Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ-ի ԱԽ-ում նախօրեին հրավիրված երկրորդ քննարկումը, ի տարբերություն նախորդ օրվա նիստի, բաց ընթացակարգ է ունեցել, ինչը նույնպես ՀՀ-ն էր առաջարկել: Համաշխարհային թիվ մեկ կառույցից մեր ակնկալիքն առաջին հերթին կոնկրետ բանաձեւերի ընդունումն է, սակայն այդ կառույցի մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումների հնչեցումը նման բարձր ամբիոնից ոչ պակաս զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի հետագա հնարավոր նմանատիպ քայլերի վրա: Լիովին օրինաչափ էր, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հնչեցրել է կանխատեսումը, որ համարժեք արձագանք չտալու դեպքում այս երկիրը կարող է դիմել նոր ագրեսիայի՝ այս անգամ արդեն Նախիջեւանի հատվածից:
Դեսպանը ՀՀ-ի անունից ընդգծել է ԱԽ-ի կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացումը, մասնավորապես ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը, որպեսզի այդ հարթակից պահանջվի անհապաղ եւ առանց նախապայմանների Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից ու զերծ մնալ ագրեսիայի հետագա գործողություններից՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորություններին համապատասխան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում հայտնեց, որ թեեւ քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այն որեւէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարեւորությունը, որովհետեւ նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ: ՄԱԿ-ն առայժմ փաստաթուղթ չի ընդունել, սակայն խորհրդի անդամ պետությունների մեծ մասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան՝ ընդգծելով ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիությունը, ադրբեջանական զինուժի՝ նախկին դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Կողմերի միջեւ հավասարության նշան չդնելու այս փաստն էական ձեռքբերում է սովորաբար չեզոք դիրքերից հանդես գալու գործելաոճ ունեցող ՄԱԿ-ի այս կառույցի համար, սակայն կառավարության նիստում ՀՀ ԱԳ նախարարը նաեւ ստիպված էր ընդգծել, որ որոշ պետություններից ունեցած ակնկալիքներն այնքան էլ չեն արդարացել:
Միանշանակ է, որ ՀՀ սահմաններին իրավիճակը դեռ լարված է, եւ միջազգային կառույցների, գործընկերների արձագանքն ու ուշադրությունը խնդրին կարող են էական զսպող դեր խաղալ՝ կանխարգելելով իրավիճակի հետագա լարումը: Դրա համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիայի ղեկավար Մակրոնի հետ հեռախոսազրույցում արձանագրել է, որ ՀՀ սահմանին տիրող իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում:
Ունենալով նախկին փորձը, երբ հայտարարությունների մակարդակում ագրեսիաների դատապարտման պակաս չի եղել, որոնք, սակայն, գործի կեսն են եղել միայն, ՀՀ-ն գործադրում է նաեւ իր անվտանգային գործող համակարգերը: Դրանցից մեկը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքն է, որի առաքելությունը ժամանել էր Հայաստան, որպեսզի այդ կառույցի նախագահությանը ներկայացնի զեկույց իրավիճակի վերաբերյալ: Միանշանակ է, որ զեկուցվելու է այն, ինչ կա, հետեւաբար՝ ՀԱՊԿ աշխատանքային խումբը կարձանագրի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի փաստերը, որոնց պայմաններում էլ կընդունվեն համապատասխան որոշումներ:
Այստեղ պետք է նշել, որ ՀՀ տարածքը ՀԱՊԿ անվտանգային համակարգի ներքո է, եւ այնտեղ արձանագրվող ցանկացած ագրեսիա առաջին հերթին հարվածում է այդ կառույցի վարկին: Տվյալ իրողությունը պետք է առաջնային լինի այս երիտասարդ կազմակերպության որոշումների ընդունման եւ կոնկրետ գործողությունների մեխանիզմներում: Իսկ հայ ժողովուրդն էլ իր բարեկամ ազգերի հետ վճռական զինվորագրված է հազարամյակների բնօրրանի ամեն մի թիզը պաշտպանելու պայքարին, ինչը միշտ վճռական եւ որոշիչն է եղել մեր պատմության տարբեր փուլերի գոյապայքարում: