Միշտ եւ հատկապես պատերազմից հետո «ՀՀ»-ն գրում է, թե ինչ պետք է անել տնտեսությունը ոտքի հանելու համար, թե ինչ քայլեր են պետք տնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնելու եւ շղթայական արդյունք ապահովելու համար, թե որտեղից պետք է սկսել, ինչպես շարունակել եւ այլն։ Պե՛տք է, անհրաժե՛շտ է, հա՛րկ է։ Այլ կերպ՝ առաջարկներն ու հուշումները՝ մեզնից ու մասնագետներից, գործը՝ պետությունից, որ պարտավոր է անել պետություն-մասնավոր գործակցությամբ կամ այլ ձեւաչափերով ու ցանկացած գնով։
Այստեղ, սակայն, կարեւորագույն մի նախաքայլ կա, առանց որի սովորական պայմաններում գործող ամենաարդյունավետ միջոցն անգամ այս օրերին ոչ մի օգուտ չի բերի։ Խոսքը անվտանգության մասով գործողությունների մասին է։ Այո, արդի աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը հաճախ այնքան սերտաճած են, որ երբեմն նույնիսկ անհնար է գտնել բաժանարար գիծը։ Կամ՝ այդ գիծը, որպես այդպիսին, չկա էլ։ Բայց մեր պարագայում հիմա տնտեսությունը չի կարող քաղաքականություն թելադրել, քանի դեռ հզոր չէ։ Իսկ հզորանալու համար պետք է նախ հենց մեր անվտանգային խնդիրները լուծենք։ Միայն այդ դեպքում կկարողանանք եւ՛ ներդրումներ ապահովել, եւ՛ տնտեսության հստակ ճյուղերում ֆինանսական ներարկումներ անել։ Որովհետեւ ոչ մի գործարար անապահով երկրում իր գումարները չի ներդնի։ Եվ այստեղ չի կարող օգնել նաեւ սփյուռքը։ Կյանքը ցույց է տվել, որ նույնիսկ մեր՝ գործարար հայրենակիցների շրջանում խենթեր ու հայրենապաշտներ չունենք։ Այո, հայրենասիրությունից ելնելով փոքր ու միջին ձեռներեցության ոլորտում որոշակի ներդրումներ հնարավոր են։ Բայց մեզ մեծածավալ ներդրումներ ու խոշորածավալ գործեր են պետք տնտեսության էական շարժի համար։
Մենք այսօր փաստացի աշխարհաքաղաքական այնպիսի բարդ իրավիճակում ենք, որ եթե մեր երկրի համար անհրաժեշտ նվազագույն անվտանգության պայմաններ չապահովենք, ապա մեր փոխարեն դա որեւէ մեկ այլ երկիր չի անելու։ Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի սահմաններին կամ, որ ավելի ստույգ՝ սահմաններից ներս, կամ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին, տառացիորեն կաթվածահար է անում մեր երկիրը։ Ընդ որում, խոսքը միայն տնտեսության մասին չէ, այլեւ՝ մարդկանց բնականոն կյանքի խաթարման, բարոյահոգեբանական մթնոլորտի անկման, սեփական ուժերին չհավատալու մասին է։ Չաշխատեց տնտեսությունը, կտապալվեն պետության բոլոր ոլորտները։ Եվ թշնամին սա շատ լավ է գիտակցում։
Ավելի լայն կոնտեքստով՝ խոսքը Իրանի հետ միջպետական ճանապարհի անգործունակ դառնալու մասին չէ միայն։ Այստեղ գեոքաղաքական, գեոռազմավարական լրջագույն խնդիրներ կան։ Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական եղբայրությունն է ուժեղանում, Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարն է հարցականի տակ դրվում, եւ, ի դեպ, վրացական ուղու այլընտրանքն էլ է կասկածի տակ։ Եվ սա հասկանալու համար խորը գիտելիքներ պետք չեն։ Պարզապես պետք է գործարարների հետ խոսել եւ հասկանալ Ասիայից Հայաստան ապրանքների ներմուծման երկու նավահանգիստների ձեռնտու լինել-չլինելն ու պատճառները։ Չմոռանանք, որ վրացական ուղղությամբ անխափան բեռնափոխադրումներն էլ երաշխավորել չենք կարող։ Եթե նույնիսկ բացառենք քաղաքական ինչ-ինչ դրդապատճառները, եղանակային պայմանների հետեւանքները մենք գրեթե ամեն տարի զգում ենք։
Այս ամենին հավելյալ՝ Հայաստանի համար դերակատար շահը Հյուսիս-Հարավ լոգիստիկան է, ոչ թե Արեւելք-Արեւմուտքը։ Ու սրա մասին «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է։ Հիմա՝ կամ մնալու ենք կռացած, մեջքներս՝ կոր ու աշխարհաքաղաքական թատերաբեմում սրա-նրա շահին ծառայող գործիք, կամ մենք մեզ թափ ենք տալիս, ոտքի կանգնում ու ապացուցում, որ ծուռվիզ չենք եւ առաջնորդվելու ենք հայկական շահով։ Իսկ որ Հայաստանը կարող է դերակատար լինել Հնդկական օվկիանոս֊Պարսից ծոց֊Սեւ ծով լոգիստիկայում, հաստատ է եւ անգամ մեզ հղվել են միջազգային համապատասխան մեսիջները։
Մնում է գործել։