Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի հետագա գործունեությունը ներկայումս վտանգված է՝ պայմանավորված «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ֆինանսական առկա խնդիրներով։ Համալիր ծրագրի հետագա իրագործման համար անհրաժեշտ է շուրջ 300 մլն դրամ։ Գումարը կհատկացվի։ Այդ իսկ պատճառով կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, գործադիրը որոշեց 2022 թ. պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում անել, նաեւ փոփոխություններ ու լրացումներ՝ 2021 թ. դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշումում։
Ինչո՞ւ հանկարծ նշյալ հիմնադրամին պետք եղավ այս գումարը, ի՞նչ խնդիր է ծագել։ Պարզաբանման համաձայն (տեղեկությունը բացառապես շրջակա միջավայրի նախարարությանն է,- Ա.Մ.)՝ այս պահի դրությամբ, համաձայն հիմնադրամի ներկայացրած տեղեկության, վճարման ենթակա հրատապ ծախսեր կան։ Խոսքը աշխատավարձի, հարկերի, փոխառության, հաշվապահական ծառայության վճարի, աուդիտի, վարկի մարման, էլեկտրաէներգիայի վճարի, «Սեւան ազգային պարկի» վճարի, ձկան կերի, սնանկության գծով կրեդիտորական պարտքի, տեխնիկական ու վերազինման այլ ծախսերի եւ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը կանխատեսվող ծախսերի մասին է։ Կարճաղբյուրի մանրաձկան գործարանում Սեւանի իշխանի մանրաձկան համապատասխան խմբաքանակ կա, որը 2023 թ. գարնանը կտեղափոխվի ցանցավանդակներ, իսկ ցանցավանդակներում առկա են տարբեր չափերի ձկներ, որոնց ապրանքային չափի հասցնելու նպատակով անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: «Հարկ է շեշտել, որ ներկա փուլում հիմնադրամի գործունեության արդյունքում կվերանա իշխանի երկու ենթատեսակների գենետիկ ռեսուրս հանդիսացող ամբողջ ծնողական կազմը, ինչը կհանգեցնի էնդեմիկ տեսակ հանդիսացող ձկնատեսակաների իսպառ վերացմանը» (ՇՄՆ-ի հիմնավորումից մեջբերումը բառացի է)։ Ելնելով վերոնշյալ հանգամանքից, անհրաժեշտություն է առաջացել նախարարության կողմից 2022 թ. պետական բյուջեով իրականացվող ծրագրերի միջոցառումների չօգտագործված եւ տնտեսված ֆինանսական միջոցներից 300,000.0 հազար դրամ գումարը բյուջետային վերաբաշխման ձեւով ուղղել ՇՄՆ-ի «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանում» ծրագրի նոր «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» առողջացմանն ուղղված աջակցություն» միջոցառմանը։
Ի՞նչ է ակնկալվում գումարը տալուց հետո։ Հիմնադրամին տրամադրվող սուբսիդիայի միջոցներով մինչեւ 2022 թ. ավարտը նախատեսվում է իշխանի պաշարների վերականգնման նպատակով բաց թողել շուրջ 30.000 հատ 3-4 գ միջին զանգվածով գեղարքունու մանրաձուկ: Մանրաձկան գործարանը ի վիճակի է տարեկան, բացի ցանցավանդակներ տեղափոխվող քանակից, ֆինանսական ապահովվածություն ունենալու դեպքում, բաց թողնել տարեկան շուրջ 500.000 հատ Սեւանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող տարբեր չափերի կենսունակ մանրաձուկ, ինչը կնպաստի Սեւանա լճի էկոհամակարգում այս ձկնատեսակի բնական պաշարների վերականգնման առավել արագ գործընթացին: ՇՄՆ-ն համոզված է, որ «կիրառելով մանրաձկան գործարանի տեխնիկական հզորությունները եւ մասնագիտական կարողությունները՝ կազմակերությունը կարող է իրականացնել Հայաստանում Էնդեմիկ, արժեքավոր, վտանգված եւ անհետացման եզրին գտնվող ձկանտեսակների պահպանություն եւ վերականգնում, ինչպես նաեւ արտադրական նշանակություն ունեցող այլ ձկնատեսակների պահում, բուծում»:
Նկատենք, որ այս որոշման նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարությունն առաջարկել է. «Եթե նախագծի նպատակն է հիմնադրամին ցուցաբերել հրատապ ֆինանսական աջակցություն, ապա, կարծում ենք, որ այն պետք է իրականացվի ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան ծրագրի հիման վրա, որով կհիմնավորվի հիմնադրամի եւ վերջինիս կողմից ստեղծված ՓԲԸ-ների հետագա ֆինանսական կենսունակությունը»:
Ֆիննախի առաջարկը, սակայն, չի ընդունվել հետեւյալ պատճառաբանությամբ. ֆինանսական աջակցության տրամադրումը պայմանավորված է հիմնադրամի կողմից անհետաձգելի ծախսերի իրականացման հրատապությամբ եւ աշխատանքների բնականոն ընթացքի ապահովմամբ։ Իսկ կառավարության կողմից հաստատված համապատասխան ծրագրի առկայություն հնարավոր կլինի ապահովել միայն հիմնադրամի եւ ՓԲԸ-ների հետագա ֆինանսական կենսունակության վերաբերյալ զուգահեռ իրականացվելիք մանրակրկիտ ուսումնասիրությունների եւ դրանց հիման վրա մասնագիտական եզրակացության առկայության պարագայում։
Ֆիննախն առաջարկել է նաեւ տնտեսված գումարներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որից հետո միայն, ըստ անհրաժեշտության, մանրամասն հիմնավորումներով (այդ թվում՝ հրատապության, ինչպես նաեւ 2022 թ. պետական բյուջեում այդ ծավալով ներառված չլինելու վերաբերյալ) ներկայացնել կառավարության որոշման առանձին նախագիծ պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ: Առաջարկը դարձյալ մերժվել է նույն պատճառաբանությամբ՝ հրատապության եւ աշխատանքի բնականոն ընթացքի ապահովման։
Ինչեւէ, այս որոշմամբ, որ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ նախատեսված չեն: