Շուշիի հատվածում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումն ադրբեջանական կեղծ «բնապահպանների» կողմից շարունակվում է արդեն 29-րդ օրը։ Հանրային ընկալումներում ձեւավորվել է թյուր կարծիք, թե այն զուտ հումանիտար խնդիր է, սակայն իրականում հումանիտար ճգնաժամն ածանցյալ է։ Միջազգային հարթակներում եւս ստեղծված իրավիճակը ներկայացվում է որպես հումանիտար խնդիր։ Արցախի, ինչպես եւ ամբողջ Հայաստանի համար խնդիրն առաջին հերթին գոյաբանական, անվտանգային մակարդակում է։ Արցախի շրջափակմամբ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականությունն է առաջ տանում։ Պետք է նաեւ հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը բռնազավթել է հայկական հողերը, եւ խնդիրը դիտարկելով միայն հումանիտար մակարդակում՝ զրկում ենք մեզ մեր իրավունքները եւ շահերը պաշտպանելու հնարավորություններից, այդ թվում նաեւ՝ միջազգային իրավունքի գործիքակազմից։ Միայն իրավիճակի համալիր ընկալումից եւ դրան համապատասխան միջոցների ընտրությունից եւ կիրառումից է կախված մեր պետությանն ու ազգին սպառնացող վտանգի չեզոքացումը։
Ազատ տեղաշարժի սահմանափակումն այլ գործոնների հետ համատեղ նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակչության վրա՝ անորոշության եւ անվստահության զգացում առաջացնելով վաղվա օրվա հանդեպ։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր երեկվա հայտարարության մեջ իրավացիորեն նշել է, որ արցախցիները ոչ թե խղճահարության ու կարեկցանքի կարիք ունեն, այլ տեսանելի ու գործուն քայլերով աջակցության։ Ինչպես տեսնում ենք, միջագային հանրությունը բավարարվում է դեռեւս կոչերով, սակայն միեւնույն ժամանակ համաձայնագրեր է ստորագրում Բաքվի հետ՝ դրանով իսկ արձակելով վերջինիս արյունոտ ձեռքերը։
Նշենք, որ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով Հայաստանի մի շարք բնակավայրեր եւ ճանապարհներ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնում մեզ համար՝ հաշվի առնելով առանց այդ էլ ռազմավարական խորություն չունենալու հանգամանքը։ «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022 թ. նոյեմբերի 25-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ արձանագրվել է, որ անցած տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հետեւանքով մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլեւս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը՝ դատարկվել։ Առաջացել են նաեւ ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ կամ ջուր առհասարակ չկա: Ադրբեջանական զինուժի ներխուժման հետեւանքով անվտանգության լրջագույն խնդիրներ են առաջ եկել նաեւ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ եւ այլ գյուղերի համար։ Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021 թ. մայիսից ու առավել խորացել 2022 թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիրներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ: Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլեւս չի գործում։ Նման հատուկ փաստահավաք աշխատանքներ իրականացվել են նաեւ 2022 թ. հոկտեմբերին Սյունիքի մարզում։ Սա եւս վկայում է, որ հումանիտար խնդիրն ածանցյալ է, քանի որ բխում է անվտանգային եւ գոյաբանական մարտահրավերներից։
Ադրբեջանի վարած քաղաքականությունն ունի հստակ նպատակներ, որոնցից մեկն էլ ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն ունենալն է։ Խնդիրը նոր չէ, ինչպես բազմիցս նշել ենք, ջրային խնդիրն առկա է եղեկ խորհրդային տարիներից սկսած։ Բնական ռեսուրսների միջազգային ինստիտուտի (WRI) կանխատեսման համաձայն, «մինչեւ 2040 թվականը աշխարհի երկրների մեկ հինգերորդը ջրի խնդիր կունենա»։ Ջրի համար պայքարն այս պարագայում առավել կարեւոր է դառնում, քան անգամ հանքավայրերի նկատմամբ վերահսկողությունը։ Ի դեպ, Ադրբեջանի մինչ այս ունեցած դժվարությունները ջրային ռեսուրսների հետ կապված կարող է ավելի սրվել Թուրքիայի նախագծի հետեւանքով, ըստ որի «մեծ եղբայրը» ցանկանում է Արաքս գետի եւ նրա վտակների վրա 90 ամբարտակ կառուցել։ Թուրքական այս նախագծի իրականացումը լուրջ վնաս կհասցնի մինչեւ Կասպից ծով ընկած տարածաշրջանի էկոհամակարգին։ Փաստացի, Ադրբեջանը խմելու եւ գյուղատնտեսական նշանակության ջրերի պակասը փորձում է լրացնել Հայաստանի հաշվին։
Արցախի եւ Սյունիքի համար պայքարը, բազմաթիվ խաղացողներով եւ տարամետ շահերով այս տարվա ընթացքում մտնում է դիմակայության նոր փուլ։ Մեր հողում է տեղի ունենալու աշխարհաքաղաքական այս կարեւոր ուղղության նկատմամբ վերահսկողության հասնելու պայքարը։