Մաշտոցյան Մատենադարանը շարունակում է իր հիմնարար աշխատանքները հայոց ձեռագիր գանձարանը ներկայացնելու եւ հանրայնացնելու ուղղությամբ։ Դա նաեւ լավագույն միջոցն է` գիտական հիմքով պատասխանելու բոլոր այն կեղծարարություններին եւ խեղաթյուրումներին, որոնց մշտապես ենթարկվում են հայ մշակույթն ու պատմությունը։
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» նախագծի շրջանակներում անդրադառնալով վերոնշյալ խնդրին, ասաց, որ մենք՝ հայագետներս չպետք է լինենք զուտ արձագանքողի դերում, այլ, նախեւառաջ, մեր մշակույթն ու պատմությունը ինչպես հարկն է պիտի ներկայացնենք աշխարհին։ «Միայն խեղաթյուրումներին արձագանքելը բավարար չէ։ Մենք ողջ հայ մշակույթը պետք է դուրս բերենք զուտ ազգային միջավայրի շրջանակներից եւ ճանաչելի դարձնենք աշխարհին, ինչպես հարկն է արժեւորենք, որն էլ ինքնին կնպաստի կեղծարարությունների եւ խեղաթյուրումների դեմ պայքարին»,- ասաց Մատենադարանի տնօրենը։
Հայ գրավոր մշակույթի հնագույն կենտրոններից են Արցախ եւ Ուտիք նահանգները։ Շուտով անգլերեն լույս կտեսնի «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գիրքը: Այն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)` Արցախին նվիրված դրամաշնորհի շրջանակներում։ Դրամաշնորհի համար հայտարարված մրցույթի մասնակիցների առջեւ պայման է դրված եղել, որ Արցախի մշակույթը ներկայացնող գիրքը պետք է լինի ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Նպատակն է եղել ոչ թե զրոյից ինչ-որ բան ստեղծել, այլ համախմբել եղած ուժերը եւ արդեն իսկ հայերեն լույս տեսած մի քանի ուսումնասիրությունների հիման վրա ստեղծել մեկ ամբողջական գիրք` ուղղված օտար ընթերցողին։
«Սկսել ենք անգլերենից, բայց հետագայում չի բացառվում այլ լեզուներով հրատարակությունը։ Գրքի համար հիմք են դարձել երեք հեղինակների նախկին աշխատանքները, որոնք առանձին գրքերով լույս էին տեսել։ Այստեղ նյութը որոշ չափով կրճատվել է։ Պահպանելով հանդերձ գիտականությունը, մի փոքր հանրամատչելի է դարձվել, ավելացվել է գրչության կենտրոնների մանրամասն քարտեզ, մանրանկարների 6 մամուլ գունավոր պատկերներ։ Այս պահին այն տպարանում է»,- ասաց նա։ Հեղինակներն են՝ Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը եւ Վահե Թորոսյանը։
Գիրքը սկսվում է պատմական համառոտ ակնարկով։ Հետո ներկայացված են գրչության կենտրոնները հայերեն երկու ուսումնասիրությունների հիման վրա: Ամենայն մանրամասնությամբ նշված են, թե ո՞ր վանքում, ո՞ր բնակավայրում են ստեղծվել ձեռագրերը, բերված են բոլոր հիմքերը՝ վիմագիր արձանագրությունները եւ ձեռագրերի հիշատակարանները, որոնք անառարկելիորեն վկայում են, թե ձեռագիրը երբ է գրվել, գրիչն ով է, ծաղկողն ով է եւ այլն։ Երրորդ բաժինը արվեստաբանական քննություն է, որտեղ հեղինակն անդրադարձել է մանրանկարչությանը զուտ արվեստի տեսանկյունից։ Տպաքանակը 500 է։
«Եթե մեր բոլոր գիտական հաստատությունները, յուրաքանչյուրը մեկ-երկու այսպիսի աշխատանք լույս ընծայի, ապա դա պայքարի լավագույն ձեւը կլինի ընդդեմ հայ մշակույթի հանդեպ ոտնձգությունների։ Կարիք չկա Ադրբեջանում լույս տեսած ամեն մի հերյուրանքի կամ ստի պատասխանել: Որդեգրենք կառուցողական մոտեցում, այսինքն՝ ստեղծենք հիմնարար աշխատանք, որը կունենա գիտական խորություն եւ հենց դրա շնորհիվ դուրս կգա միջազգային ասպարեզ»,- մեկնաբանեց Տեր-Ղեւոնդյանը։
Մենք չենք կարող ֆիզիկապես պաշտպանել հարեւան պետության վերահսկողության տակ հայտնված հարյուրավոր պատմամշակութային արժեքներն ու սրբավայրերը: Ցավոք, այդ հարցում այսօր անզոր են նույնիսկ միջազգային կառույցները: Բայց գիտական աշխատություններն անուղղակի ձեւով իրականացնում են այդ պաշտպանությունը: Մատենադարանի տնօրենի խոսքով` եթե, օրինակ, մի եկեղեցու վրա կան հայկական արձանագրություններ եւ այլ վկայություններ, իսկ ինչ-որ մեկը պատրաստվում է դրանք վերացնել հետագայում եկեղեցին որպես «աղվանական» ներկայացնելու միտումով, իսկ այդ արձանագրությունը որեւէ տեղ հրատարակված չէ, ապա հետագայում դժվար կլինի ապացուցել կատարված հանցագործությունը։ «Այդ արձանագրությունը հրատարակելն ինքնին որոշակի պաշտպանություն է հուշարձանի համար։ Ահա, այդ աշխատանքն օգտակար կարող է լինել կեղծարարությունների դեմ պայքարում, աշխատանքներ, որ տարիներ շարունակ իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտները, Երեւանի պետական համալսարանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը եւ մի շարք այլ կառույցներ` երբեմն շատ համեստ միջոցներով»,- ասաց նա, ապա հավելեց, որ թեեւ հանցագործի ձեռքը բռնելու հնարավորություն այս պահին, ցավոք, չունենք, սակայն նվիրյալների շնորհիվ կան անհերքելի փաստեր, որոնք կարող ենք ապացուցել տարբեր պատմամշակութային կառույցների հայկականությունը։
Ի դեպ, մայիսի վերջին նախատեսվում է անցկացնել Տավուշի մարզի Խորանաշատի նշանավոր վանքի 800-ամյակին նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Մատենադարանի մասնակցությամբ։ Հիշեցնեմ, որ Խորանաշատը գտնվում է ուղղակիորեն սահմանի վրա, որտեղից երեւում են ադրբեջանական զինված ուժերի հենակետերը։ «Այսօր 800-ամյա վանքը սահմանային գոտում է, բավականին անմխիթար վիճակում։ Դեռ հարց է՝ կկարողանա՞նք անվտանգ այնտեղ որեւէ միջոցառում իրականացնել։ Սա ոչ միայն գիտական, այլեւ պետական-ազգային հարց է, թե ինչպես անել, որ այդ վանքն անվտանգ լինի այցելության, վերակառուցման աշխատանքներ կատարելու համար։ Հրաշալի բնության մեջ գտնվող գեղեցիկ պատմական վանքը միջնադարում փայլուն կրթական ու գիտական կենտրոն է եղել»,- շեշտեց «ՀՀ» օրաթերթի զրուցակիցը։ Ահա, այս կերպ են Մատենադարանում պատկերացնում հայոց պատմության եւ մշակույթի խեղաթյուրումների ու կեղծարարությունների դեմ պայքարը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ճշմարտությունը ներկայացնելու եւ հանրային լայն շերտերին ընկալելի դառնալու ճանապարհը։
Նարեկացի, Շնորհալի…
Հայ մշակույթն աշխարհին ծանոթացնելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր պատեհ առիթները։ Այդ նպատակին կարող է ծառայել այն, որ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2022-23 թթ. հիշարժան տարեթվերի հոբելյանական ցանկում ընդգրկվել է Ներսես Շնորհալու կամ Ներսես Դ Կլայեցի կաթողիկոսի մահվան 850-րդ տարելիցը։
Հատկապես վերջին տասնամյակում Մատենադարանը շատ ակտիվ դեր է խաղացել միջնադարի մեր մեծագույն հեղինակի՝ Գրիգոր Նարեկացու հետ կապված բոլոր նախաձեռնություններում։ Մինչ համավարակը 5 տարի շարունակ անցկացվել են Նարեկացիական ընթերցումներ, որոնք նախատեսում են ապագայում վերականգնել։ Դեռեւս 2015-ին Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել էր Տիեզերական վարդապետ, ինչը բացառիկ երեւույթ էր. 2000 տարվա ընթացքում ընդամենը 36 անձ է արժանացել նման պատվի։ Ի դեպ, փետրվարի 27-ը կաթոլիկ եկեղեցու օրացույցի մեջ նշվում է որպես Գրիգոր Նարեկացու օր։ Մատենադարանի տնօրենի խոսքով` այս ամենը հուշում է, որ այսօր մենք հրաշալի հնարավորություն ունենք մյուս մեծերին, այս պարագայում՝ Ներսես Շնորհալուն նույնպես բարձրացնելու Նարեկացու ճանաչելիության մակարդակին։ Այստեղ նա տեսնում է երկու փուլով իրականացվող կամ երկաստիճան աշխատանք. առաջինը՝ գիտական հանրությանը ամբողջությամբ ճանաչելի դարձնել Շնորհալու կյանքը, գործունեությունն ու թողած ժառանգությունը, որը ենթադրում է տարբեր հրատարակություններ, գիտաժողովներ եւ այլն։ Ապա նաեւ դուրս գալ զուտ գիտական շրջանակներից եւ միջազգային հանրությանը ծանոթացնել 12-րդ դարի բանաստեղծի, աստվածաբանի եւ շարականագրի բազմաժանր ստեղծագործությանը։ «Նարեկացին այս երկու փուլն էլ անցել է։ Եթե նա ընդգրկված է աշխարհում ավելի քան մեկ միլիարդ հետեւորդ ունեցող կաթոլիկական եկեղեցու օրացույցում, սա արդեն ցուցիչ է, որ Նարեկացին դուրս է եկել զուտ գիտական շրջանակներից։ Հիմա նույնը կարելի է փորձել Ներսես Շնորհալու պարագայում, իսկ հետագայում նաեւ մեր մյուս մեծերի համար»,- մանրամասնեց նա։
Հայաստանում այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է ողջ 2023-ի ընթացքում` ընդգրկելով Եվրոպան եւ աշխարհի տարբեր երկրներ։ Աշնանը Մատենադարանում նախատեսված է գիտաժողով, որին փորձելու են միջազգային լայն մասնակցություն ապահովել։ 2023 թ. համար միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Մատենադարանի, գիտությունների ակադեմիայի, այլեւ Մայր Աթոռի, տարբեր եկեղեցիների, ինչպես նաեւ գիտական, հոգեւոր-կրոնական այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հրատարակվելու է Ներսես Շնորհալու արձակ գործերն ամփոփող հատորը, որը կազմելու է «Մատենագիրք հայոց» մատենաշարի հերթական՝ 22-րդ հատորը։ Նախորդը՝ 21-րդը, նույնպես վերաբերում էր Շնորհալուն, այդտեղ ամփոփված են նրա բոլոր չափածո գործերը։ Երկու հատորով ամբողջանալու է բանաստեղծ կաթողիկոսի հսկայական ժառանգությունը քննական բնագրերով։ «Սրանով շատ կարեւոր հիմք է դրվում, որից հետո կարող են լինել թարգմանություններ տարբեր լեզուներով»,- ընդգծեց Տեր-Ղեւոնդյանը։
Մատենադարանի օտարերկրյա ընթերցողները
Մատենադարանն իր բացառիկ ձեռագրերով հետաքրքրում է տարբեր ուղղությունների մասնագետներին նաեւ արտերկրից։ Հարյուրավոր ընթերցողներ են գալիս, որոնք երբեմն ամիսներ շարունակ այստեղ աշխատում են եւ շատ հաճախ իրենց պարտքն են համարում հրատարակած գրքերը նվիրելու Մատենադարանին։
Օտարերկրյա ուսումնասիրողներին հետաքրքրող հիմնական ուղղություններն են, բացի զուտ հայագիտականից, նաեւ համաքրիստոնեական թեմաները, հայ-իրանական, հայ-բյուզանդական կապերը, օսմանագիտությունը եւ այլն։ Մատենադարանի տնօրենը նկատեց, որ «մաքուր» հայագետներ օտարերկրացիների շրջանում քիչ են, նրանք հիմնականում այն մասնագետներն են, որոնք հետաքրքրվելով որեւէ ուղղությամբ, բյուզանդագիտության, արեւելագիտության կամ սուրբգրային հետազոտությունների ճանապարհով սկսում են զբաղվել նաեւ հայագիտությամբ, քանի որ շատ ու շատ ուղղություններ հնարավոր չէ ուսումնասիրել առանց հայ մատենագրության, գրաբարի իմացության։ Ոմանք հայագետ-վրացագետ են, ուրիշները մասնագիտանում են քրիստոնյա Արեւելքի գծով։
«Մենք փորձում ենք բոլոր ուղղություններով ունենալ մեր մասնագետները, բայց դա հարյուր տոկոսով հնարավոր չէ ապահովել։ Ունենք 60-ից ավելի եթովպական ձեռագրեր, բայց եթովպագետ չունենք։ Այս մասով համագործակցում ենք եվրոպացի մասնագետների հետ, որպեսզի պատրաստվի համապատասխան ցուցակ։ Մատենադարանը հայերեն ձեռագրերի մայր ցուցակի մեկ տասնյակ հատորների կողքին հրատարակել է նաեւ պարսկերեն, եբրայերեն, քրիստոնյա արաբական ձեռագրերի ցուցակները։ Ընթացքի մեջ է ասորական ձեռագրերի ցուցակի կազմումը, որի վրա աշխատում են երկու եվրոպացի մասնագետներ, նույնը վերաբերում է վրացական ձեռագրերին։ Սրանք աշխատություններ են, որոնք առաջիկայում իջնելու են տպարան»,- ասաց նա՝ հավելելով, որ շուտով հրատարակվելու է նաեւ եկեղեցասլավոնական ձեռագրացուցակը։ Մի կողմից, ամեն ինչ արվում է մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու համար, մյուս կողմից՝ պետք է աշխատանք տարվի օտարազգի մասնագետներին նույնպես այդ գործընթացի մասը դարձնելու համար։
Հայերիս՝ գրքի հանդեպ յուրահատուկ հարգանքը փաստող բազմաթիվ վկայություններ կան։ Տեր-Ղեւոնդյանը հիշատակեց դրանցից ընդամենը մեկը. 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Փրկված ձեռագրեր» խորագրով ցուցադրության ժամանակ հարյուրավոր հայերեն ձեռագրերի կողքին ներկայացված են եղել նաեւ արաբերեն, պարսկերեն եւ օսմաներեն լեզուներով ձեռագրեր, որոնք հայ հոգեւորականներն ու մտավորականները դժոխային պայմաններում փրկել են ոչնչացումից 1915-1916 թթ.։ Փրկված ձեռագրերի մեջ է եղել տասը Ղուրան։ «Մենք մեր օտար այցելուներին ցույց էինք տալիս, որ հայ մարդը հազիվ մազապուրծ լինելով սպանդից` փրկում է անգամ ջարդարարի սուրբ գրքերը, երբ կարող էր դրա փոխարեն մեկ կիլոգրամ ալյուր վերցնել»,- նշեց տնօրենը։
«Պետք է բավական ակտիվ լինենք միաժամանակ թե՛ խոր գիտական, թե՛ հանրամատչելի գրականության ստեղծման հարցում»
-Պարո՛ն Տեր-Ղեւոնդյան, վերադառնալով Արցախի տարածքում հայկական մշակութապահպանման խնդրին, Ադրբեջանը շարունակում է կեղծել, խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունները: Ըստ Ձեզ` դա որքանո՞վ է կապված աշխարհում հասարակությունների նյութական մշակույթի եւ, առհասարակ, կրավոր մշակույթի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի հետ: Արդյոք այդ վերաբերմունքը չէ՞, որ որոշ պետությունների հնարավորություն է տալիս իրականացնելու պատմական ճշմարտությունները կեղծելու քաղաքականություն հանուն սեփական շահերի:
-Խնդրին ավելի լայն տեսանկյունից մոտենալով` կասեի, որ ընդհանրապես հասարակական գիտությունները, մանավանդ պատմագիտությունը, պատանդ են դարձել քաղաքականության ձեռքում, հատկապես մեր տարածաշրջանում: Չեմ բացառում, որ Ադրբեջանում կամ Թուրքիայում կարող են գտնվել անաչառ գիտնականներ, բայց նրանց թիվը, ըստ երեւույթին, շատ քիչ է: Ուստի նրանց ձայնը լսելի չէ հանրությանը: Պատանդ է դարձել հատկապես պատմագիտությունը, քանի որ հետազոտողը որեւէ աշխատություն գրելիս ակամայից մտածում է` իսկ գուցե սա հարեւան երկրում օգտագործեն իմ հայրենիքի դե՞մ: Երկվության այդ խնդիրը մեզ մոտ էլ կա, բայց հարեւան երկրում հարյուրապատիկ ավելի է: Հումանիտար ոլորտի գիտնականների համար աշխատելու կատարյալ պայմաններ կստեղծվեն միայն այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանում հակամարտություններն ավարտվեն, իրապես կայուն խաղաղություն հաստատվի: Դրա համար բավական երկար ժամանակ է պահանջվում, եւ այդքան սպասել չենք կարող: Քիչ առաջ պատմեցի նոր գրքի մասին, սակայն, դա կաթիլ է ծովի մեջ: Ցավով պետք է նշեմ, որ աշխարհը վերջին շրջանում դարձել է առավել նյութապաշտ: Սրանից 150 տարի առաջ անհնար բան էր պատկերացնել, որ ինչ-որ մեկը փորձեր կաշառել Սորբոնի կամ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորին` նրան դրդելով այս կամ այն գաղափարը ներմուծել իր գրքի մեջ։ Նրան առնվազն կձերբակալեին: Իսկ այսօր բազմիցս ականատես ենք լինում դրամի ուժով պատվիրված, միակողմանի, աչառու, երբեմն էլ ամբողջովին կեղծ տեսությունների առաջմղմանը, այդ թվում եւ գիտական ճանաչված կենտրոններում։ Ընդ որում, դա շատ հաճախ իրականացվում է քողարկված կերպով: Գուցե ավելորդ է լավատեսությունս հիմա, սակայն մտածում եմ, որ եթե անգամ կա մի մարդ, օրինակ` գրող Աքրամ Այլիսլին (մերժված Ադրբեջանի կողմից), որը բավական օբյեկտիվ է գրում, կարելի է նրա հետ մտնել երկխոսության մեջ: Հույս ունեմ, որ կգա մի պահ, որ նրա պես հարյուրները կլինեն: «ՀՀ»-ն անդրադարձել էր Ջուղայի խաչքարերի ոչնչացման խնդրին, եւ դա ցույց տվեց` որքան թույլ է միջազգային վերահսկողությունը մշակութային եւ պատմական հուշարձանների պահպանության առումով: Ցավոք, երբեմն նավթն է… գրում պատմություն: Պետք է բավական ակտիվ լինենք միաժամանակ թե՛ խոր գիտական, թե՛ հանրամատչելի գրականության ստեղծման հարցում: Սակայն դրանով չպետք է սահմանափակվենք: Երբ հրատարակենք Արցախ-Ուտիքին նվիրված գիրքը, այն պետք է բաժանենք բոլոր դեսպանատներին, որոշակի խմբաքանակ պետք է հատկացնենք արտաքին գործերի նախարարությանը: Դիվանագետը, բանակցողը, քաղաքական գործիչը ձեռքի տակ պետք է նման գրքեր ունենան: Ինքս նախկին դիվանագետ եմ եւ շատ եմ նկատել մեր խեղճությունն այդ առումով: Հիշում եմ` համաժողովներից մեկի ժամանակ տարբեր երկրներ իրենց հրատարակություններն էին ներկայացնում. մենք մեր տաղավարում մի քանի գիրք էինք դրել, որոնք րոպեների ընթացքում սպառվեցին: Իսկ Թուրքիայի տաղավարը լեփ-լեցուն էր գրքերով, արկղերով գրքերը հեղեղի պես լցնում էին սեղանին: Այս ոլորտում ոչինչ խնայել պետք չէ: Ցավով պետք է արձանագրենք նաեւ, որ խիստ պակաս ունենք այնպիսի մասնագետների, ովքեր պարզ ու հանրամատչելի կներկայացնեն մեր պատմությունը կամ դրա որեւէ դրվագ: Մեզ մոտ բազմաթիվ գիտական աշխատություններ են տպվում, որոնք հանրամատչելի չեն: Հանրամատչելի աշխատանք ստեղծելը մի առանձին մասնագիտություն է։ Գուցե ավելի ճիշտ է, որ նման աշխատանքները լինեն խմբային, այսինքն հետազոտող գիտնականի հետ աշխատեն հրապարակախոսն ու գրողը: Եվ եթե մի թեմայի վերաբերյալ չկա հանրամատչելի նյութ, բայց պահանջարկը մեծ է, այն լրացնում են դիլետանտները։ Շատերն իրենց իրավունք են վերապահում գրել աշխատություններ, որոնք հանրամատչելի են, սակայն հավաստի չեն: Դա անթույլատրելի է:
Ամփոփելով խոսքս` կցանկանամ ասել, որ, հավանաբար, պետք է ստեղծել մի կենտրոն, կառույց, որը կզբաղվի բացառապես նման խնդիրներով: Արդյունավետ կլինի, որ կենտրոնում աշխատանք ծավալեն թե գիտնականները, թե հմուտ գրող-լրագրողներն ու ստեղծագործական մի փոքր խումբ: Առանձնահատուկ նշեմ, որ մասնագիտացված թարգմանիչների կարիք կա, որոնք կտիրապետեն նաեւ գիտական եզրույթներին: Ինքս կողմնակից եմ բազմալեզու գործունեությանը, եւ Մատենադարանում էլ փորձում ենք այդ սկզբունքով աշխատել: Լեզուների աշխարհում այսօր մենատիրությունը խորհրդային շրջանի ռուսերենից անցել է անգլերենին: Այս երեւույթը, այսինքն լեզվական մենատիրությունը, անկեղծ ասած, չեմ հասկանում, անգլերենի մեծ տարածվածությունն ընդունելով հանդերձ` դա չի խանգարում մասնագիտանալ նաեւ ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, չինարեն կամ այլ լեզուներով մասնագիտացված թարգմանության ոլորտում: Մեր զբոսավարները 8 լեզվով են աշխատում (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն եւ պարսկերեն), ցուցանմուշների պիտակները 4 լեզուներով են (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն), իսկ կայքը առայժմ եռալեզու է: Մշակույթն աշխարհին հնարավորինս ընկալելի դարձնելու համար պետք է աշխատել որքան հնարավոր է շատ լեզուներով:
Սովորաբար պաշտոնական պատվիրակությունների պարտադիր այցելությունների շարքում առաջնային տեղ է գրավում Մատենադարանը: Ենթադրենք` Ավստրիայից հյուրընկալել ենք պատվիրակություն, եւ պարզ է, որ նրանք կհասկանան անգլերեն, բայց շատ ավելի լավ կըմբռնեն ու կտպավորվեն, եթե բացատրությունները լինեն գերմաներենով:
Մինչեւ չարաբաստիկ համավարակը որոշել էինք բացատրության ութ լեզուներին ավելացնել եւս երկուսը` չինարեն, արաբերեն: Մշտական գործող լեզուների մեջ է պարսկերենը: Ի դեպ, Իրանի հետ շատ լուրջ աշխատանքներ կատարեցինք վերջերս։ Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ Մատենադարանում կազմակերպեցինք Իրանի մշակույթի օրեր: Նախաձեռնության շրջանակներում հրատարակեցինք մեր հավաքածուի պարսկերեն վավերագրերի մատենաշարի հերթական հատորը, իրանական մանրանկարչության ուսումնասիրություն-պատկերագիրքը, բացվեց Իրանի Ղաջարական դարաշրջանի արվեստին նվիրված ցուցադրություն, այլալեզու ձեռագրերին նվիրված ցուցադրություն:
-Ձեռագրերի համալրման, վերծանման, վերականգնման գործընթացն այսօր շարունակվո՞ւմ է:
-Այս առումով 2021 թվականը կարելի է շատ բարեբեր տարի համարել, որովհետեւ ձեռագրերի մեր հավաքածուն ուղիղ 30 միավորով համալրվեց: Առյուծի բաժինն Իրաքից ստացած ձեռագրերն են, ինչի համար հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Իրաքի Հայոց առաջնորդարանին եւ Իրաքում Հայաստանի դեսպանությանը: Նրանք շատ հայրենանվեր աշխատանք կատարեցին: Ձեռագրերի մեջ կան բավական հին եւ արժեքավոր նմուշներ: Այսպիսով` ձեռագրերի համալրումը 1959 թվականից ի վեր մշտական բնույթ է կրում:
Մատենադարանը, իհարկե, հայկական ձեռագրերի աշխարհում ամենամեծ պահոցն է, բայց մենք ունենք նաեւ շատ արժեքավոր հավաքածուներ Երուսաղեմում, Վենետիկում, Վիեննայում, Զմմառում (Լիբանան), Նոր Ջուղայում (Իրան) եւ այլ վայրերում: Այս բոլոր ձեռագրային պահոցների մեջ մենք փորձում ենք ստեղծել միասնական դաշտ: Դա ուսումնասիրողների համար մեծ հնարավորություններ է ստեղծում: Այդ նկատառումներից ելնելով` նախաձեռնել ենք համաձայնագրեր ստորագրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ, հույս ունենք նման համաձայնությունների հասնել նաեւ Մխիթարյան միաբանության հետ: Խոսքը թվային տարբերակների ազատ փոխանակման մասին է։ Եթե ի զորու լինենք այս գործը ամբողջացնել՝ հետազոտողի համար մեծ դաշտ կբացվի:
-Պարո՛ն Տեր-Ղեւոնդյան, նոր սերունդը մասնագիտական առումով պետք է փոխարինի Մատենադարանի վաստակաշատ հետազոտողների սերնդին: Ինչպիսի՞ն է սերնդափոխությունը եւ Մատենադարանի ապագան:
-Բարեբախտաբար, արդեն մեկ տասնամյակ է, որ հնարավորություն ունենք ասպիրանտական կադրեր պատրաստելու: Տարեկան կարող են լինել 2 կամ 3 ասպիրանտ եւ բավական մեծ թվով հայցորդներ: Գուցե նրանցից ոչ բոլորը, սակայն զգալի մասը դառնում է մեր գիտական անձնակազմի անդամ: Շատ սերտ համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի, Մայր Աթոռի եւ տարբեր համալսարանների հետ: Կազմակերպում ենք տարատեսակ գիտաժողովներ, որոնց մեծ թվով հետազոտողներ են մասնակցում ամենատարբեր հաստատություններից:
Որպես նորություն առանձնահատուկ կերպով ցանկանում եմ նշել, որ վերջերս մեր աշխատակից Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ եւ Մայր Աթոռի հովանավորությամբ լույս տեսավ «Պողոս առաքյալի թղթերը» գիրքը: Սա քննական բնագիր է, որը Նոր կտակարանի կարեւոր մասն է կազմում։ Այն դեռ 1980-ական թվականներից սկիզբ առած մատենաշարի 8-րդ հատորն է։ Նպատակը Աստվածաշնչի հայերեն թարգմանության ամենահին տարբերակը վերականգնելն է, որը ստեղծվեց Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի օրոք 430-ական թվականներին: Այս աշխատանքն ինքնին շատ կարեւոր է, քանի որ ունի թե գիտական եւ թե հոգեւոր նշանակություն։ Ավելին, այն կարեւոր է ոչ միայն հայերիս համար, այլեւ ունի համաքրիստոնեական նշանակություն: Այժմ Մայր Աթոռի հետ փորձում ենք ստեղծել մեկ ընդհանուր խմբագրակազմ՝ աշխատանքներն առավել կազմակերպված հիմքերի վրա դնելու նպատակով:
Մեր ցուցասրահներում ունենք մի դահլիճ, որտեղ ավանդաբար ներկայացնում ենք հայոց ձեռագրարվեստի եւ մանրանկարչության որեւէ առանձին դպրոց։ Այդպես ունեցել ենք ցուցադրություններ` նվիրված Նոր Ջուղային, Վասպուրականին, լեհահայ գրչությանը, Ղրիմի հայկական մանրանկարչությանը եւ այլն: Հիմա այդտեղ ցուցադրում ենք Արցախի ձեռագրերը։ Երբ Արցախում ցուցադրում էինք այդ ձեռագրերը, մի լրագրող հարցրեց` «Չեք ուզո՞ւմ զարգացնել արցախագիտությունը»: Նշեմ, որ նման գիտություն գոյություն չունի. գոյություն ունի հայագիտություն, որի մասն է Արցախը: Ցանկացած տարածք, այդ թվում նաեւ Արցախը, ունի իր առանձնահատկությունները, ավանդույթները. դա լիովին այլ խնդիր է: Միջազգային ասպարեզում եւ, առհասարակ, ամեն տեղ օգտագործելով արցախագիտություն եզրույթը` մենք ի վնաս մեզ ենք գործում. դա մեծ վտանգ կարող է ներկայացնել, քանի որ ուղղակի կերպով սնում է թշնամու անհեթեթ տեսությունները, թե Արցախում մի ուրիշ ազգ է ապրում, որը կապ չունի հայերի ու Հայաստանի հետ: Զուտ բանահյուսության տեսանկյունից կարող ենք նշել Արցախի բարբառը, խոսք ու զրույցը, հեքիաթները, երգն ու պարը եւ այլն: Բայց հատկապես հին եւ միջին դարերի մասին խոսելիս անառարկելի է, որ Արցախում ստեղծված արվեստն ու գրականությունը հայկական մշակույթի անբաժանելի մասն են եւ հազարումի թելերով կապված են հայկական մյուս նահանգների ու գավառների հետ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ