Երբ Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուները խոսում են նոր քաղաքներ կառուցելուց, տնտեսական աճից, հարկ է, որ խոսեն նաեւ այդ աճի կառուցվածքից ու որակից, այդ աճին նպաստող գործոններից ու կողմնակի ազդեցություններից։ Ոչ մեկ անգամ անդրադառնալով այս թեմային՝ նպատակ ենք հետապնդել ցույց տալ խոցելի տեղերը եւ այն ուղղությունները, որոնք կարող են իրական տնտեսական աճի հանգեցնել երկարաժամկետ հեռանկարում։ Հակառակ պարագայում աճին նպաստած գործոնների չլինելու դեպքում այդ աճն էլ այլեւս չենք ունենա։ Մինչդեռ հենց իրական ու կայուն տնտեսական աճը կնպաստի մեր երկրի առջեւ ծառացած անվտանգության, պաշտպանական, սոցիալական խնդիրները լուծելուն։
Թշնամու խոսքին, խայծին, տեղեկատվական ու հոգեբանական գրոհներին կուլ գնալ պետք չէ, բայց թշնամու խոսքն անտեսելը ճիշտ չէ. երբեմն այն լավագույնս է հուշում մեր հաջորդական քայլերի տրամաբանությունը։ Թուրքիայի ԱԳ նախարարն անթաքույց շեշտում է, որ Անկարան աջակցում է Բաքվին, շարունակելու է աջակցել եւ կոչ է անում Հայաստանին անմիջապես, վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ, միեւնույն է, Երեւանը դրսից որեւէ բան չի ստանա։ Թուրքիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարարն էլ հայտարարում է, որ «հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու», որովհետեւ «Հայաստանն ունի քաղաքական եւ տնտեսական խնդիրներ, եւ պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»։ Այսինքն՝ այն պահից, երբ մենք քաղաքատնտեսական խնդիրներ չունենանք, թյուրքական կողմն իր ձեռքից բաց կթողնի «հարմար պայմանները»։
Թուրքիան չափազանց անկեղծ է եւ այս առումով մեզ համար կանխատեսելի։ Ադրբեջանի հետ ամեն ինչ անելու է միշտ «հարմար պայմաններ» ունենալու՝ մինչեւ իր վերջնական նպատակին հասնելը։ Բերձորի միջանցքը փակելով՝ ակնհայտ ռազմական քայլի դիմեց, անունը դրեց «բնապահպանական»։ Նախիջեւանի հետ կապ ուզեց, Հայաստանի առաջարկած ճանապարհային ուղղությունները մերժեց, պահանջ դրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Բերձորի միջանցքի փակմամբ թյուրքական նպատակն Արցախի մնացած մասը հայաթափելն է։ Դրա համար նա դիմելու է ամեն միջոցի, եւ այս պահին Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը (հունվարի 9-ին Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Այն Աղավնո-Բերձոր հատվածում է)։ Դրա հետեւանքով Արցախի էլեկտրամատակարարումը տեղական արտադրող կայանների միջոցով կարվի։ Հաշվի առնելով 44-օրյայից հետո կորցրած ՀԷԿ-երի թիվը՝ էներգամատակարարումը սահմանափակումներով է լինելու՝ հովհարային։ Դժվար չէ կռահել թյուրքական հետագա քայլերի հերթականությունը։
Չկա՛ թյուրքական կողմից բացառապե՛ս Արցախին ներկայացված կամ միա՛յն Հայաստանին ներկայացված պահանջ։ Յուրաքանչյուր պահանջ ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին է վերաբերում` միաժամանա՛կ։ Ելքեր չգտնելը կործանարար է լինելու հայկական երկու պետությունների համար էլ, ու չափազանց կարեւոր է, որ սա Հայաստանում հասկանան մեր հանրության որոշ շերտեր։ Որովհետեւ առանձին հումանիտար կամ առանձին էներգետիկ ճգնաժամ չի լինում։ Հետեւանքները քաղելու ենք բոլորս։
Պատահական չէ, որ հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում բոլոր երգերը այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին էին։ Թյուրքական հատվածի կովկասյան այս տարրը առանց այլեւայլությունների, շատ հստակ ցուցանել է, թե ինչ է իրենց համար այդ միջանցքը։
1. «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը մեզ համար ոչ միայն տնտեսական եւ տրանսպորտային, այլեւ ռազմավարական ծրագիր է, այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- նշել է նա: Ի դեպ, սա՝ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր «հավատում» էին, որ թյուրքի ուզածը տրանսպորտային ապաշրջափակումն է։
2. Բնական իրավունքից խոսում է մի պետության ղեկավար, որի պետությունը արհեստածին է, բնօրրան չունի։ Բնօրրան ունենում են ազգերը, ոչ ցեղախմբերը։ Պատմության ու իրականության կեղծարարներից, սակայն, այլ բան սպասելը միամտություն կլինի։
3. Կեղծիք է նաեւ այն, թե «Զանգեզուրի միջանցքի» իրագործման հարցն արտացոլված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Եվ երբ դիտարկում եղավ, թե այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, Ալիեւը չհերքեց էլ. «Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, որովհետեւ դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում»։ Սա էլ՝ ի գիտություն մեր իրականությունը ճիշտ չգնահատողների, այն է՝ քանի դեռ մենք քաղաքականապես ու տնտեսապես թույլ ենք, թյուրքական կողմը «աշխարհաքաղաքական լեքսիկոնում» ինչ ուզի, կարող է ներառել։
4. Ալիեւը շարունակում է. «Մեզ համար այդ միջանցքը ռազմավարական նախագիծ է եւ ոչ միայն մեզ, այլեւ մի քանի հարեւան երկրների եւ մեծ աշխարհագրության համար»:
«Մեծ աշխարհագրությունը» երկար փնտրել պետք չէ, այն կարող ենք տեսնել ադրբեջանական կողմից օկուպացված տարածքներում գործունեություն ծավալող կամ ծավալել ցանկացող շահառուների ցանկում։ Սա էլ՝ ի գիտություն մեր հանրության այն հատվածի, որ, չնայած մեր պատմության ու իրականության դառը փորձերին, դեռ հույս ունի միջազգային տարբեր դռներ ծեծելով հարց լուծել։ Մինչդեռ դռներ ծեծողի հանդեպ վերաբերմունքի երկու ձեւ կա՝ կամ չեն բացում դուռը, կամ՝ բացելուց հետո խղճահարությամբ նայելով՝ հետ են ուղարկում։ Երկրների, միջազգային կառույցների հետ աշխատո՛ւմ են, իսկ դուռ ծեծելն աշխատանք չէ։ Աշխատանքը պայմանավորվելն է, բանակցելը, անձնական կապերն աշխատեցնելը։ Արարողակարգային ձեռքսեղմումներն ու գրկախառնությունները ոչինչ չեն փոխի, եթե ձեռքսեղմող մյուս կողմը չտեսնի իր շահը։
Իսկ այդ շահը նա կտեսնի միայն այն ժամանակ, երբ զգա, որ հայկական կողմը պատրաստ է թշնամու ձեռքից խլելու «հարմար պայմանը», ու դրա համար, ինչպես ասացինք, մի ձեւ կա՝ մեր քաղաքական ու տնտեսական զարգացումը։ Աճի թվեր տարփողելը, անվանական աճով ուրախանալը մեզ ոչ մի տեղ չի տանելու։ Մեր ձեռքսեղմողները հիմար չեն, ճշգրիտ տիրապետում են մեր թե՛ անվանական եւ թե՛ փաստացի իրական թվերին։ Եվ միայն հօգուտ վերջինիս՝ փաստացի՛ զարգացման պարագայում կփոխվի մեր հանդեպ վերաբերմունքը՝ դրական հետեւանքներով հանդերձ։