Այս տարվա մայիսի 15-ին, ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից, եւ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տեւողությամբ։ Հոկտեմբերի 17-ին, ՊՆՎ-2021-ից հետո, գործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը եւ միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին:
Նշենք, սակայն, որ էներգաբլոկի գործարկումը նախատեսվում էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին: ՊՆՎ աշխատանքները միշտ ընթացել են օրական, նույնիսկ ժամային գրաֆիկներին համապատասխան (ԱԷԿ-ն այդ ժամանակ աշխատել է 3 հերթափոխով): Եվ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ մատակարարումներն էլ են ժամանակին արվել։ Այդ դեպքում ինչու՞ ԱԷԿ-ի՝ էներգահամակարգին միացումը 2 շաբաթ ուշացումով եղավ։
«ՀՀ»-ն փորձեց պարզաբանումներ ստանալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից։ «Ուշացումը որեւէ խնդրով պայմանավորված չի եղել,- շեշտեց Մ. Վարդանյանը,- պարզապես անվտանգության մի քանի նոր համակարգեր պետք է մոնտաժվեին, եւ լրացուցիչ ստուգումների կարիք առաջացավ։ Տեղեկացնեմ, որ ընդհանրապես անվտանգության միջոցառումները շարունակական են, եւ դրանք ամեն տարվա կտրվածքով արվում են»։
ՀԱԷԿ-ի տնօրենը հավելեց, որ ՊՆՎ-ի աշխատանքներին մասնակցեցին Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ այլ երկրների շուրջ 600 մասնագետ: Եվ ՊՆՎ-2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում եւ կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Բացի այդ՝ բլոկի տեւական կանգի ընթացքում իրականացվել են նաեւ անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման եւ տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները: «Ռոսատոմ սերվիս» ընկերության եւ ներգրավված ենթակապալառու ընկերությունների մասնագետների, ինչպես նաեւ կայանի անձնակազմի մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվել են շուրջ 730 մ խողովակաշարի եւ շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել եւ մոնտաժվել է շուրջ 42 կմ երկարությամբ մալուխ եւ այլն:
«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, մոտ 330 միավոր սարքավորման միջին եւ ընթացիկ վերանորոգում»,- ասաց ՀԱԷԿ-ի տնօրենը։ Նա միաժամանակ երկրորդեց, թե ՊՆՎ-2021-ը Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համար ամենաերկարատեւն էր. այն հնարավոր եղավ հաղթահարել ՀԱԷԿ-ի անձնակազմի ջանքերի առավելագույն կենտրոնացման, աշխատանքների հստակ կազմակերպման, կապալառու կազմակերպություններից ներգրավված մեծաթիվ մասնագետների հետ համաժամանակյա աշխատանքների համակարգման շնորհիվ: «Հայկական ատոմային էլեկտրակայանը շարունակում է գործել՝ մշտական ուշադրության կենտրոնում պահելով անխափան եւ անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները»,- եզրափակեց «ՀՀ»-ի զրուցակիցը:
Մեր կողմից հիշեցնենք, որ երբ դեռ ՊՆՎ-2021-ն ընթացքում էր, ատոմային ոլորտի մեր միջազգային գործընկերները որեւէ խնդիր չէին տեսել այն հարցում, որ ստուգումների գոհացուցիչ արդյունքների պարագայում կարող ենք արդեն մտածել կրկնակի երկարացման մասին՝ մինչեւ 2036 թ.։ Ի դեպ, այդ նպատակով կա արդեն կազմավորված աշխատանքային խումբ, որում հայկական կողմից ներառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ»-ի եւ «ՄՌԱ ԳՏԿ»-ի, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ սերվիսի», «Ռոսէներգատոմ կոնցեռնի», «Հիդրոպրեսի», «Ատոմէներգոպրոյեկտի» եւ «Կուրչատովյան ինստիտուտի» ներկայացուցիչները։ Նրանք քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած հայեցակարգի նախագիծը։
Ընդգծենք՝ ՀԱԷԿ-ը մեզ համար ունի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ անվտանգության նշանակություն։