Վերջերս մեր քաղաքագետներից մեկը, որ մասնագիտացած է Մերձավոր Արեւելքի հարցերով, ինձ երեք քարտեզ ցույց տվեց՝ աշխարհում ներկայիս հնարավոր փոփոխությունների, ըստ այդմ՝ նոր աշխարհակարգի ձեւավորման սցենարների, տնտեսական ենթակառուցվածքների ուղղությունների փոփոխությունների եւ, ըստ այդմ, Հայաստանի համար շահեկան ու ոչ շահեկան տարբերակների։ Եվ այսպիսի մի միտք արտահայտեց, թե, ինչքան էլ զարմանալի հնչի, բայց Ադրբեջանն իր հաղթանակից արբած ներկայիս պահվածքով ամեն ինչ անում է, որ մեր հանրության այն հատվածը, որ կարծում է, թե թյուրքի հետ տարածաշրջանում խաղաղ գոյակցություն հնարավոր է, մտորի ճիշտ հակառակը։ Այն է՝ թյուրքի ախորժակը երբեք չի փակվելու, եւ նրա համար բաղձալի՝ իբր ճանապարհների ապաշրջափակումը իրականում մեր պարանոցի շուրջ սեղմվող երկաթե օղակի պես բան է լինելու։ Իսկ որ թշնամու ախորժակը երբեք չի փակվում, հաստատ է։ Եվ միշտ է այդպես։ Օրինակ՝ երկրի սահմաններից ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ամենօրյա, հաճախ՝ ամեն ժամի արձանագրումներն ապացուցում են դա։
2021 թ. հունիսի 10-ին ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ գյուղերի հարեւանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում։ Կրակոցների փաստը հաստատել է նաեւ ՀՀ ՊՆ-ն: Դրանք դադարել են միայն ՀՀ զինված ուժերի կրակից հետո: Հիշեցնենք, որ, ըստ ՄԻՊ-ի, այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021 թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի եւ Սյունիքի կողմից: Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ: Կամ՝ մեկ այլ փաստ։ Խաղաղ գոյակցություն ու՞մ հետ։ Բաքվում դատում են հայ գերիներին, եւ նրանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվում, իբր, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու եւ այլ արարքների համար։ Մինչդեռ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում, եւ հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. «Հետեւաբար, նրանցից որեւէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից»:
Եվս մեկ փաստ. Ադրբեջանը շտապ դելիմիտացիա եւ դեմարկացիա է ուզում անել, մինչդեռ դրանք խաղաղ գործընթաց են ենթադրում, նաեւ չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը: Հետեւու՞մ է Ադրբեջանը այս սկզբունքներին։ Պատասխանը միանշանակ բացասական է՝ ամեն օր աչքներիս առաջ։
Հավելենք փաստերը։ Ապօրինաբար մտնելով ՀՀ ինքնիշխան տարածք՝ նույնիսկ մեր որոշ կուսակցություններից տարիքով փոքր արհեստածին այս պետություն կոչեցյալը արդեն մեր իսկ երկրում որոշում է՝ հովիվները որտեղ արոտի թույլտվություն ունենան, որտեղ՝ ոչ, նախիրներ է գողանում, ձիեր։ Հիդրոահաբեկչությունն էլ չի դադարեցնում։ Օրինակ՝ ադրբեջանական զինված անձինք, դարձյալ «վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս», նաեւ Սյունիքի Սեւ լճի տարածք։ Չմոռանանք, որ տարբեր բնակավայրեր սնուցվում են Սեւ լճի ջրից։ Խոսքը վերաբերում է Գորիսին, Տեղ համայնքին, Խոզնավարին, Խնածախին, Սիսիանին… Փաստերը շարունակելու կարիք չկա։ Ցավոք, դրանք անհամար են։ Այսպիսի պետության հետ տարածաշրջանում հնարավո՞ր է խաղաղ գոյակցություն հարցի պատասխանն առավել քան հստակ է…