Վարկառուները (համավարկառուները) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Այս մասին «ՀՀ»-ն տեղեկացրել էր դեռ ամիսներ առաջ՝ շեշտելով նաեւ, որ եթե դիմումն առաջին անգամ է ներկայացվում, ապա կարող է բացառություն լինել. պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաեւ փոստային ծառայության միջոցով։ Երեկ դիմեցինք Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու, թե ինչ զարգացումներ կան գործընթացում, մասնավորապես՝ հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների ինչ շարժ է նկատվում։
Դատելով ՊԵԿ-ի պատասխանից՝ դրական շարժ է նկատվում, այն է՝ ավելացել է գործընթացում ներգրավված շահառուների թիվը, եւ վերադաձված եկամտային հարկի գումարների զգալի աճ կա։ Ինչպես «ՀՀ»-ին տեղեկացրեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը, 2021 թ. հունվար-հունիսին վարկառուներին (համավարկառուներին) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 9,7 մլրդ դրամ:
Համեմատության համար Լ. Մկրտչյանը նշեց, որ 2020 թ. նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը կազմել է 5,8 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 3,4 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ ավելի քան 2 մլրդ դրամ. «2021 թ. առաջին կիսամյակում, 2020 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը ավելի է կազմել շուրջ 3,9 մլրդ դրամ, կամ աճը կազմել է ավելի քան 67 տոկոս»։ Շահառուների ի՞նչ թվի մասին է խոսքը։ Պարզվում է՝ 2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 16101 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 9847-ի դիմաց։ 2019 թ. հունվար-հունիսին շահառուների թիվը կազմել է 5362, իսկ 2018-ին՝ 3363։
Ի դեպ, ՊԵԿ-ը իր կայքէջում տրամադրում է նաեւ ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեների ցանկը։ Օրինակ՝ եթե անշարժ գույքը Ն. Ադոնցի փողոցում է, ապա կա համապատասխան էլփոստը, որով պետք է առաքվեն փաստաթղթերը։ Սակայն, երբ ցանկը նայեցինք, տեսանք, որ, օրինակ, նույն Ադոնցի փողոցի համար տրված է Իջեւանի ՊԵԿ-ի հասցե, կամ՝ Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող գույքի համար տրված է Արմավիրի հասցե եւ այլն։ Եթե շինարարությունը կամ հիփոթեքային շարժը հիմնականում Երեւանում է, ինչու՞ են ներգրավվել ՊԵԿ-ի մարզային գրասենյակները։
ՊԵԿ-ի բաժնի պետը բացատրեց, թե քանի որ դիմումների թիվը կտրուկ ավելացել է, հարկայինի Երեւանի աշխատակազմը ծանրաբեռնված է եւ չի հասցնում հայտերն ուսումնասիրել։ Բայց դա խնդիր չէ, քանզի էլեկտրոնային դիմումը իրենց որ գրասենյակում էլ ստանան ու մշակեն, միեւնույն է, ամփոփվելու է կոմիտեում։
ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին նաեւ, որ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով առաջին անգամ հայտ ներկայացնողները փաստաթղթերը առձեռն պետք է ներկայացնեն։ Կամ՝ ինչպես վերեւում ասացինք՝ փոստային ծառայության միջոցով՝ պարտադիր ուղարկելով հետեւյալ 8 փաստաթուղթը. 1. եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված դիմում, 2. վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ, 3. վարկառուի (համավարկառուի) հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), 4. վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը եւ հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը, 5. ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության (բանկեր եւ վարկային կազմակերպություններ) կողմից տրամադրված տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին, 6. կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն, 7. բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր, 8. աշխատավարձի եւ դրանից վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված եւ գործատուի կողմից հաստատված տեղեկանք: