2022 թ. հնարավորություն ունեցա 2 անգամ այցելել Ջավախք եւ տեսնել Թմկա բերդն ու Փարվանա լիճը, այցելել Տերյանի տուն-թանգարան։ Ջավախք աշխարհի գեղատեսիլ բնությունը շատ գերեց ինձ հատկապես գարնանը՝ մայիսին։
Հոկտեմբերի վերջին մի քանի օրով Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում էի. տեղի ունեցավ հայկական այս պատմական գյուղի Սուրբ Ստեփանոս վերակառուցված սրբատան բացումն ու օծումը։ Եվ այդ օրերին ունեցա ժամանակ ու հնարավորություն շրջել Ջավախքի՝ Փարվանա (Թափարվան) գետի ավազանի հնավայրերում, որոնք առանձնակի հմայք են տալիս գեղատեսիլ այս տարածքին։ Փարվանան Վրաստանի Ջավախքի բարձրավանդակի հյուսիսային հատվածում է՝ սկիզբ է առնում Փարվանա լճից՝ ծովի մակարդակից 2073 մ բարձրությունից եւ աջ կողմից թափվում Կուր գետը։ Մոտ 75 կմ երկարությամբ այս գետը, դուրս գալով մայր լճից, սկզբնապես հոսում է դեպի հարավ, ապա թեքվում հյուսիս եւ 2 մասի բաժանում Ախալքալաք քաղաքը։ Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Կուրին։ Փարվանան վարարում է գարնանը՝ հիմնականում ձնհալից եւ անձրեւաջրերից։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Գետի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան։ Մինչ Կուրին միանալը Փարվանայի աջ կողմից նրան է միանում Արագվի գետը։ Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղի բնակիչներ Գեւորգ Բասենցյանի (այժմ բնակվում է Երեւանում), Յուրի Խորշիկյանի (ժամանակավոր բնակվում է Մոսկվայում) հետ նրանց համագյուղացի Խաչատուր Թարզյանի ավտոմեքենայով եղանք Կուր գետի եւ նրա Փարվանա-Թափարվան վտակի հովիտ-կիրճերում, Ախալքալաքում, Խերթվիս գյուղում, որտեղ է համանուն միջնադարյան բերդը, անցանք Թմկաբերդի մոտով եւ հասանք Վարձիա-Վարձունիք քարանձավային վանական համալիր:
Վարձիա, Վարձունիք քարանձավային վանական համալիրը դեռեւս հեռվից հմայում է ցանկացած մարդու՝ իր առեղծվածային դիրքով ու կառույցներով։ Բազմաթիվ քարայրներ գրեթե ուղղաձիգ ժայռի մեջ են, որոնք միմյանց միանում են հնադարում ու ներկա ժամանակներում բացված ուղիներով, աստիճաններով։ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում է, Ասպինձայի շրջանում, Կուր գետի ձախափնյա Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով՝ մինչեւ 900 մետր։ Ժամանակին այստեղ փորվել են մոտ 600 այրեր, որոնք գործել են որպես եկեղեցիներ, ժամատներ, զորանոցներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ եւ այլն։ Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մոտ 50 մ եւ բարձրանում վերեւ՝ մինչեւ ութ հարկ։ Պահպանվել են գաղտնուղիներ, որոնք քարայր-տաղավարները կապում են միմյանց, ինչպես նաեւ պահպանվել են ջրագծի մնացորդներ։ Վանական համալիրի կենտրոնական մասում է քրիստոնեական գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը։ Այս տաճարը նույնպես ժայռի մեջ է փորված։ 1553 թ. կողոպտվել է պարսից Թահմազ շահի կողմից։ Երվանդ Լալայանի տեղեկացմամբ՝ համալիրում մի փոքր մատուռի մեջ թաղված է վրաց Կոստանդին Ա թագավորը (1407-1414)։ Կա կարծիք, որ այդ տապանը Թամար թագուհունն է, սակայն, գիտենք Թամարը թաղված է Գելադի վանքում։ Լալայանը բավական ընդարձակ ներկայացնում է նաեւ վանական այս սրբատան ճարտարապետությունը։ Պատերին կան վրաց Գեորգի 3-րդ թագավորի (1156-1184 թթ.) եւ Թամար թագուհու (1184-1212 թթ.) դիմանկարները, այլ նկարներ, որոնք արվել են 1180-ական թթ.։ Եկեղեցուց քիչ ներքեւ կառուցված է զանգակատունը։ Աշխարհիկ շինություններից նկարագրում է թագուհու բնակարանը, խորհրդարանը կամ դատարանը։ Ըստ նրա՝ 19-րդ դարում այս եկեղեցի հիմնականում այցելել են կանայք՝ աղոթելու հատկապես ծննդաբերության, հիվանդության, վշտի ժամանակ եւ մատաղ են խոստացել։
Նույն եկեղեցու մասին ներկայացվում է մի ավանդույթ՝ «Վարզիու շինվիլը» վերնագրով, որը Ե. Լալայանին պատմել է գյումրեցի գյուղացի, որը նրան առաջնորդել է Վարձիա։ Ըստ այդ ավանդույթի՝ Վանսգոմի վանքում (Կարսի տարածք) մի ճգնավոր է եղել։ Այդ ժամանակ շահի աղջիկը հիվանդացել է, եւ ոչ մի բժիշկ չի կարողացել բուժել նրան։ Շահի խորհրդական-գուշակները հուշում են, որ միայն նշված ճգնավորը կբուժի աղջկան։ Սակայն մահմեդական շահը դեմ էր, որ իր աղջկան քրիստոնյա ճգնավորը բուժեր։ Բայց գնալով աղջկա վիճակը ծանրանում է, եւ նա իր չարվատարին (ծառա-նաժիշտ) հրամայում է իրեն տանել Վանսգոմ։ Շահից գաղտնի չարվատարն աղջկան բերում է Վանսգոմ, որտեղ ճգնավորի պահանջով մկրտվում է քրիստոնյա, բուժվում եւ մնում է Թմկաբերդում։ Այնուհետեւ, մի օր այս աղջիկը վիրավոր արագիլ-լագլակ է գտնում եւ բուժում նրան։ Արագիլը երախտապարտ է լինում՝ աղջկան ոսկի, արծաթ ու երկաթ է բերում։ Աղջիկն սկզբում ոչխար է գնում, կամաց-կամաց հարստանում եւ շինել է տալիս Վարձիայի վանքը։
Ըստ վրացական պատմագրության՝ վանքային համալիրը կառուցվել է 1156-1205 թթ., Գեորգի 3-րդ թագավորի ու նրա դստեր` Թամար թագուհու օրոք, եւ որպես ամրոց-բնակավայր՝ Կուր գետի հովիտը հարավարեւմտյան կողմից փակել է պարսիկների ու թուրքերի ներխուժումից։ Այն ժամանակներում համալիրի տաղավարները թաքցված էին ժայռով, եւ միայն վերնամասից միմյանց հետ կապված էին երեք ստորգետնյա անցումներով, որոնց միջով մարտական ջոկատները հանկարծակի հայտնվելով՝ խուճապի էին մատնում թշնամուն։ 1193-1195 թթ. թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։ Տարածքի բնակչության մեջ պահպանվել է մի ավանդույթ, որ ամրոց-բնակավայր-վանական համալիրը վրաց լեզվով Վարզիա է կոչվում։ Թուրքերի կամ պարսիկների դեմ վրաց-հայկական բանակը հաղթանակ է տանում։ Զորահրամանատարի քրոջ որդին էլ է մասնակցել մարտին եւ ավարտից հետո չի երեւացել։ Հրամանատարը կանչել է նրան։ Երիտասարդը ներքեւից ձայնել է վրացերեն. «Վար Զիա-Ներքեւում եմ, քեռի»։ Ինձ ուղեկցող Յուրան պատմեց այս ավանդույթը։ Վարձիայն, սակայն, հայկական աղբյուրներում հիշատակվել է դեռեւս 5-րդ դարում՝ Վարձիա, Վարձունիք անունով։ Դեռեւս 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում, այնուհետեւ Վրաստանում պետականորեն ընդունում են քրիստոնեությունը, Գուգարաց աշխարհը, որի կազմում էր Ջավախքը, հայկական թագավորության սահմանակալ ուժեղ վարչամիավորներից` բդեշխություններից էր, որի տիրակալը կոչվել է «Մյուս բդեշխ»։ Նա այն 16 մեծամեծների թվում էր, որոնք Տրդատ 3-րդ Մեծի հրամանով Գրիգորին` հայոց ապագա առաջին կաթողիկոսին ուղեկցել են Կեսարիա` այնտեղ վերջինիս ձեռնադրության նպատակով։ Իր հերթին՝ բդեշխն ուներ ենթակա վասալներ, որոնց մեջ առանձնանում էին Ջավախքի Վարձավունի նախարարները, ովքեր 3-րդ, 4-րդ դդ. պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը եւ հայտնի «Գահնամակում» 70 նախարարների մեջ եղել են 23-րդը։
Ըստ Ղեւոնդ Ալիշանի` Ջավախքի մեջ մտնող այս երկրամասը հայտնի է եղել նաեւ Վարձունիք եւ Վերձառունիք անուններով։ Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչը։ Այդ մասին հիշատակված է Վարդան Բարձրբերդցի պատմիչի գրի առած մի ավանդապատումում, որի համաձայն՝ «Ի Դպրավանից տարան զխաչն, որ յանուն Սուրբ Աստուածածին, որ արդ Վարձիոյ կոչի` յայնժամ Ճոնեացն կոչիւր։ Եւ տարաւ զնա Սարգիս Ճոնեացն ի գաղութ յերեսաց այլազգեաց, ուր արար սքանչելիս ձեռօք Տիմոթ վարդապետին-զկին Դեմետրեայ արքային վրաց յուրկութենէ առողջ արարեալ ամենեւին, վասն որոյ եւ առին ի Հայոց եւ է սրբոյն Մեսրովբայ աւրհնեալ եւ կամ Բարսղի սրբոյ Ճոնին եւ ունի գիր հայերէն յաջ թեւն»։ Երվանդ Լալայանն իր «Ջավախք» աշխատությունում մի քանի անգամ է անդրադարձել այս հնավայրին՝ մեջ բերելով նաեւ ժողովրդական ավանդույթներ։ Ելնելով Վարդան Բարձրբերդցի պատմիչի հիշատակությունից՝ գրել է, որ Սուրբ Աստվածածնի տված դրախտի ծառի ճյուղից շինված Ճոնեաց Սուրբ խաչն ապահովության համար է 7-րդ դարում Վարձիա տեղափոխվել։ Հետեւաբար, այս հնավայրն ավելի հին պատմություն ունի, կառուցվել է 7-րդ դարից առաջ, հավանաբար, հայ իշխանի կողմից։ Այս հնավայրի մասին գրել է նաեւ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
Նորավանքի կառուցման ժամանակ, ինչպես գրում է պատմիչը. «Նաեւ կռիվ է բարձրանում Սուրբ Խաչի համար: Եվ երկու եպիսկոպոսներն էլ Լիպարիտի ու իր Ելիկում որդու հետ գնում են Դվին, Իվանե աթաբեկի մոտ դատաստանի։ Իվանեն էլ նստեցնելով իր մեծամեծներին՝ Բուպաքին ու գավառապետին, Իվան դպելին, Մեմնա Ջաղելիին, մեծ նախարարապետին, որ եկել էր Վրաստանի թագավորությունից, Վարձեի վանահորը…» («Սյունիքի պատմություն», 1986 թ., երեւան, էջ՝ 292-293)։ Սա խոսում է այն մասին, որ Վարձիան-Վարձեն 13-րդ դարում ունեցել է կարեւոր դիրք հայ-վրացական հարաբերություններում, եւ տեղի վանահայրը նույնպես հրավիրվել է այս դատաստանին։ Այս հնավայրին իր «Ջավախք» գրքում առավել հանգամանալից է անդրադարձել երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ 12-13-րդ դարերում, երբ հայ-վրացական միացյալ զորքերը Զաքարյան իշխանների հրամանատարությամբ մարտի էին գնում, Աստծո օրհնությունն էին ստանում Վարձիայի վանքում։ «Աղոթելով Վարձիի Աստվածածնի առաջ (թագավորն) օրհնեց արշավանքը եւ ուղարկեց Պարսկաստան։ Տվեց դրոշակը Զաքարիա ամիրասպասալարին, եւ նրանք (զորքերը) գնացին Պարսկաստան…»: Սա մեջ բերվել է Մելիքսեթ-Բեկի «Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին» գրքից (հ. Բ, էջ 23)։ Ս. Կարապետյանի հիշատակած արձանագրություններից մեկը, որ վրաց մեսրոպատառ է, գտնվում է Վարձունյաց վանական համալիրի գլխավոր տաճարին կից գավթի դռան վերեւը եւ ունի հետեւյալ գրությունը. «Ով ամենասուրբ Վարձունքի Աստվածածին, փառավորիր երկու տերություններում այս մեծ խանի շինող տեր Իվանեին, արժանանա արքայությանը, եւ նրա մեղքերն Աստված թողնի, Ամեն»։
1283 թ. երկրաշարժի ժամանակ 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել եւ գլորվել է Կուր գետը։ Համալիրի մեծ մասը ավերվել եւ մեծ վնասներ է կրել, տաղավարների մեծամասնությունը բացվել է եւ դարձել տեսանելի։ Դրանից հետո Վարձիան կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։ 16-րդ դարի վերջերին Վարձիան գրավել են թուրքերը, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել վանականների հետ եւ նրանց կենդանի այրել գլխավոր տաճարում։ Ե. Լալայանը նշում է՝ մինչեւ 19-րդ դարակեսը Վարձիան եղել է անխնամ, որտեղ ոչխար են պահել։ Սակայն մի հույն սարկավագ եւ վրացի վարդապետ մաքրել են տարածքը եւ դարձրել ուխտատեղի, որը ծառայել է հայ, վրաց եւ հույն ուխտավորներին։ Իսկ Ախալքալաք քաղաքը հոգացել է սրբավայրի պահպանության համար գումարը։ 1938 թ. Վարձիան հայտարարվել էր որպես թանգարան-արգելոց։ Այժմ փորձեր են արվում Վարձիայում վերականգնել վանականությունը, եւ այն համարվում է Վրաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է։
Վերադարձանք առեղծվածային ու պատմական այս վայրից, որն իր մեջ բազում լեգենդ ու գաղտնիք է թաքցրել։ Կանգ առանք նաեւ Թմկաբերդի տակ՝ Կուրի ափին եւ մտովի տեղափոխվեցինք միջնադար, երբ այս սարերի վրա հայոց իշխանը կռիվ էր տալիս ասպատակողների դեմ ու հաղթում…