1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից ստորագրվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, իսկ 10 տարի անց՝ մայիսի 14-ին հիմնվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):
ԵՊՀ-ում հոբելյանական տարեթվերին նվիրված օրեր առաջ կազմակերպվել էր միջազգային գիտաժողով, որին զեկույցներով հանդես եկան ճանաչված գիտնականներ եւ փորձագետներ ՀԱՊԿ անդամ երկրներից։ Ժամանակակից համաշխարհային քաղաքական գործընթացների մարտահրավերները ստիպում են պետություններին միավորվել որոշակի ռազմաքաղաքական համակարգերի շրջանակներում՝ այդ մարտահրավերներին համատեղ դիմակայելու եւ արտաքին քաղաքական խնդիրները լուծելու համար։ Հաշվի առնելով այդ ամենը, մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձան ներկա աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության զարգացման հեռանկարներին, առկա խնդիրներին, մարտահրավերներին եւ ներուժին։ Միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համատեղ ջանքերով:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Ռոման Կարապետյանի խոսքով, աշխարհաքաղաքական միջավայրը, որում զարգանում են հետխորհրդային տարածքի երկրները, ստիպում է նրանց ավելի կոլեկտիվ գործել ընդհանուր բնույթի խնդիրների լուծման գործում, իսկ ՀԱՊԿ-ը, չնայած իր բոլոր խնդիրներին եւ թույլ կողմերին, տասնամյակներ շարունակ մնացել է տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության ապահովման միակ տարածաշրջանային գործիքը. «Կազմակերպությունը դեռ զարգացման փուլում է. այն կատարելագործման կարիք ունի, ուստի անդամ երկրների խնդիրն է հավաքական կամք դրսեւորել առկա բացերը լրացնելու եւ համակարգի անվտանգության գործիքներն էլ ավելի զարգացնելու համար։ Այս առումով առաջին հերթին անհրաժեշտ է բաց երկխոսություն զարգացնել եւ հստակ գնահատել հիմնական խնդիրները»։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անվտանգության քաղաքականության գործիքակազմում կազմակերպության ունեցած դերակատարությանը, նա նշեց, որ այսօր այն բազմակողմ համագործակցության հիմնական օղակն է, որի շուրջ մեր երկիրը կառուցում է իր անվտանգության քաղաքականության օրակարգը։ Առկա խնդիրների եւ մարտահրավերների մասին խոսելիս, Կարապետյանն առանձնացրեց հատկապես ճգնաժամային իրավիճակներում չափելի դարձած բացերին, ինչպես օրինակ՝ Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մինչ օրես լարված իրավիճակը, Կենտրոնական Ասիայի ճգնաժամային իրավիճակները։ «ՀԱՊԿ-ի հիմնական թույլ կողմը անդամ երկրների միջեւ երկկողմ համագործակցության գործող մեխանիզմների թուլությունն է»,- կարծիք հայտնեց նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ վստահությունն ու դաշնակցային երկկողմ հարաբերությունների զարգացումը կարող են դառնալ այն հիմնական երաշխիքները, որոնք պոտենցիալ հակառակորդին կստիպեն պատերազմ չվարել դաշինքի անդամ երկրներից որեւէ մեկի դեմ։ Նա կարեւորեց նաեւ զսպող եւ կանխարգելիչ մեխանիզմների մշակումը։
Անկախ հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Շերալի Ռիզոյոնը (Տաջիկստան) նույնպես կարծում է, որ ՀԱՊԿ-ն իր գոյության 20 տարիների ընթացքում դարձել է հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման լուրջ գործոն։ Այն կարեւոր դերակատարություն ունի նաեւ Աֆղանստանից բխող սպառնալիքների եւ մարտահրավերների կանխարգելման հարցում։ «2021-ին Աֆղանստանում իրադարձությունների զարգացումը մեծ ցնցում էր Տաջիկստանի համար, որն անվտանգության հնարավոր ռիսկերը վերածեց իրական սպառնալիքների»,- ասաց նա՝ նշելով, որ պաշտոնական Դուշանբեի կողմից թալիբների եւ նրանց իշխանությունը չճանաչելը հիմնականում հիմնված է քաղաքացիական պատերազմի իրենց փորձի վրա, որտեղ հակամարտության մյուս կողմը «քաղաքական» իսլամն էր:
Տաջիկստանի մտահոգությունը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ թալիբների իշխանության չճանաչման հետ կապված պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես, ծայրահեղականության ու ահաբեկչության գեներացում, իշխանության բռնի զավթում եւ իսլամական էմիրության ձեւավորում, որը կարող է ակտիվացնել մարգինալացված տարրերը։ Այս ամենի արդյունքում էապես փոփոխության է ենթարկվում անվտանգության համակարգը Կենտրոնական Ասիայում, ինչը վտանգ եւ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն տվյալ տարածաշրջանի, այլեւ մյուս տարածաշրջանների համար։
Քաղաքագետ, հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտի (Բելառուս) գնահատմամբ, ՀԱՊԿ-ն, որպես ռազմաքաղաքական դաշինք, ներկայումս ակնհայտորեն անելիք ունի միջազգային ասպարեզում միասնական դիրքորոշում մշակելու եւ դրսեւորելու առումով. «ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում կա իսկական բլոկային կարգապահություն, երբ նրանց բոլոր անդամները, ի վերջո, միասնական դիրքորոշում են ընդունում, հատկապես աշխարհաքաղաքական եւ տնտեսական հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ: ՀԱՊԿ երկրները պետք է ունենան նույն միասնական դիրքորոշումը, որովհետեւ անընդունելի է, երբ մի երկրի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, նրա դեմ տնտեսական խեղդող պատերազմ է մղվում, տարածքային ամբողջականությունը ոտնահարվում է, իսկ մյուսները փորձում են ձեւացնել, թե դա իրենց չի վերաբերում»։
Ձերմանտը կարեւորում է ՀԱՊԿ-ի աշխատանքում վերլուծական բաղադրիչի ուժեղացումը, այսինքն՝ կազմակերպության քարտուղարությանն անհրաժեշտ է մի ստորաբաժանում, որը կզբաղվի վերլուծությամբ եւ կանխատեսմամբ, միաժամանակ անհրաժեշտ է համարում անդամ երկրների վերլուծական կենտրոնների եւ «ուղեղային կենտրոնների» ցանցի ստեղծումը, որը կզբաղվի միջազգային օրակարգի ընդհանուր վերլուծությամբ եւ դրան համապատասխան քայլերի մշակմամբ։ Լրագրողներ հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի դերն առաջիկայում կմեծանա, նոր գործառույթներ կտրամադրվեն, իսկ կազմակերպության արդյունավետությունն էլ կբարձրանա, քանի որ դաշնակիցները փորձում են տարբեր բաներ, ինչը նախկինում չի արվել. «Հասկանալի է, որ յուրաքանչյուր պետություն պետք է իր շահերը պաշտպանի, բայց բոլորս ունենք տարբեր իրավիճակներ, աշխարհաքաղաքական շահեր։ Հույս ունեմ, որ կարեւոր հարցերի շուրջ կգտնվի կոնսենսուս»։
Քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, ՌԴ ԱԳ նախարարության Մոսկվայի միջազգային հետազոտությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Սիլաեւի խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ ուկրաինական իրադարձություններով պայմանավորված, մենք գտնվում ենք նման մասշտաբի խոշորագույն միջազգային ճգնաժամի առջեւ. «Այսօր, երբ խոսում ենք անվտանգության մասին հետխորհդային տարածաշրջանում եւ մասնավորապես ՀԱՊԿ-ի մասին, դժվար է չխոսել Ուկրաինայի մասին։ ՀԱՊԿ-ի պահպանումը եւ ակտիվ գործունեությունը նման պայմաններում խոսում է կազմակերպության մեծ ներուժի մասին։ Կարեւոր է ընդգծել, որ միությունների պարագայում կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունենում, այլեւ այն, թե ինչ տեղի չի ունենում։ Միությունը ոչ միայն պարտականություն է փոխադարձ անվտանգության մասով, այլեւ զսպման մեխանիզմ է»։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Ժակ Մանուկյանի խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային տարածքում ծավալված ինտեգրացիոն գործընթացները հիմնականում կայունության չհանգեցրին, իսկ խնդիրների բազմակի ու բազմաշերտության պատճառով հետխորհրդային հանրապետություններից որեւէ մեկը գործնականում չկարողացավ ինքնուրույն լուծել անվտանգության հարցերը։ «Հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք այժմ ծավալվում են Ուկրաինայում, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը հսկայական ռիսկեր է ստեղծում, ինչը կարող է ի վերջո հանգեցնել ՀԱՊԿ-ՆԱՏՕ գծով առճակատման։ Ուստի, կարեւորելով ռազմական բաղադրիչի կատարելագործումը, կարծում ենք, որ այս համատեքստում պակաս կարեւոր չէ ՀԱՊԿ գաղափարական բազայի ստեղծումը»,- ասաց նա, նաեւ նշեց, որ անհրաժեշտություն կա ուժեղացնելու կազմակերպության քաղաքական բաղադրիչը, մասնավորապես կատարելագործելու կանխարգելիչ դիվանագիտության գործիքները, ինչը ՀԱՊԿ-ին տարածաշրջանային բացասական գործընթացների զարգացումը որոշակի չափով վերահսկելու կարողություն կտա։
Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի ներկայացուցիչ, ծրագրային համակարգող Պյոտր Կորտունովի դիտարկմամբ, Արցախի շուրջ ճգնաժամը, Ղազախստանում անկարգությունները, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի վերջին իրադարձությունները բացահայտեցին որոշ խնդիրներ, որոնք վաղուց արդիական էին կազմակերպության համար, իսկ այսօր է՛լ ավելի կարեւոր են դարձել։ Փորձագետը կարեւորում է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության ներդաշնակեցումն այնպես, որ դա առավելագույնս համապատասխանի ՀԱՊԿ ընդհանուր շահերին։ «ՀԱՊԿ անդամները պետք է մշակեն ԱՄՆ փափուկ ուժի սեփական անալոգը, որն ի վիճակի կլինի միավորել դաշինքի անդամներին նույնիսկ առանձին-առանձին եզակի խնդիրների լույսի ներքո։ Միաժամանակ կազմակերպությունը պետք է բարեփոխվի այնպես, որ յուրաքանչյուր անդամի երաշխավորվի դաշինքի մյուս անդամների իրական օգնությունը՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։ Թե կոնկրետ ինչպես ՀԱՊԿ-ն կարձագանքի այս մարտահրավերներին, մեծապես կորոշի կազմակերպության ճակատագիրը՝ որպես այլընտրանք Հյուսիսատլանտյան դաշինքին մոտ ապագայում»,- ասաց նա՝ նշելով, որ առայժմ դժվար է հստակ ասել, թե ինչպես կանդրադառնա ուկրաինական հակամարտությունը ՀԱՊԿ-ի վրա։ Հետեւանքները կախված են թե՛ հակամարտության տեւողությունից, թե՛ տնտեսական վնասից, որը Արեւմուտքի պատժամիջոցների ճնշումը կհասցնի Ռուսաստանին ու Բելառուսին։ Անդրադառնալով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությանը Ղազախստանի ներքին ճգնաժամի կարգավորման հարցին, ռուս փորձագետը նշեց, որ չնայած կիրառվող սահմանափակ ուժերին, այն զգալիորեն բարձրացրեց ՀԱՊԿ-ի հեղինակությունը նրա անդամների եւ համաշխարհային հանրության աչքում, սակայն Ղազախստանի օրինակը դժվար թե կարելի է համարել կազմակերպության լեգիտիմության ամրապնդման միտումի սկիզբ։
Տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, գնդապետ Նուրլան Դոսալիեւի (Ղրղզստան) խոսքով, ՀԱՊԿ-ն երկար ճանապարհ է անցել իր ձեւավորման եւ զարգացման մեջ՝ տարիների ընթացքում կուտակելով զգալի փորձ եւ ներուժ՝ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ «Տրամաբանությունն ու բանականությունը հուշում են, որ հետխորհրդային տարածքի երկրները պետք է արդեն իսկ երեկ կառուցած լինեին իրենց նոր, արդիականացված պաշտպանական համակարգը, առաջին հերթին՝ ռազմական անվտանգությունը։ Սխալ է կարծել, թե կարելի է ապահովել սեփական անվտանգությունը միայնակ կամ կասկածելի չեզոքության կարգավիճակին հավատարիմ մնալով, կամ առավել եւս՝ որոշ նոր «գործընկերների» հետ,- ասաց գնդապետը, շարունակելով,- ժամանակն է, որ նախկին խորհրդային հանրապետությունները վերանայեն իրավիճակը եւ սկսեն կառուցել ընդհանուր ռազմական եւ պետական անվտանգության կառույց։ Եվ այս կառույցը պետք է ապահովի ընդհանուր զինված ուժեր եւ միասնական պետական անվտանգության համակարգ»։