Ապրիլի 3-ին լրացավ Հայաստանի երկրորդ հանրապետության եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ անկախության հռչակման նախօրեին երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությանը գումարվել էին Խորհրդային Միությունում համատեղ գոյության 70 տարիները, որոնք ոչ միայն եղած սոցիալ-մշակութային կապերը սերտացրին, այլեւ դրան ավելացրին գործուն տնտեսական բաղադրիչը, երբ երկու երկրների տնտեսության ճյուղերը մեկը մյուսի հետ փոխկապակցվեցին եւ որոշ դեպքերում նաեւ ներաճեցին: Խորհրդային Միության փլուզումն առարկայորեն չէր կարղ նորանկախ պետություններին միմյանցից ամբողջովին առանձնացնել: Բացի այն, որ փակ խորհրդային համակարգում արտադրության որոշ ճյուղեր մեկը մյուսին լրացնում էին, այլեւ հիմնական բնական ռեսուրսների՝ էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտներում միասնական համակարգեր էին ձեւավորվել:
Ակնհայտ էր, որ անցումային փուլի բացասական հետեւանքները մեղմելու համար նորանկախ պետությունների հարաբերությունների նոր ձեւաչափով շարունակությունն անհրաժեշտություն էր: Լիովին օրինաչափ էր, որ ԽՍՀՄ-ի փլուզման նույն տարում ձեւավորվեց ԱՊՀ-ն, որի մեջ մտավ նախկին խորհրդային պետությունների հիմնական մասը՝ բացառությամբ մերձբալթյան երկրների:
ԱՊՀ-ին անդամակցելուց մի քանի ամիս անց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հաստատվեցին նաեւ դիվանագիտական հարաբերություններ: 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից արցախյան պատերազմի սանձազերծման պատճառով Հայաստանի երկու սահմանները փակվեցին, ինչը մեր երկրին առարկայորեն պարտադրեց ՌԴ-ի հետ տնտեսական կապերի ինտեգրացում եւ խորացում՝ արդեն արդի տեխնոլոգիաների զարգացման ու հարաբերությունների պայմաններում: 30 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները խորացան՝ ընդգրկելով նոր ձեւաչափեր (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Այս տարիներին Հայաստանը եւ Ռուսաստանը կնքել են ավելի քան 200 համաձայնագրեր, այդ թվում՝ 1997 թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:
Ակտիվ է համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում, որոնցում սերտ փոխգործակցության արդյունքում հնարավոր է լինում ընդունել պետությունների համար շահավետ որոշումներ: Մեծ է ՌԴ-ի դերը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում: ՌԴ միջնորդությամբ 1994 թ. կնքվեց առաջին արցախյան ազատամարտի զինադադարը, որից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքեր էր ներդնում հիմնահարցի քաղաքական լուծման ուղղությամբ: Այս երկրի միջնորդությամբ 2016 եւ 2020 թթ. հրադադար հաստատվեց Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերամներից հետո, իսկ այսօր Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում կանգնած են ռուս խաղաղապահները:
Այս ամենի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ նորանկախ Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը դարձավ ՌԴ-ն: Վերջինս համարվում է Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողը, եւ 1991-ից ի վեր կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 2.4 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը նաեւ Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է: Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2021 թ. հայ-ռուսական փոխադարձ առեւտուրը կազմել է ավելի քան 2.6 միլիարդ դոլար, որը հայաստանյան ողջ արտաքին առեւտրի գրեթե 1/3-ն է, եւ այն անընդհատ աճում է։
Հայաստանի երկրորդ հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերություններն այս 30 տարիների ընթացքում դինամիկ փոփոխվում են, արձագանքելով թափ հավաքած աշխարհաքաղաքական զարգացումների պահանջներին: Վերջիններս ենթադրում են ոչ միայն երկկողմ համագործակցության եւ ինտեգրացիայի խորացում, այլ նաեւ այլ ձեւաչափերով պետությունների ինքնուրույն քաղաքականության դիվերսիֆիկացիա, ինչը պարտադրված է արագ փոփոխվող միջազգային հարաբերություններով: Վերջին զարգացումները նաեւ փաստում են, որ մոտ ժամանակներում ՀՀ-ՌԴ դիվանագիտական համագործակցության հիմնական բաղադրիչներից է լինելու անվտանգությունը, որը բխում է առաջին հերթին երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից: