Գործադիրը երեկվա նիստում հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը եւ դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության, հագուստի եւ հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը երկրում զբաղվածության ապահովման կարեւոր աղբյուր է՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ (այս եւ ստորեւ տեղեկությունը բացառապես պետական այս կառույցինն է)։ 2020 թ. ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1.5 անգամ ավելի, քան 2017 թ.։ Ոլորտը, 2021 թ. ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ, Հայաստանի արդյունաբերության համար կարեւոր ճյուղ է։ Չնայած ընդհանուր արդյունաբերության մեջ տեքստիլի փոքր մասնաբաժնին (2021 թ.՝ 2.8 տոկոս), վիճակագրական վերլուծությունները վկայում են ոլորտի զարգացման մեծ ներուժի եւ երկրի սոցիալական կյանքում դրա կարեւոր դերի մասին։
2020 թ. ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր եւ միջին ձեռնարկություններ են եղել։ Վերջին 10-20 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ ոլորտում ձեւավորվել են խոշոր արտադրողներ եւ հայտնի ապրանքանիշներ։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝ ի տարբերություն 2017 թ. 8 ընկերությունների։
Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։ Չնայած 2019 եւ 2020 թթ. արտահանման անկմանը (20 տոկոս), այնուամենայնիվ Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թթ. միջինում կազմել է տարեկան ավելի քան 40 տոկոս։ 2020 թ. hագուստ եւ հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից եւ պարագաներից (HS 62) խմբի ապրանքներն արտահանման մեջ ունեցել են ամենամեծ մասնաբաժինը՝ կազմելով 69 տոկոս, իսկ տրիկոտաժե հագուստ եւ հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ (HS 61) խմբի արտադրատեսակները՝ շուրջ 25 տոկոս։
Նախարարությունը վստահ է, որ հաստատված ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ եւ զարգացում ապահովել։ «Ակնհայտ է, որ վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված արդյունաբերությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունի՝ հիմք ընդունելով հետեւյալ գործոնները»՝ զգալի թվով աշխատատեղեր, երկրի խոշոր հարկատուների ցանկում ոլորտում ներգրավված շուրջ 10 խոշոր կազմակերպությունների ներկայություն, վերջին տասնամյակների ընթացքում ոլորտում կատարված մեծ ներդրումներ եւ բարձր տեխնիկական հագեցվածություն, արդյունաբերության արտահանման ուղղվածություն եւ լուրջ միջազգային կապեր, համաշխարհային ապրանքանիշների արտադրանքի հետ աշխատելու մեծ փորձ։
Այնուամենայնիվ, նախարարությունը չի հերքում, որ ռիսկեր ու մարտահրավերներ կան։ Օրինակ՝ Հայաստանը դուրս մնաց ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգից, ոլորտում միջին աշխատավարձերի եւ այլ գործառնական ծախսերի աճ կա եւն։
Ոլորտում ի՞նչ աջակցության միջոցառումներ է նախատեսում պետությունը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության, աջակցության միջոցառումներն ուղղված են ոլորտի շահառուների 4 հիմնական խմբերի՝ 1. տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող ընկերություններ (ունեն աջակցության ամենամեծ ծավալը), 2. տեքստիլ ոլորտի բոլոր ընկերություններ, 3. սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ, 4. տեքստիլ ընկերությունների համար, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։
Որպես առաջարկվող միջոցառումների ներոլորտային տնտեսական հետեւանք սահմանվել են 6 արդյունքներ՝ 1. տեքստիլի արդյունաբերության մեկ աշխատողի միջին աշխատավարձը, 2. տեքստիլ արդյունաբերության արտահանման դիվերսիֆիկացիա ըստ արտահանման շուկաների, 3. տեքստիլ արդյունաբերության հումքի ներմուծման դիվերսիֆիկացիա ըստ ներմուծման շուկաների, 4. 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների վճարած հարկերի ծավալը, 5. ռազմավարական ծրագրերի տարեկան ծախսերի հարաբերակցությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների կողմից վճարվող հարկերի տարեկան աճի ծավալը, 6. տեքստիլ արդյունաբերության արտադրանքի բարդության ինդեքսը (PCI)։
Աջակցությունը տրվելու է չորս հիմնական մեխանիզմներով՝ համաֆինանսավորում, վճարված հարկերի հետվերադարձ, սուբսիդիա (ֆինանսավորման ամենամեծ ծավալով), ուղղակի ֆինանսավորում։
2019 թ., երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարն էր, քննարկում էինք տեքստիլ արդյունաբերության խնդիրները։ Նախարարը մատնանշեց արտադրողականության հարցը։ Մենք նկատեցինք՝ գուցե «արտադրողականության խնդիր ունենք, որովհետեւ տեղական արտադրությունը ամբողջական շղթայով չէ: Ամենապարզ օրինակը՝ տեքստիլ արտադրանքը հայկական է, բայց թելը, ասեղը, գործվածքը դրսից է բերվում, մենք տեքստիլին սպասարկող ներկատուն նույնիսկ չունենք»։ Նախարարը համաձայնեց. «Որովհետեւ չունենք մասշտաբ: Հայաստանում պետք է կլաստեր ձեւավորվի: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ լինեն ոչ թե 15 տեքստիլի ձեռնարկություններ, այլ 115: Բայց կգա այդ օրը»:
Հիմա՝ դատելով էկոնոմիկայի նախարարության թվերից՝ տեքստիլի ոլորտի ձեռնարկությունների թիվը 115-ից անցել է։ Կձեւավորվի՞ եթե ոչ ամբողջական, գոնե կես շղթան, ի՞նչ ձեւերով դա կարվի, վերջնական արտադրանքին անհրաժեշտ ո՞ր ապրանքի կամ ապրանքի մասի ներմուծումը կփոխարինվի տեղական արտադրանքով, հարցերն առայժմ առկախ են։