Երկու տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի ու Արցախի դեմ թյուրքական լայնածավալ պատերազմ սկսվեց, եւ այն ընթացավ ոչ միայն պատերազմական, այլեւ ընդհանրապես մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։ Երկու տարի է անցել այն օրից, ինչ մենք ուշացրել ենք մեր վերականգնումը։ Երկու տարի է անցել այն օրից, ինչ մենք ինքներս մեզ համար հստակ չենք արձանագրել, որ «առաջադեմ» մարդկություն կոչվածը ոչինչ չի ասելու հանցագործին։ Որովհետեւ նախ՝ աշխարհի «արդարության» սկզբունքը միշտ շահի կողմն է, եւ հետո՝ այդ սկզբունքը երբեք չի պատժում մեծագույն հանցագործներին։ Փաստենք՝ երկու տարվա ընթացքում մեր հանդեպ թյուրքական հարձակումները չեն դադարում՝ ռազմական, տեղեկատվական եւ հոգեբանական առումներով։ Բայց մեր բանաձեւը ապրե՛լն է, եւ դա մենք դարերի համար փաստել ենք մեր պատմության վատագույն էջերից մեկից՝ 1915 թ. ընդամենը մի քանի տարի հետո։
Ճահիճն անպայման մահ չի՛ ենթադրում։ Եթե ընտրում ես մեռնելու ուղին, արդեն մեռած ես, ճահճին մոտենալու կարիք չկա։ Եթե ընտրում ես ապրելու ուղին, ուրեմն ճահճից դուրս գալու մի ծեղ աչքդ անպայման տեսնում է։ Չմոռանանք՝ մեր տոտեմը ճնճղուկն ու գառը չեն, արծիվն ու խոյն են։
2020 թ. պատերազմից անմիջապես հետո «ՀՀ»-ի հետ զրույցներում ամենատարբեր տնտեսագետներ նշում էին, որ աշխարհաքաղաքական վեկտորները լայն առումով նաեւ մեր դաշնակից պետությունների դեմ են ուղղված եւ հնարավոր է պահ գա, որ նույնիսկ նրանք չկարողանան մեզ օգնել՝ ցանկության պարագայում նույնիսկ։ Եվ որ թշնամին չի հանդարտվելու, նրա հայատյացությունը չի դադարելու, ախորժակը չի փակվելու։ Ապացույցը 2021 թ. մայիսից ՀՀ ինքնիշխան տարածք մտնելն է, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ պատերազմը։ Թշնամու ախորժակը փակելու մի ձեւ կա՝ մեր ոտքի կանգնելը։ Իսկ ոտքի կանգնելու համար մեզ բացարձակապես այլ կարգի տնտեսություն է պետք, ինչն էլ, իր հերթին, հսկայածավալ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։
Տնտեսագետներից մեկին առիթով հարցրեցի՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջավայր է պետք, անվտանգության ու պաշտպանական բազմաթիվ մատահրավերներ ունեցող մեր երկրում ո՞վ է ներդրում անելու։ Զրուցակիցս, թե՝ «եթե մեր հայրենիքը լքելու կամ մեռնելու ցանկություն չունենք, ուրեմն կգտնենք այդ ելքը»։ Մեկ այլ մասնագետի կարծիքով էլ՝ ելք գտնել պետք չէ, այն կա՝ ազգային ողջ ներուժի գործածմամբ տնտեսական արագ զարգացող եւ որակյալ համակարգի կառուցումն է։ Համակարգ, որը մեզ թույլ կտա լուծելու հենց նույն պաշտպանական խնդիրները։ Եվ այստեղ մեծ գործ ունի անելու պետությունը՝ թե՛ ազգային ներուժն ի մի բերելու եւ թե՛ հանրության հոգեբանական պատրաստվածության առումներով։ Ի դեպ, անկեղծ լինելու համար ասեմ, որ զրուցակիցներս երբեք թեզեր չեն հնչեցրել, նրանք արել են հստակ առաջարկներ, նշել են հստակ ուղղություններ, կոնկրետ հաշվարկներ ու թվեր մեջբերել։ Եվ նրանցից ոչ ոք իր իսկ առաջարկը չի առաջնայնացրել, համաձայնել են քննարկել բոլորը, ընտրել առավել ձեռնտուն ու կենսականը եւ շարժվել առաջ։
«Դո՞ւք էլ եք ոտքի կանգնելու համար մեջբերում 2-րդ համաշխարհայինից հետո բացառապես Ճապոնիայի եւ Գերմանիայի օրինակները». երեկ հարցրեցի տնտեսագետ Կարեն Սարգսյանին։ «Գիտեք, այսօր, երբ բոլորս ծանր բարոյահոգեբանական վիճակում ենք,- ասաց նա,- շատերս ենք ամենատարբեր օրինակներ հիշում մեր կամ այլ ժողովուրդների պատմությունից։ Սակայն կարեւոր մի նախափաստ չենք նշում. նույն Գերմանիան ու Ճապոնիան ինչպե՞ս ոտքի կանգնեցին, ինչպե՞ս վերագտան իրենց։ Ինքնավերլուծությա՛մբ։ Իրականում միայն ճգնաժամի հաղթահարման ցանկությունը դեռ շատ քիչ է։ Այդ երկրները հաջողության հասան, քանի որ թույլ տված սխալների պրիզմայով կատարած ինքնավերլուծության արդյունքում վերստին վերագտան իրենց ազգային կենսակերպը, ցուցաբերեցին ինքնագիտակցության, ինքնակազմակերպման բարձր մակարդակ, աշխատասիրություն, գլխավորը երկրորդականից տարբերելու ունակություն։ Այս նախաքայլի հիմքով ու հիմքին կառուցեցին իրենց երկրները։ Կհասկանա՞նք մեզ հետ տեղի ունեցածի ամբողջ ծանրությունն ու դրա հետեւանքով առաջացած բոլոր ռիսկերը, կվերագտնե՞նք մեր ազգային կենսակերպը, կվերագիտակցե՞նք մեր ու մեր երկրի արժեքը, մնացած փուլերն արդեն բարդ չեն լինի։ Մենք մեզ կարո՛ղ ենք թափ տալ եւ այլընտրանք չունենք»։
Պե՛տք է թափ տանք. գաղթի ճանապարհներին երեխաներին հայոց այբուբենը սովորեցնող ազգի կոդը սխալ ուղղությամբ չի կարող «բացվել»։ Պե՛տք է թափ տանք, եւ մնացյալ փուլերը բարդ չեն լինի։ Այս «մնացյալ» փուլերի, տնտեսության արագ վերականգնման ու դրա հետեւանքով մարտահրավերներին պատրաստ լինելու առաջարկների մասին շատ ենք խոսել, ուստի հիմա չենք անդրադառնա։ Բայց տնտեսական կենսական անհրաժեշտությունների համապատկերում ուզում ենք շեշտել ոչ պակաս կարեւոր հանգամանքներ։
Ցավով պետք է արձանագրենք, որ տեղեկատվական բաց տիրույթը (սոցհարթակներ նաեւ) մեր հանրությանը հնարավորություններից զատ նաեւ թյուրընկալումներ է մատուցում, ընդ որում՝ նաեւ փորձագետների կամ իրենց փորձագետներ համարողների ձեռամբ։ Երբ խոսում ենք Հայաստանի տնտեսության արագ տեմպերով զարգացման հնարավորությունների ու ներուժի մասին, զուգահեռ թեմա է նետվում, թե թուրքական տնտեսությունը վատ վիճակում է, գործազրկություն կա, ահռելի գնաճ, բողոքներ եւ այլն, եւ այլն։ Ինչու ենք ասում՝ «թեմա է նետվում». որովհետեւ զուգահեռ չի ասվում ճիշտը, այն է՝ այո, Թուրքիան խոցելի է, բայց այնքան թույլ չէ, որ տնտեսությունը մի քանի օրում փլուզվի։ Եթե սա չի ասվում, նշանակում է հանրության լայն մասսաները ենթագիտակցորեն հույս են կապում թուրքական տնտեսության փլուզման հետ, ինչը այդ հույսն ունեցողներին զրկում է ներքին դիմադրողունակությունից։ Մինչդեռ պետք է հանրության նույն շերտերի համար մասնագետներն ու փորձագետները հստակ ֆիքսեն՝ մեր հույսը ոչ թե թուրքական տնտեսության կործանումն է, այլ մեր կամքը՝ հայկական տնտեսությունն արագ տեմպերով վերականգնելու։
Մյուս կարեւոր հանգամանքը՝ պետք է, ի վերջո, հասկանանք, որ, այո, զբոսաշրջության ու սպասարկման ոլորտներում առաջընթացը լավ բան է (թեեւ թյուրքական կողմից մեզ վրա պարբերաբար հարձակումները այս վիճակն էլ կփոխեն), բայց տնտեսությունը դրա հույսին պահելը՝ աղետաբեր։ Մեզ պետք է արդյունաբերական տնտեսություն, ռազմարդյունաբերություն, այնպիսի կուռ համակարգային տնտեսություն, որն իր բոլոր հնարավորություններով կծառայի մեր անվտանգության ապահովմանը` կրթություն-գիտություն-տնտեսություն-բանակ շղթայի ճիշտ գործարկմամբ։
Երրորդ եւ վերջին հանգամանքը՝ տնտեսությունը քաղաքականացված չպետք է լինի։ Քանի որ մենք միշտ ասել ենք, որ տնտեսությունն ինքնին քաղաքականություն է եւ զուտ տնտեսություն չի լինում, հիմա ասածից հետո կարող է թյուրընկալում առաջանալ։ Մինչդեռ խոսքն ա ՛յն մասին է, որ չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ոլորտի կառավարումը, չպետք է տնտեսությունը օրվա քաղաքական տրամադրությամբ ու ըստ բիզնես շահի կրողի քիմքի առաջ տանել։ Տնտեսությունը, այո, քաղաքականություն է, ու մեր երկրի այսօրվա եւ վաղվա պետաքաղաքական եւ ազգային շահը թելադրում է ոչ թե սպասարկող-առեւտրային, այլ՝ արդյունաբերական- ռազմականացված տնտեսություն բոլոր ուղղություններում։
Կունենա՞նք, պատրաստ կլինենք մարտահրավերներին։ Պատրա՞ստ եղանք, այ հենց այդ ժամանակ էլ կստանանք իրական խաղաղություն։