Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը եւ հատկապես ողբերգական ավարտը բոլորս հիշում ենք: Ամուսնուն սիրող եւ նվիրված կինը (առերեւույթ, առաջին ընկալմամբ, քանզի իրոք սիրող եւ նվիրված կինը երբեք նման քայլի չէր գնա) փառասիրությունից գայթակղված, քաղցրախոս աշուղի սին խոստումներից խաբված՝ վերածվում է ստոր դավաճանի, կատարում երիցս դատապարտելի արարք (հանձնում բերդը թշնամուն, մահվան բերանը տալիս բոլոր պահապաններին, ներառյալ սեփական ամուսինը), ուստի եւ նրա պատիժն անխուսափելի է, չկա ոչ մի արդարացում:
Բայց, միեւնույն ժամանակ, Թմկա տիրուհու «վերջին խոսքով» եւ դրան հետեւած ահասարսուռ մահապատժի նկարագրությամբ Հովհաննես Թումանյանը չի՞ հուշում արդյոք մեզ նրա ուշացած զղջման, այրող ամոթի, ուստի եւ անհապաղ ինքնադատաստանի ցանկության հանգամանքը:
Իրոք, առաջին հայացքից այն տպավորությունն է, թե շահի ուղարկած աշուղի, այդ «թովիչ երգչի» շողոմ խոստումներին խաբված Թմկա տիրուհին, ուշացումով գիտակցելով իր գործած զարհուրելի հանցանքը, որոշում է վերջ տալ սեփական կյանքին՝ օգտագործելով շահի կանխատեսելի զայրույթը՝ ի պատասխան իր հնչեցրած ծաղրալից համեմատության. «Քաջ էր ու սիրուն քեզնից առավել. // Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա. // Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել, // Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…»:
Մեր հարցադրմանը հաստատական պատասխան է տալիս ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը եւ հանգամանորեն հիմնավորում իր տեսակետը. «Նրա վերջին պատասխան խոսքում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ եւ անսպասելի է հնչում այն, մենք կռահում ենք սեփական արարքի տանջալից վերագնահատման, զղջման, ինքնաձաղկման, հոգեկան բարդ ապրումների մի բուռն հորձանք: Այդ մասին ուղղակի ոչինչ չի ասվում, բայց մի՞թե պարզ չէ, թե ինչ պիտի զգար նա, դիտելով սեփական ձեռքով վառած հրդեհի սոսկալի հետեւանքները, արյան նախճիրն ու ավերածությունը» (Էդ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, Եր., 1986, էջ 375):
Մի պահ ընդհատենք մեծարգո թումանյանագետի խոսքը եւ հռետորական հարցին հակադրենք մեկ այլ հռետորական հարց. ինչո՞ւ է պարզ եւ ո՞ւմ համար է պարզ: Պարզ է, գուցե, ընթերցողի համար, նաեւ ընթերցող-մեկնաբան գրականագետի համար, մարդկային նորմալ հոգեբանության համար: Բայց ոչ այդ տիկնոջ, որը բերդը հանձնելու որոշում կայացնելուց հետո գործել է միանգամայն սառնասրտորեն, նպատակասլաց կերպով հարբեցնելով ամբողջ զորքին եւ վերահսկելով իրավիճակը:
Այնպես որ, միակ զգացումը, որ նման ոճիր կատարած անձը տվյալ պահին պիտի ունենար, հուսախաբությունն էր լինելու, շահից դաժանորեն խաբված լինելու գիտակցումը, դրանից բխող անզոր զայրույթը եւ որեւէ կերպ նրանից վրեժխնդիր լինելու ցանկությունը. ինքը ոչ մի արժեք չունի եւ չի էլ ունեցել շահի համար որպես կին. ինքը նրա ձեռքին սոսկ մի գործիք է եղել բերդը գրավելու:
Այս միջարկությամբ անհամաձայնություն հայտնելով Էդ. Ջրբաշյանի կարծիքին՝ մեջբերումն ավարտեմ: «Այդ բոլորը պետք է կենդանի կերպով կանգներ նրա առջեւ, որպեսզի փառասեր տիկինը հասկանար, թե ի˜նչ ծանր գնով է նա ուզում գնել «արքայական փառքն ու մեծությունը»: Եվ դրանք ատելի դարձան նրան, գոնե դարձյալ մի պահ, որը, սակայն, իր նշանակությամբ մի ամբողջ մարդկային կյանք արժե: Ատելի դարձավ նաեւ սեփական անձը, ինչպես եւ ոճրի բուն հեղինակը՝ շահը, որի հետ դեռ մի քանի ժամ առաջ նա երազում էր հանդիպել: Ու այդ բոլոր խոհերի կենտրոնում բարձրացավ անդառնալիորեն կորցրածը՝ Թաթուլի կերպարը, որի մարդկային վեհությունն ու գեղեցկությունը նա հիմա է միայն հասկանում: Եվ գուցե իր հանդուգն պատասխանով նա ցանկացավ արագացնել իր մահը, գոնե դրանով քավել գործած ոճիրը, րոպե առաջ ազատվել խղճի սպանիչ խայթից» (անդ):
Եկեք ինքներս մեզ մի հարց տանք. իսկ եթե շահը սիրալիր ընդուներ տիկնոջը, թեկուզ առժամանակ շարունակեր հույսեր ներշնչել նրան (իրականում բոլորս տեղյակ ենք, որ արեւելյան ավանդույթի համաձայն, դավաճանին առաջինն են վերացնում), ապա տիկինը մի՞թե ունենալու էր բոլոր այդ տանջալից ապրումները, որ այդպես պատկերավոր նկարագրում է Էդ. Ջրբաշյանը: Ինչի՞ մասին է խոսքը, սեփական արարքի ի˜նչ տանջալից վերագնահատում, ի˜նչ զղջում, ի˜նչ ինքնաձաղկում…
Լավ, մինչ ընթերցողը կմտածի պատասխանի շուրջ, մեկ այլ հարց՝ երբ տիկինը բերդի դռներն էր բացում թշնամու առջեւ, մի՞թե չէր պատկերացնում հետեւանքները՝ արյան նախճիրը, ավերածությունները: Թե՞ մտածում էր, որ գոնե Թաթուլին խնայելու են, որ իրեն կնության տա շահին… Կատարյալ զավեշտ է զազրելի մարդասպանին զղջում վերագրելը, քիչ է մնում նահատակի պսակ էլ հագցնենք…
Եվ, ի դեպ, սխալ է նաեւ «ոճրի բուն հեղինակ» շահին հռչակելը (դարձյալ տիկնոջ արարքի յուրատեսակ արդարացում). շահը, իր աշուղի միջոցով, առաջարկություն է արել, այո՛, շքեղ խոստումներ տվել, բայց վճիռը տիկինն ինքն է կատարել, եւ այս անլուր ոճրագործության համար միայն ու միայն ինքն է մեղավորը՝ միակ եւ հիմնական մեղավորը: Եվ, կրկնում եմ, եթե շահը այլ կերպ վարվեր, տիկինը միանգամայն գոհ ու բավարարված էր լինելու իր կատարածից:
Իհարկե, տիկնոջ պատասխանը ինքնին, եթե դիտարկենք որպես զղջում, որպես թողություն, թերեւս, լավագույնն է. շեշտադրվում է Թաթուլի առաքինությունը եւ դրանով իսկ ապտակ է հասցվում խոստումնազանց շահի արժանապատվությանը: Բայց ինչպես արդեն նշեցի, չեմ կարծում, թե սա տիկնոջ «հանկարծակի» սթափեցման կամ յուրատեսակ «պայծառացման» պահն էր, ինչպես ոմանք կարծում են. «Արդեն անդառնալի կատարվածի լույսի տակ իշխանուհին հանկարծ պարզ տեսնում է, թե ինչքան բարձր էր Թաթուլը իբրեւ մարդ, եւ ինչքան անսահմանորեն ցածր էր նրանից շահը» (Ա. Եղիազարյան, Վեճ երեք թումանյանագետների հետ («Թմկաբերդի առումը» պոեմի գնահատման շուրջ) // «Գրական թերթ», 14 ապրիլի 2023 թ., էջ 2):
Ոչ էլ տվյալ իրավիճակում Թաթուլի եւ Նադիր շահի համեմատությունն է ինքնին այդքան էական: Ինչպե՞ս կարելի է անտեսել, որ տիկինը ոչ միայն ամուսնուն է դավաճանել, այլեւ զոհաբերել է հարյուրավոր զինակիցների, հայրենի անառիկ բերդն է թշնամուն հանձնել:
Այնպես որ, սա բնավ էլ այդքան պարզունակ «սիրային եռանկյունի» չէ, ոչ էլ ավելի պարզունակ «Գնա մեռի, արի սիրեմ» բնույթի իրողություն. «Թմկաբերդի տիրուհին իւր Թաթուլին կորցնելուց յետոյ աւելի ուժգին է սկսում նրան սիրել, չվախենալով անգամ մահից, շահի դահիճներից» (Արսէն Տէրտէրեան, Յովհաննէս Թումանեան: Հայրենի եզերքի քնարերգուն, Վաղարշապատ, 1912, էջ 62):
Ըստ իս, տվյալ պայմաններում, հաղորդակցական նման վիճակում համեմատությամբ կառուցված այդ խոսքը իրականում հուսախաբ, անզոր կնոջ վրեժն է՝ որպես կենսական վերջին արար. Շահին նսեմացնող խոսք՝ թե՛ որպես տղամարդու եւ թե՛ որպես անհաջող զորավարի, որ միայն կնոջ մատնությամբ կարողացավ բերդը գրավել:
Նման խոսքը դնելով Թմկաբերդի տիրուհու շուրթերին՝ Թումանյանը նաեւ, կարծեք, ինչ-որ չափով փորձել է ոչ թե արդարացնել, այլ գոնե մեղմել ընթերցողի զայրույթն ու ատելությունը դավաճանի հանդեպ, որը, փաստորեն, ինքն էլ ի վերջո զոհ գնաց իր արարքից անխուսափելիորեն բխող շարունակությանը:
Չար արարքը, «չար գործը» տգեղ է նաեւ դրա հիմնական «շահառուի» համար, իհարկե, միայն մի պահ, մի անցողիկ պահ, երբ շահն ակամա մտորում է կյանքի ունայնության, իշխանության եւ փառքի անխուսափելի կորստյան մասին՝ ի տես անտեր մնացած քեֆի սեղանի. «Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան, // Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին, // Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության, // Ոչ սիրած կնկա տըված բաժակին…»:
Ահա թե ինչու նա «լի դառնությամբ» հարց է տալիս հանցագործություն կատարածին՝ ուղղակի կոչելով նրան «մատնիչ սեւաչյա»՝ այդկերպ չթաքցնելով նաեւ վերջինիս սպասող դառը ճակատագիրը: Հարցը շատ պարզ է եւ անմիջական՝ ինչու արեցիր դա. «Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն»: Այս սադրիչ հարցին էլ հետեւում է տիկնոջ վերոբերյալ «ինքնասպանիչ» պատասխանը:
Իհարկե, շահը շատ գոհ է իր հաղթանակից, նա օգտվել է իրեն տված խորհրդից (թուլացնել Թաթուլին կնոջ միջոցով), կարողացել է գրավել բերդը, որ այդքան ժամանակ չէր հաջողվում, իսկ իր պես բռնակալի համար նպատակն արդարացնում է միջոցները, Թմկա տիրուհին էլ արժանի է ամեն մի դավաճանի վերջին: Մանավանդ, տիկնոջ ողջ մնալը շահին մշտապես հիշեցնելու էր ոչ այնքան իր խոստումնազանցությունը, որքան որ ինքը «քաջ Թաթուլին» հաղթել է ոչ թե բաց դաշտում, այլ քնած ժամանակ, դավադրաբար, ստոր մատնիչի շնորհիվ:
Այդուհանդերձ, շահի՝ մի՞թե իշխան Թաթուլն արժանի էր դավաճանվելու հարց-ակնարկությամբ Թումանյանը այդկերպ հարկ է համարել մի ակնթարթ բացելու իշխանատենչ այդ տիրակալի հոգու մի ծալքը, մահվան տեսարանին դեմ-հանդիման կյանքի վաղանցիկության մասին ամեն մարդուն ներհատուկ մտորումը, ուրիշի կատարած «չար գործի» ակամա, սոսկ բնազդական մերժումը:
Թումանյան մարդաբանի համար նույնիսկ շահի պես մարդու մեջ մի ակնթարթ կարող է մարդկային ինչ-որ զգացմունք հպանցիկ երեւալ, իսկ ամուսնուն, ազգակիցներին եւ հայրենի հողը թշնամուն հանձնածը, գիտակցաբար չարիք գործածը միայն ու միայն անեծքի է արժանի:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր