Կառավարությունը երեկվա նիստում (չզեկուցվող հարցերի շարքում) հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրինագիծը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Պարզաբանենք՝ ինչի մասին է խոսքը (ըստ շրջակա միջավայրի նախարարության)։
Պետական այս գերատեսչության կողմից մշակվել եւ 2019 թ. հունիսի 7-ին ԱԺ կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը։ Սա վերաբերում է մեծ, միջին եւ փոքր ավտոբուսներին, մարդատար տրանսպորտային միջոցներին, մոտոցիկլներին եւ մոպեդներին:
Հետո՝ 2020 թ. մարտին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար: Այս կարգավորումների հետեւանքով, ՇՄՆ-ի համոզմամբ, «շատ բարենպաստ միջավայր ստեղծվեց էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար»։
Օրինակ՝ 2019-2021 թթ. ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այն դեպքում, երբ 2018 թ. ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ: 2018-2020 թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաեւ մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։ ԿԳՄՍՆ-ն էլ նախատեսում է 2021/2022 թթ. միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաեւ էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման տեխնիկի մասնագիտությունը։
Հիմա, դարձյալ ըստ ՇՄՆ-ի, «այս դրական արդյունքներն ամրապնդելու եւ դրանց հետագա զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել օրենքի կիրառության ժամկետը եւս երկու տարով»։ Այսպիսով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել եւս 2 տարով՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը։
Ի՞նչ ակնկալիք կա սրանից։ ՇՄՆ-ն համոզված է. «Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Հարկ է նշել նաեւ, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ, էլշարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր եւն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների եւ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով»։
ՇՄՆ-ն նշում է նաեւ, որ նախագծի ընդունումը ուղղակիորեն կնպաստի կառավարության կողմից 2021 թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ. ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչեւ 2030 թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը։ Հաշվի առնելով, որ «շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարեւոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարի մեջ»։
Մաքսային ծառայության վիճտվյալների համաձայն՝ 2019-2020 թթ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 հազար տրանսպորտային միջոց, որից միայն 2.8 հազարն են (ընդամենը 1.05 տոկոսը) բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներ։ ՇՄՆ-ն եզրահանգում է, որ օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի մուտքերի վրա կունենա ոչ էական ազդեցություն։ Բայց հաշվի առնելով նախատեսվող արտոնության արդյունքում կանխատեսվող բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական օգուտները, «կարելի է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում օրենքի կիրարկման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում կլինեն դրական փոփոխություններ»։