իր նախաձեռնությամբ չոր հենապատը դիմհարելու ժամանակ ԺԹ դարի վերջում։ Նման միջոցառման շնորհիվ պատից անջատված աբսիդը մնում է նույն թեքված վիճակում, որն առանց դրա վաղուց ընկած կլիներ»։ Այս մասին Հովհ. Թումանյանը գրում է. «Արեւելյան պատի հարավային մասից մի կտոր պոկված թեքվել է դեպի ձորը։ Նա վաղուց կլիներ քանդված, բայց Օվագիմ յուղբաշին քարով ամրացրեց ներքեւից»։
Լուսանկարներից մեկում Թումանյանը կանգնած է մի մեծ խաչքարի մոտ։ Այս հուշակոթողի մասին գրել է. «Ահա ձորափին կանգնած «Սիրուն խաչը». մեխվում ես առաջին, հիանում ճարտարվեստ ու նուրբ քանդակներով, եւ հանկարծ սիրտդ թունդ է առնում, երբ ծաղկանկարների մեջ կարդում ես. «Յիշխանութեան տանն Մամիկոնեան»»։ Ա. Նալբանդյանը կատարված հնագիտական աշխատանքները ներկայացրեց լուսանկարներով, որոնք ցուցադրվեցին էկրանին։ Հնագետը տեղեկացրեց՝ վանքում խիստ վտանգված վիճակում պահպանվել են 2 եկեղեցու, մեկ գավթի եւ այլ կառույցների ավերակներ, որոնց հարեւանությամբ կան մի քանի տասնյակ խաչքար ու տապանաքարեր, որոնց մի մասն արձանագիր են։ Պեղումներն սկսել են՝ տարածքը մաքրելով բուսականությունից։ Ընթացքում կարողացել են գտնել տարբեր խաչքարերի բեկորներ, հնարավորինս վերականգնել են միջնադարյան այդ հուշաքարերը։ Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքը (10-13-րդ դդ.) Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք է՝ Մարց-Սաղուձոր-Ձաղիձոր գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։ Վանական համալիրի կազմում, բացի երկու եկեղեցիներից, գավիթից, կան մատուռներ եւ Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը: Հյուսիսային կամ Մեծ եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է, կառուցվել է 10-րդ դարում: Համալիրի Գլխավոր եկեղեցին, ըստ դրա պատերի վրա եղած արձանագրությունների, կոչվում է Սուրբ Աստվածածին։ Հյուսիսային եկեղեցու եւ գավիթի միջեւ է։ Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ կառուցվել է Համազասպ Մամիկոնյանի թոռ եւ Սարգսի որդի Մարծպանի կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության եւ Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ։
Եկեղեցու արեւելյան մասում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցին հարուստ է քանդակներով եւ մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում: Հարավից եկեղեցուն կից է քառասյուն գմբեթավոր գավիթը, որը կառուցվել է 1259 թ.: Սուրբ Հարություն մատուռը կառուցվել է 1234 թ. Հովհաննես վարդապետի եւ նրա եղբայր Սարգսի կողմից: 1245 թ. Մարծպանի որդի Ասլանբեկ Մամիկոնյանը կառուցել է երկու մատուռ եւ վանքին նվիրել ոսկով եւ մարգարիտներով զարդարված Ավետարան: Այստեղ են նաեւ 1266 թ. Գեւորգ վարդապետի կողմից կառուցած ձիթհանի փլատակները: Ձորում պահպանվել են Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամրջի մնացորդները: Պեղումների ընթացքում գտնվել են նաեւ խաչքարեր ու տապանաքարեր, որոնց վրա եղած արձանագրությունները հուշում են նշված անձերի մասին։ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց՝ պեղումների ժամանակ գտնվել են երկաթե ապարանջան՝ 7, 5 սմ երկարությամբ, անոթի կանթ, բեկորներ, գավաթներ, սկիհներ եւ այլն։ Եկեղեցու պատերից մեկի վրա կա հետեւյալ արձանագրությունը. «ԻԹ(ՎԻՆ)։ ՌՁԴ(1235)։ ՆԱԽՏԱՒՈՐ ՀԱՒԱՏԱՒՈՐ ՄԻԱԲԱՆԵՑԱ ԵԿԵՂԵՑՈՅՍ ԵՒՄԵՔ ՍՊԱՍԱՒՈՐՔ ՍՈՐԱ ԽՈՍՏԱՑԱՔ Ի ՏԱՐՈՑՆ ԱՒՐ Ա ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱՆԻՆԻ ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ԿԱՏԱՐԻՉՔ ԳՐՈՑՍ ԱԻՐՀՆԻՆ ՅԱՅ ԵՒ ՈՐ ԽԱՓԱՆԷ ԴԱՏԻ Ի ՆՈՅՆ ՏԱԻՆԻ ԱՒՐՍ Ի ՅԱՆՈՒՆ ՄԱԼԷՔ ԱՆՊԱՏԱՐԱԳ Ե-ԶՔՍ»։
Բանախոսը վերջում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ցուցահանդեսը կազմակերպողներին եւ պատասխանեց հարցերին։ Օրինակ՝ ինչո՞ւ է վանքը կոչվում Բարձրաքաշ Սբ Գրիգոր։ Տեղեկացրեց, որ կան տարբեր կարծիքներ, որոնցից մեկը՝ Դեպի բարձր-երկինք քաշող-տանող, մյուսը՝ Վերեւից ներքեւ-քաշ… Գոհունակություն հայտնեց նաեւ պեղումների ժամանակ իրեն օգնող մասնագետներին ու բանվորական կազմին։ Տեղեկացնեմ՝ այս տարի Ա. Նալբանդյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին Լոռեբերդում։