Եթե որեւէ մեկը ցանկանում է գնումներ կատարել արտերկրից, ապա պետք է իմանա հետեւյալը. միջազգային փոստային փոխադրողների ծառայություններից օգտվելիս, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում, մաքսատուրքեր եւ հարկեր չկան։ Այս մասին «ՀՀ»-ն տեղեկացել է Պետական եկամուտների կոմիտեից։
Թյուրըմբռնման տեղիք չտալու համար, սակայն, ճշգրտենք՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր եւ հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 31 կգ-ը։
Այսինքն՝ այս սահմանաչափը գերազանցելու դեպքում նոր միայն գումար կգանձվի։ Արժեքը կամ քաշը գերազանցելու դեպքում վճարվում է գերազանցող արժեքի 15 տոկոսը, բայց ոչ պակաս, քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար` 2 եվրո։
Միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում սահմանվա՞ծ է, արդյոք, արգելված ապրանքների ցանկ։ Ըստ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության` այո, այդպիսի ցանկ կա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ է սահմանված այն։ Եվ արգելված ապրանքներ են համարվում թմրանյութերը, հոգեմետ նյութերը, կեղծ կամ կեղծված իրերը, փոստային աշխատողների համար վտանգ ներկայացնող, փոստային սարքավորումներն աղտոտող կամ վնասող իրերը, վտանգավոր ապրանքները, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերը, զինամթերքը, մետաղադրամներն ու բանկային թղթադրամները, ինչպես նաեւ կենդանիները։