Եվրոպան Ուկրաինայում պատերազմի հետեւանքով տուժել է մոտավորապես 1 տրիլիոն դոլարի չափով։ Վերջին տասնամյակների ամենախոր ճգնաժամը դեռ նոր է սկսվում։ Սա՝ ըստ «Bloomberg»-ի։ Ճգնաժամի՝ դեռ նոր սկսվելու մասին խոսում է նաեւ «Oilprice.com»-ը։ Ըստ այդմ՝ հաջորդ 12-24 ամիսները վճռորոշ կլինեն՝ պարզելու համար, թե արդյոք Եվրոպան կարող է խուսափել երկարաժամկետ էներգետիկ ճգնաժամից: Ըստ ՄԷԳ-ի՝ եթե ռուսական գազի մատակարարումը իջնի զրոյի, իսկ Չինաստանի հեղուկ գազի պահանջարկը հասնի 2021 թ. մակարդակին, ապա 2023 թ. ԵՄ-ն կարող է ունենալ 27 մլրդ խմ առաջարկի եւ պահնաջարկի տարբերություն:
Թեեւ ձմռանն ընդառաջ գազապահեստարանները լցվել էին, բայց եվրոպական էներգետիկ ճգնաժամը դեռ հեռու է ավարտից։ Իրավիճակը, ըստ էության, կվատանա հաջորդ ձմռանը, երբ ռուսական գազամատակարարումը կնվազի (ընդ որում՝ նվազումը լավագույն դեպքն է դիտարկվում,- Ա. Մ.)։ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված եվրոպական տնտեսական «Bruegel» հետազոտական կենտրոնի գնահատումների համաձայն՝ «եթե Եվրոպայում կառավարությունները ոչինչ չանեն, բացի ֆինանսական աջակցությունից, եւ եթե նրանք ծածկեն գների բարձրացումը, ապա այս գումարը կներկայացնի ԵՄ տարեկան ՀՆԱ-ի զանգվածային 6 տոկոսը»։ Ըստ նշված կենտրոնի փորձագետների՝ կառավարությունների կողմից «զանգվածային մեծածավալ աջակցությունը կարող է հետաձգել գների նոր հավասարակշռության ճշգրտումը եւ ստեղծել ավելի մեծ աջակցության անհրաժեշտություն»։ Փոխարենը, խնայողությունները խրախուսելու եւ միաժամանակ առաջարկը մեծացնելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է «մեծ գործարք»։
«Oilprice.com»-ը, մեջբերելով «Gas Infrastructure Europe»-ի տվյալները, նշում է, թե ԵՄ գազապահեստարաններն սկսել են դատարկվել, եւ դեկտեմբերի 17-ի դրությամբ պահեստավորման ծավալը կազմել է արդեն 84 տոկոս։ Հաջորդ՝ 2023-2024 թթ. ձմռանը Եվրոպայում գազի մատակարարման բացը շատ ավելի մեծ կլինի առանց ռուսական գազի։ Եվրոպան մեծ քանակությամբ ռուսական գազ չի ներմուծի կամ ընդհանրապես չի ներմուծի, եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները Ուկրաինայի եւ «Թուրքական հոսքի» միջոցով (գործող միակ կապի)։
Չնայած ձեռնարկվող քայլերին՝ ուղղված ռուսական մատակարարումներից կախվածության նվազմանը, եվրոպական էներգետիկ շուկայում անորոշություն է. մասնագետներն ու փորձագետները հուսադրող կանխատեսումներ չեն անում։ Ռուսական մատակարարումների նվազմամբ պայմանավորված՝ LNG-ի հսկայական ծավալներ կպահանջվեն։ Իսկ սա նշանակում է, որ շուկան կշարունակի անորոշ մնալ։ Սա թույլ չի տա նաեւ զսպել Եվրոպայում բնական գազի գները՝ գնաճային շղթայական ռեակցիա առաջացնելով։ Կա երկու գործոն եւս, որ դիտարկում են փորձագետները. նախ՝ եղանակի հետ կապված անորոշությունները, եւ հետո՝ Ասիայում եւս LNG-ի պահանջարկի պոտենցիալ աճը։ Ինչքանով ԵՄ-ն դիմակայելու կարողություն կունենա, կերեւա նաեւ հաջորդ ձմռանը։ Այս ամենը, իհարկե, պայմանավորված է ռուս-ուկրաինական ծավալումներով եւ այս համապատկերում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքավորումներով։ Այսինքն՝ դարձյալ անորոշությամբ։
Հիմա՝ եվրոպական այս վիճակից օգտվում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այս երկու պետություններն էլ ճկուն գտնվեցին (իմա՝ Անկարան եւ Անկարայի թելադրմամբ՝ Բաքուն, բայց մեզ համար հայտարարը նույնն է)՝ խաղալով ռուս-արեւմտյան լարի վրա եւ օգուտներ քաղելով երկու կողմից էլ։ Եվ քանի որ աշխարհաքաղաքական առումով բարենպաստ վիճակ են իրենց համար ստեղծել Թուրքիան ու Ադրբեջանը, մեր տարածաշրջանում ինչ ուզում անում են։ Է՛լ Արցախը Հայաստանին կապող ճանապարհն են փակում՝ Արցախի հարցը լուծված համարելով, է՛լ Երեւանին են սպառնում՝ խոստանալով Հայաստանի հարցերն էլ լուծել։ Արցախն ու Հայաստանն էլ աջակցություն են ստանում միայն միջազգային կոչերի ձեւով։ Մենք չենք կարող, սակայն, մեր դիվանագիտությունը կառուցել միայն միջազգային այս կամ այն ուղղություններով մեղադրանքներ հնչեցնելով։ Օրինակ՝ եթե մենք Արցախից ձեռքերս լվանում ենք՝ ասելով, թե Բերձորի միջանցքը Ռուսաստանի վերահսկողությամբ է, բնականաբար, միջազգային հարթակներից էլ մեզ հարց «կուղղեն»՝ իսկ ո՞ւմ վերահսկողությամբ են Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որտեղ մտել է Ադրբեջանը եւ դուրս չի գալիս (իրականում հարց չեն ուղղի, կեցվածքն արդեն դրսեւորել են, ասածը հռետորական է միջազգային հարթակի եւ առարկայական՝ մեզ համար)։ Սա նշանակում է, եթե ինքներս որեւէ քայլ չենք անում մեր շահերի պաշտպանությանն ուղղված, ապա որեւէ ուղղությունից մեզ իրական աջակցության ակնկալիք ունենալու իրավունքը չենք ունենում։ Կամ՝ ինչ իրավունքով ենք Եվրոպայից նեղանում այն բանի համար, որ թյուրքական կողմի հետ էներգետիկ համաձայնագրեր է կնքում՝ իր խնդիրները լուծելու համար։ Բարոյականությունի՞ց ենք խոսում, զարմանո՞ւմ ենք, որ «ժողովրդավարական արժեքներ», «մարդու իրավունքներ» քարոզող երկրներն աշխատում են թյուրքական երկու բռնապետների հետ։ Զայրանո՞ւմ ենք աշխարհի անտարբերությունից։ Ի՜նչ է, չգիտե՞նք դրվածքն աշխարհի, իրականությունից դրախտի տեսության իրացման սպասելի՞ք ունենք։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ բավական բարդ ու հարափոփոխ տարածաշրջան է, եւ այստեղ գոյատեւում են միայն ուժեղները: Ուզո՞ւմ ենք ապրել, ուրեմն պետք է ուժեղ լինենք։
Ադրբեջանական դպրոցներում առաջին դասարանից հայատյացություն են քարոզում, Ադրբեջանում եւ Թուրքիայում հայատյացությունը պետական ամենաբարձր մակարդակներով է, իսկ հայկական դպրոցներում, շրջաբերականի համաձայն, հետայսու կարող է արգելվել ռազմահայրենասիրական բոլոր տեսակի խմբակների գործունեությունը։ Թուրքիան եւ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ են անում, մենք՝ ցույցեր դեսպանատների առջեւ։ Թյուրքը մեր առջեւ անընդհատ տարածքային պահանջներ է դնում, մտնում ՀՀ ինքնիշխան տարածք, ՀՀ-ն ու Արցախը կապող միակ ճանապարհը փակում, մենք՝ զուտ հումանիտար ճգնաժամից ենք խոսում։ Խոսու՛մ։ Մինչդեռ գործել է պետք։ Այո, հատկապես 44-օրյայից հետո, Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով, Հայաստանի Հանրապետությունը ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ տնտեսապես շատ է թուլացել, բայց դեռ այնքան անուժ չէ, որ գործել չկարողանա։
Մեր ուղեղներին հրամցվող մեր՝ անուժության, թուլության, խեղճության թեզերը կեղծ են, մեր դեմ հոգեբանական պատերազմ է մղվում, բայց մենք տանուլ տալու իրավունք չունենք։ Մենք կարո՛ղ ենք եւ պե՛տք է վերականգնենք մեր կապերը, աշխատենք դաշնակիցների հետ, նոր դաշնակիցներ գտնենք, առաջադրենք մեզ հետ համագործակցության ձեռնտու կողմերը, փոխգործակցության նոր ոլորտներ եւ ուղղություններ փնտրենք։ Անհերքելի է՝ լավ վիճակում չենք, ճգնաժամի մեջ ենք, բայց ճգնաժամը նաեւ նոր հնարավորություններ ու դռներ կարող է բացել։