Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախյան հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանությունը փոխկապակցված են

Առանց պահանջատիրության հիշողությունը մնում է հուզական մակարդակում

Սեպտեմբերի 28, 2021
Հանրապետություն
Արցախյան հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանությունը փոխկապակցված են
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
386
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցած տարի Արցախում տեղի ունեցածը մեկ անգամ եւս հաստատեց, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ եւ սպառնում հայոց պետականությանը: Սա այն հիմնական փաստարկն է, որով չեղարկվում են բոլոր այն կարծիքները, թե պետք չէ այլեւս այդքան ժամանակ, ռեսուրս, միջոց եւ ուժ տրամադրել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Վիեննայի համալսարանի միջազգային իրավունքի մասնագետ Գեւորգ Հակոբճյանը՝ շեշտելով, որ ցեղասպանության հետեւանքները տակավին չեն վերացել, իսկ դրանց վերացման մեջ են մտնում նախեւառաջ իրավական զարգացումներն ու հետեւանքները, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկելը, հատուցում պահանջելն ու ստանալը։ «Հետեւանքները պետք է վերանան, եւ դրա մեջ է, որ պետք է մտնեն նաեւ կանխարգելման երաշխիքները, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կողմից չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, դժվար թե կանխարգելման երաշխավորություն ունենանք»,- ասաց զրուցակիցս։

Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, ցեղասպանությունն առայսօր շարունակվում է, քանի որ մինչ օրս շարունակվում են նաեւ ցեղասպանության արդյունքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումներն ու հանցագործությունների հետեւանքները. դա վերաբերում է հայկական ունեցվածքի, գույքի, տարածքի յուրացմանը, զոհերին եւ նրանց ժառանգներին չհատուցելու հանգամանքին։

Գ. Հակոբճյանի խոսքով, պետք չէ տարանջատել արցախյան հիմնախնդիրը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հետեւանքների վերացման գործընթացից։ Դրանք անմիջականորեն փոխկապակցված են, եւ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հետեւանքների վերացումը կնպաստեն նաեւ արցախյան հիմնահարցի լուծմանն ու նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։ Հակառակ դեպքում, միայն կանխարգելման վրա կենտրոնանալը դժվար թե նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ հետեւանքների վերացմանը։ Նկատենք, որ կանխարգելումն ապագային է ուղղված, մինչդեռ ճանաչումը հայացք է անցյալին եւ միայն անցյալի միջոցով ապագային ուղղված քայլերի ամբողջություն կարող է ենթադրել։

Շատ հաճախ էին ասում, որ այլեւս երբեք անցյալի իրադարձությունները չեն կրկնվի, բայց անցած տարվա պատերազմը ցույց տվեց, որ թուրքական ծրագիրը նույնն է։ Էթնիկ, ազգային հողի վրա իրականացրած բազմաթիվ հանցագործություններ տեղի ունեցան պատերազմի օրերին, որոնք նաեւ տարածքների ու ռեսուրսների բռնազավթմանն ուղղված գործողություններ էին։

Գեւորգ Հակոբճյանի համար Հայոց ցեղասպանության թեման մասնագիտական հետաքրքրություն ներկայացնելուց առաջ անձնական ողբերգություն է, նա ցեղասպանության զոհերի ժառանգներից է։ Բացի դրանից ցեղասպանության թեման կարեւոր է այնքանով, որ ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայերի համար առաջնային է դառնում այդ հիշողությունը վառ պահելը։ «Հիշողությունը վառ պահելու կարիքը կա եւ միշտ էլ պետք է լինի։ Դրանից զատ կարեւոր է նաեւ պահանջատիրության վրա կենտրոնանալը, որը հիշողությանը համահավասար պետք է լինի, այլ ոչ թե մեկը մյուսի հաշվին։ Առանց հիշողության չկա պահանջատիրություն, իսկ առանց պահանջատիրության՝ հիշողությունը կմնա լոկ զգացական, հուզական մակարդակի վրա»,- ընդգծեց զրուցակիցս։

Ցավոք, երբ մնում ենք միայն հուզական մակարդակում, ապրիլի 24-ին նախորդող եւ հաջորդող օրերին թեեւ խոսում ենք այդ թեմայով, հիշում, միջոցառումներ, երթեր եւ այլ արարողություններ կազմակերպում, սակայն դրանից հետո կրկին լռություն է մինչեւ հաջորդ տարի։ Դրա համար էլ Հակոբճյանն ընդգծեց, որ այդ երկուսը՝ հիշողությունն ու պահանջատիրությունն անմիջականորեն փոխկապակցված են։ Մենք պետք է աշխատենք հիշողության առարկայական, ինչպես նաեւ ենթակայական փոխանցման վրա, այսինքն՝ ընտանեկան, անհատական պատմությունների, որովհետեւ հիշողությունը փոխանցվում է նաեւ այդ ձեւով. «Նոր սերունդներին մեր ցավը չպատմելով նրանց չենք ձերբազատում ցեղասպանության բեռից։ Այդ ցավը կփոխանցվի մեզ սերնդեսերունդ նույնիսկ առանց որեւէ բառ ասելու ցեղասպանության մասին։ Սա մեր գեների մեջ է եւ այդպես փոխանցվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք անցել հաշտեցման գործընթացը։ Այդ վերքը տակավին արնահոսում է։ Վերքը սպիացնելու եւ բուժելու մեկնակետը ոճրագործին պատասխանատության ենթարկելն է։ Հայոց ցեղասպանությունը հիշողություն, պատմություն լինելուց առաջ հանցագործություն է, որն արդարության է սպասում»։

Հայոց ցեղասպանությունը մշտապես օրակարգում պահողների հասցեին երբեմն մեղադրանքներ են հնչում, թե որքան երկար կարելի է հիշել, ողբալ եւ խոսել այդ մասին։ «Պատմություն է, անցավ գնաց» մտածողներին պետք է հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանից վտարվածների սերունդներն այսօր կարող էին ապրել իրենց պապենական տներում՝ հայրենի հողի վրա, մինչդեռ նրանք զրկվել են ամեն ինչից, կյանքը փրկելու համար ստիպված են եղել հեռանալ եւ թողնել սերունդներ շարունակ ստեղծածը, կառուցածը։ Նրանք կարող էին ապրել մեծ գերդաստաններով, այնինչ մնացել են ընդամենը բեկորներ։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳեւորգ ՀակոբճյանԹուրքիաՑեղասպանություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ղրիմի մասին ասած բառերը դեռ կհետապնդեն Էրդողանին

Ղրիմի մասին ասած բառերը դեռ կհետապնդեն Էրդողանին

Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել

Արցախը շարունակում է մաքառել, բուժել վերքերը, գոտեպնդվել ու ոտքի կանգնել

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist