Իսկապես, չիմացողների համար Բաքվից հնչած հայտարարությունները կարող են հալած յուղի տեղ ընդունվել, բայց, ինչպես ասում են, աշխարհը մի վերմակո՛վ չի ծածկված. որքան չիմացողներ կան, տասնապատիկ են իմացողները. հարցն այն է, թե ում ինչն է ձեռնտու՝ հավատալ Բաքվից հնչած կրակոցների՞ն, թե՞ այդ կրակոցները ջրել փորձող խոսքերին…
Արդեն սովորություն է դարձել, որ ադրբեջանական վերնախավը Հայաստանի հանդեպ հերթական ագրեսիայից առաջ կամ հետո միջազգային հարթակներում կա՛մ վերացական խաղաղության կոչեր է անում, կա՛մ մեղադրում Հայաստանին նախահարձակ լինելու մեջ, սակայն վերջերս Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել նոր մանեւրով՝ այս անգամ ուղղակիորեն դիմելով Երեւանին եւ, ոչ ավելի, ոչ պակաս, կոչ արել «իրական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե զբաղվել բանակցային գործընթացի իմիտացիայով», այն դեպքում, երբ Ադրբեջանը սույն թվականի սեպտեմբերի 13-14-ին լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ՀՀ ինքնիշխան պետության սահմանների ու տարածքների վրա։ Այստեղ հետաքրքիր է Բաքվի կրկներգը միջազգային իրավունքի սկզբունքների թեմայով, երբ հերթական անգամ փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնող, իսկ Հայաստանը՝ նախահարձակ՝ հիշեցնում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության պահպանման անհրաժեշտության մասին։
Հարց է ծագում՝ արդյոք Հայաստանը ինքնիշխան պետություն չէ՞, որ Ադրբեջանն այս էլ որերորդ անգամ ոտնձգություն է թույլ տալիս նրա տարածքային ամբողջականության հանդեպ, կամ մի՞թե Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն եւ դրանք գծելու առաքելությունը դրված է Ադրբեջանի վրա: Իսկ գուցե ալիեւյան վերնախավը ընդհանրապես շփոթո՞ւմ է Հայաստանն ու Ադրբեջանը՝ նախահարձակ հայտարարելով Հայաստանին, երբ պատերազմական գործողությունները տեղի են ունենում բուն Հայաստանի տարածքում, թե Հայաստանն է ադրբեջանցի զինվորներին հմայելով բերել իր տարածք ու կռիվ տալիս սեփական հողի վրա… Եվ հետո՝ ի՞նչ «բանակցային իմիտացիայի» մասին կարող է խոսք լինել ադրբեջանական խաղաղության իմիտացիայի ֆոնին, եւ, առհասարակ, հնարավո՞ր է որեւէ բանակցային գործընթաց կրակների ու արկերի տարափների տակ, երբ զոհերի թիվը մեկ-երկու օրվա ընթացքում հաշվվում է հարյուրներով, անգամ զոհվածների հանդեպ աննկարագրելի բարբարոսությամբ ու դրա ցինիկ ցուցադրությամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերումով։ Այսքանից հետո Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին «կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման»։
Դարձյալ հարց է ծագում՝ երբ 2020-ից մինչ օրս թուրք-ադրբեջանական երկյակը անխնա մոխրացնում, անապատի է վերածում տարածաշրջանի բնությունը, դա՞ էլ տարածաշրջանի բարգավաճմանն է միտված, թե՞ Հայաստանի բնությունը կապ չունի տարածաշրջանի հետ, եւ այն ավերելը բարեգործություն է համարվում։ Իսկ գուցե անընդմեջ ռազմական գործողություննե՞րն են տարածաշրջանի անվտանգության երաշխիքը, որ ջանադրորեն գործի է դնում Ադրբեջանը, թե՞ հայ ժողովրդի գոյությունն է խանգարում նրան խաղաղ ապրել Կովկասում եւ լինել տարածաշրջանի ճերմակ աղավնին։ Ով՝ ով, Ադրբեջանը չափազանց զգույշ պիտի լինի խաղաղության, անվտանգության, բարգավաճման կոչեր հնչեցնելուց, քանզի դրանց թիվ մեկ պատասխանատուն այդ արժեքները քամահրողն ու ծաղրողն է, նույն ինքը՝ Ադրբեջանի իշխանական վերնախավը, որին հետեւում է Ադրբեջանի մոլորյալ հասարակությունը եւ մաս կազմում նրա հանցանքներին: Իսկ այն ուժերին, որ հրահրում են ազգամիջյան բախումներ Հայաստանի հողի վրա, ուղղակիորեն ձեռնտու է Ադրբեջանի ու Հայաստանի կործանումը, քանզի Կովկասը նրանց պետք է առանց այնտեղ բնակվող ժողովուրդների, իսկ տարածքի անմիջական շահառուն Թուրքիան է լինելու, որին էլ «փոքր եղբոր» միամտությամբ անվերապահ վստահում է Ադրբեջանը ու ակամա գնում ինքնասպանության, քանզի Ադրբեջանը Թուրքիային պետք է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ձեռքով չի կործանել Հայաստանը…