Տնտեսական անվտանգությունը պետք չէ տարանջատել ազգային անվտանգության համատեքստից, որովհետեւ այն չի կարող մեկուսի դիտարկվել։ Անվտանգությունն անպայմանորեն պայմանավորված է մեր քաղաքական, իրավական, էթնոմշակութային, ռազմական, պաշտպանական, դիվանագիտական ոլորտներում գործելաոճով ու հմտություններով։ Այս համոզմունքին է «ՀՀ»-ի «Հյուրասրահի» հյուրը՝ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։
Տնտեսական անվտանգությունը, իբրեւ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ, ունի իր ենթաբաղադրիչները՝ էներգետիկ, պարենային, ենթակառուցվածքային, լոգիստիկ, տեղեկատվական, կիբերանվտանգային։
«Ընդհանուր առմամբ` տնտեսական անվտանգությունը պայմանավորված է մեր երկրի տեղորոշմամբ անվտանգային համակարգերում։ Ի՞նչ է դա նշանակում։ Որտե՞ղ ենք հայտնվելու հիմա, տարիներ հետո, երբ աշխարհում լուրջ հեղաբեկումներ, պատերազմներ, երկրների մասնատումներ ու միավորումներ լինեն։ Ի՞նչ ճանապարհ ենք ընտրում մենք՝ Հայաստանն ու Արցախը։ Չեմ տարանջատում, որովհետեւ համոզմունքս միայն զգացական տիրույթում չէ։ Անվտանգային, պաշտպանական, ռազմական, տնտեսական հնարավորությունների տիրույթում է։ Ինչեւէ, հենց նշածս հեղաբեկումների պարագայում որոշարկելով մեր տեղն ու դերը ժամանակակից աշխարհում՝ պետք է կարողանանք նաեւ տնտեսական անվտանգության խնդիրները լուծել»,-նշում է Հայկ Սարգսյանը։
Դրանցից լրջագույններից մեկն այսօր, մասնագետի խոսքով, պարենայինն է, ինչպես աշխարհում։ Մեզ մոտ խնդիրն ավելի է սրվում, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, հացահատիկով ինքնաբավ երկիր չենք եւ մեծամասամբ ներկրում ենք: «Չեմ խոսում, որ ներկրում ենք կարագը, բուսայուղը… Պարենային ապահովության առումով հարցեր ունենք, որովհետեւ տասնամյակներով չենք լուծել շատ խնդիրներ, չենք մտածել գյուղատնտեսական արտադրողականության, արդյունավետության բարձրացման մասին։ Այն տեմպը, որով փորձում ենք պարենային ապահովության հարց լուծել, բավարար չէ։ Որովհետեւ մենք մի երկիր ենք, որն ունի բավարար ջրային, հողային պաշարներ, արեւ, ինչո՞ւ ենք 10 եւ ավելի անգամ զիջում արտադրողականությամբ այն երկրներին, որոնք թեեւ հող չունեն, ջուր չունեն, բայց ինքնաբավ են շատ հարցերում։ Սա լուրջ խնդիր է»,-ընդգծեց նա։
«ՀՀ»-ի հյուրը մատնանշում է նաեւ էներգետիկ անվտանգության խնդիրները։ «Ձեր թերթը դրանց մասին մանրամասն խոսում է մշտապես, ուստի չեմ ծավալվի,-ասում է մասնագետը՝ ուշադրություն հրավիրելով միայն մեկ հանգամանքի. -Մենք շատ ոգեւորված ենք ոչ ավանդական էներգետիկայով, բայց պետք է այդ հատվածին խնամքով վերաբերվենք։ ՀԷԿ-երով ուրախանում ենք, թեեւ զուգահեռ շատ խնդիրներ են ծագում՝ գետերի ջրային պաշարների, ձկնաշխարհի, շրջակա միջավայրի պահպանության առումներով»։
Տեղեկատվական անվտանգության կարեւորությունից խոսելով՝ տնտեսագետն ընդգծում է. «Տեղեկատվական պատերազմները տանուլ չտալը լրջագույն խնդիր է։ Սա բոլոր պատերազմներում կարեւորագույն խնդիր է՝ բոլոր ոլորտները ներառած՝ տնտեսությունը՝ հատկապես, ֆինանսական բնագավառը՝ նույնպես»։
Լոգիստիկ հարցերը չմոռանանք. սրանք ուղղակիորեն կապված են քաղաքական, դիվանագիտական, ենթակառուցվածքային մի ամբողջ թնջուկի հետ։ «Միանգամից շեշտեմ,-նշում է մեր հյուրը,- որպես տնտեսագետ` ես այն կարծիքին չեմ, որ կարճ ուղիները երկու կետերը միացնող այն կոմպոնենտներն են, որոնք դյուրին են եւ, հետեւաբար, ձեռնտու։ Մինչդեռ այստեղ անվտանգային խնդիրներ կան։ Երաշխավորված երկարաժամկետայնության խնդիր կա։ Տեխնիկական-տնտեսական շատ այլ հարցերին զուգահեռ (նոր մագիստրալներ, միացումներ, կցահանգույցներ) նպատակի խնդիր կա. լավ, գնացքը եղավ, իսկ ի՞նչ ենք արտահանելու։ Խնդիրն էապես պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով»։
Անդրադառնալով վերջինիս, դրա արդյունավետությանը, բարենպաստությանը, բարձր արտադրողականությանն առնչվող հարցին` մասնագետը նկատում է, որ այն կարող է այդպիսին լինել, եթե խարսխվի գիտության ձեռքբերումների վրա. «Տնտեսության խնդիրների լուծումը պետք է իրավիճակին համահունչ լինի։ Պաշտպանական խնդիրներից ենք խոսում, ուրեմն պետք է գործելակերպն էլ համահունչ լինի, բյուջեի բաշխմանն էլ պետք է նորովի մոտենանք։ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումի՞ց ենք խոսում, ուրեմն վերաբերմունքն էլ համապատասխան պետք է լինի»։
Միով բանիվ, ինչպես եզրափակում է Հայկ Սարգսյանը. «Անվտանգության լրջագույն խնդիրներ ունենք։ Այսօր Արցախը պետք է ամեն գնով կարողանանք պահել։ Մեր գոյապահպանությունը ես սրա մեջ եմ տեսնում։ Եվ մեր երկրի տնտեսական տրամաբանությունն ու քաղաքականությունն անպայման պետք է բխեն հենց սրանից»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կրթությունն ու գիտությունը՝ գլխավոր առաջնահերթություններ
-Պրն Սարգսյան, Դուք չտարանջատեցիք Հայաստանն ու Արցախը, որովհետեւ ժողովրդի տարբեր հատվածները չեն բաժանվում, ինչպես եւ, իհարկե, սփյուռքը…
-Բարեկամներս, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը պետք է լինի ոչ թե անհատական կարծիք, այլ ժողովրդական հավաքական տեսակետ: Չպետք է տարանջատել այս երեք բաղադրիչները, որոնք նպատակաուղղված են միեւնույն գաղափարին: Դա հիմնականում ձեւավորվում է ժողովուրդների բարեկեցության նպատակի շուրջ: Հաջորդ կարեւոր գաղափարը կառուցվում է Արցախի գոյության շուրջ, որով էլ պայմանավորված է Հայաստանի գոյությունը: Տարիներ շարունակ խուսափել են Արցախի կարգավիճակի հիմնախնդրի լուծումից, ինչը հանգեցրել է այսօրվա օրհասական իրավիճակին: Այս թեմայի շուրջ կմտաբերեմ ուսուցչիս խոսքերը՝ կարեւոր են վերջնարդյունքները: Իսկ ո՞րն է այդ վերջնարդյունքը. ժողովրդի ինքնորոշման սկզբունքով անկախ պետություն ունենալը: Դա անխոս կնպաստի հայապահպանությանը եւ հայրենազրկման կանխմանը: Արցախն ամեն գնով պետք է պահել. եթե այն կորցնենք, դա ողբերգություն կլինի բոլորիս համար:
-Դուք նախաձեռնել եք սեմինարների շարք, որի նպատակը հայեցակարգային փաստաթղթի մշակումն է: Այդ քննարկումները վեց ուղղություններով են ընթանում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին գիտական ղեկավարը: Կխնդրեի անդրադառնալ սեմինարների վերջնարդյունքին: Ձեւավորումից հետո ի՞նչ տեսք կունենա փաստաթուղթը, եւ, որ ամենակարեւորն է, ինչպիսի՞ն կլինի նրա կիրառական նշանակությունը:
-Հարցն ի սկզբանե էր մտահոգում մեզ: Երկրի կառավարությունը, խորհրդարանը, մտավորականությունը պետք է լծվեն այդ հայրենանվեր գործին եւ մեթոդաբանական առումով գտնեն ճիշտ ուղղությունները, որոնք լուծում կտան մեր ազգային խնդիրներին: Սեմինարների նպատակը դա էր: Ընդհանուր լուծում չի գտնվի, եթե այդ խնդիրները մեկուսի դիտարկվեն: Հասարակության մի ստվար զանգված կողմ է ինքնիշխան պետություն ունենալուն եւ այն պահպանելուն. ես այդ խմբի գաղափարակիցն եմ: Կասկածի տակ առնել, զիջել, վիճարկել ինքնիշխանությունը նշանակում է դանդաղ քայլերով «սպանել» երկիրդ: Իսկ դա կանխելու համար պետք է, որքան հնարավոր է, պաշտպանել պետությունն արտաքին գործոններից ու դերակատարներից, որոնք ստիպում են զիջումներ անել ինքնիշխանության ու պետականության հաշվին:
Վերջերս մեր երկրին տրվել էր հատուկ կարգավիճակ, այսինքն՝ կամուրջ էինք համարվում եվրոպական մի շարք երկրների եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Որքան էլ գրավիչ է այն, չպետք է դադարել աշխատել ինքնիշխանության պահպանման ուղղությամբ, հատկապես երբ դա զիջելու նախադեպը որոշ դեպքերում ունեցել ենք: Ցավալին այն է, որ հասարակությունը պատրաստակամ չէ մասնակից լինելու այդ գործին: Դրա վառ ապացույցն ընտրություններն են, գլխավորապես՝ վերջինը, որը ցույց տվեց, որ մեծամասնությունն ուղղակի չմասնակցեց ընտրություններին: Դա հղի է անորոշություններով ու ռիսկերով: Մեր մեթոդական տեսակետի համաձայն՝ նման ազգային-պետական խնդիրները մեկուսի չենք դիտարկում, այլ ընդհանրական ձեւաչափով: Քաղաքագիտական վերլուծությունների մեջ եթե բացակայի իրավական բաղադրիչը, ապա հայեցակարգը կարելի է համարել լուծարված: Դրանք փոխկապակցված են: Հայեցակարգային փաստաթղթի կիրառական վերջնարդյունքներն ավելի նկատելի կլինեն հիմնականում տնտեսական, քաղաքական, իրավական, էթնոմշակութային անվտանգության ոլորտներում:
Առանձնահատուկ ցանկանում են նշել ռազմական անվտանգության բաղադրիչը, որում ներառված է երկու ենթաբաժին` պաշտպանական (բանակ) եւ դիվանագիտական (արտգործնախարարություն): Այս երկուսի պրոդուկտներն ինչ-որ իմաստով փոխլրացնում են, փոխարինում միմյանց: Թույլ կամ ճիշտ չմշակված դիվանագիտությունը կարող է այդքան կորստաբեր չլինել, եթե ռազմական առումով երկիրն ուժեղ է ու պաշտպանված, եւ հակառակը: Այսպիսով՝ կատարյալ վերջնարդյունքի համար շատ կարեւոր է դիվանագիտության ու ռազմական ոլորտների զուգահեռ ճիշտ աշխատանքը: Ցավոք, այս առումով խոր հիասթափություն կա, որն սկիզբ առավ դեռեւս 44-օրյա պատերազմի առաջին օրերից: Ամբողջ քրիստոնեական աշխարհը միայն վշտակցություն էր հայտնում եւ անարդյունք կոչերով հանդես գալիս, սակայն այլ պատկեր պետք է լիներ: Սա ես վերագրում եմ դիվանագիտության ոչ լիարժեք աշխատանքին:
-Հիմա մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական վերադասավորումների կիզակետում: Հայաստանն ի՞նչ մոտեցումներ պետք է ունենա:
-Կարծում եմ` հնարավոր սցենարների համատեքստում պետք է դիտարկել մեր տեղն ու դիրքը: Ինքս, լինելով ինքնիշխան պետության ջատագովը, չեմ բացառում ոչինչ: Պատմությունը, ցավոք, կրկնվում է: Վատագույնից խուսափելու համար պետք է քննարկման առարկա դարձնել ավելի իրատեսական սցենարները եւ գործել դրանց համաձայն: Կանխատեսական վերլուծությունների շնորհիվ ռազմաքաղաքական ղեկավարության համար ավելի է դյուրին դառնում որոշումներ կայացնելու գործընթացը: Շատ կարեւոր է քննարկումներին մասնակից դարձնել երկրի էլիտային, քանի որ այս առումով տեսակետների փոխանակումը նույնպես անվտանգության բաղադրիչ է: Փրկությունը հավաքական ուժի մեջ է: Հույն փիլիսոփա Ստրաբոնն այսպիսի մի միտք ունի, որը կարծես հենց մեզ համար է ասվել. «Յուրաքանչյուրին թվում է` ինքը խորամանկ աղվես է, բայց հենց միավորվում են, դառնում են ոչխարի հոտ»: Աստված հեռու պահի մեզ նման միավորումից: Կեցության որակը պետք է միաբանության վրա խարսխվի:
Այս դեպքում եւս կարեւոր է Հայաստան-Արցախ-սփյուռք եռակողմ սերտ համագործակցությունը: Հասկանալի է, որ բանակցային գործընթացներում շատ որոշումներ չեն հանրայնացվում, բայց վերջնարդյունքին մոտենալու առումով հանգամանքները պետք է պարզորոշվեն` ո՞ւմ անունից է կայացվում որոշումը, ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ այն ապագայում… Այստեղ միայն լիազորությունների խնդիրը չէ, այլ պատասխանատվության, որը պետք է դառնա իշխանությունների եւ ժողովրդի սեփականությունը:
-Պրն Սարգսյան, Դուք իրավացի եք՝ 44-օրյա պատերազմի ծանրագույն շրջանում քրիստոնեական պետությունները դեկլարատիվ խոսքերից այն կողմ չանցան: Կարծում եմ` այդ առումով էլ գաղափարախոսական խնդիրներ ունենք այն իմաստով, որ պետք է քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր ապրում են հավատքով, դիտարկել մի հարթության մեջ, իսկ մնացածը` ռեալ պոլիտիկի շրջանակներում: Այսօր Եվրոպայի ամենամեծ քրիստոնեական երկիր Ուկրաինան օգնության է դիմում մուսուլմանական, պանթյուրքիզմով, պանիսլամիզմով սնվող Թուրքիային: Իշխանությունները չունեն հավատքի չափորոշիչներ, որը հատուկ է միայն հավատացյալ հանրույթին: Ստացվում է` ինչպես մնացյալ բոլոր պետությունները, այնպես էլ մենք պետք է փորձենք շարժվել քաղաքական, տնտեսական, ռազմական շահերով…
-Ես լիովին համաձայն եմ Ձեր մոտեցման հետ: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք քաղաքակրթությունների թնջուկում ոչ սովորական, բայց եւ ոչ արտասովոր դեր ունենք: Ուստի պետք է ջանալ իրագործելու մեր ազգային իղձերն ու նպատակները, չպետք է ընկնենք էյֆորիայի մեջ, չպետք է ակնկալենք, որ կարճաժամկետ հատվածում կլուծվեն որոշ խնդիրներ, չպետք է սին հույսեր ձեւավորենք: Պետք է օրենքի դաշտը կարգավորել, որով, կարծում եմ, կկրթվեն մարդիկ: Կրթությունը որոշ չափով երաշխիք է ճիշտ ընտրություն կատարելու եւ պատճառաբանված որոշումներ կայացնելու համար: Իսկ ճիշտ ընտրությանը կհետեւեն արդեն լավ օրենքները, դա կհանգեցնի սահմանադրական նորմերի հարգմանն ու կատարմանը: Սա գաղափար է, որի շուրջ պետք է միավորվել: Իսկ թե ինչպե՞ս, դա արդեն իշխանությունների ու հասարակության գործողությունների արգասիքը պետք է լինի:
Այս տեսլականին հասնելու ճանապարհին ո՞րն է գիտության ու կրթության դերը: Առանց գիտության կարող ենք խարխլել մեր անվտանգությունը: Կարող են առանձին խնդիրներ առաջանալ` կանխորոշված մեր ներքին գործոններով, օրինակ` ընտրազանգվածի անվստահություն եւ այլն: Սրանք եւս անվտանգային լուրջ խնդիրներ են: Կրթությունն ու գիտությունը պետք է դառնան մեր գլխավոր առաջնահերթությունները:
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ