Ժողովուրդը, որը պատմական հիշողություն չունի, չի կարող ապագա ունենալ: Սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած միտքն է Վոլգոգրադում երիտասարդական ու հայրենասիրական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ: Եթե ժողովուրդը չգիտի իր անցյալը, կկորցնի այն ամենը, ինչը պետք է թանկ գնահատի, ինչի հիմքի վրա նույն այդ ժողովուրդը պետք է զարգանա: Ապագային չես կարող նայել առանց իմանալու անցյալը, «առանց հարազատ հողի ընկալման, առանց նախնիներիդ հանդեպ երախտագիտության»:
ՌԴ նախագահը մեկ այլ առիթով հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է խնամքով պահպանի ու սերունդներին փոխանցի Ստալինգրադի ճակատամարտի պատմական հիշողությունը, ինչպես նաեւ չթույլատրի որեւէ մեկին՝ խեղաթյուրելու դրա դերը նացիզմի դեմ ընդհանուր հաղթանակի մեջ…
Իմաստուն մտքեր են՝ կասեր յուրաքանչյուրը՝ լսելով ՌԴ-ի ղեկավարին: Բայց դրանք ունեն մեկ թերություն՝ վերաբերում են միայն ռուս ժողովրդին, եթե դատելու լինենք ըստ այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ Մոսկվայի վարած քաղաքականության: Այլ ժողովուրդների պատմական հիշողությունը շատ դեպքում խոչընդոտ է Ռուսաստանի համար, եւ նա ձգտում է մոռացության մատնել այն հնարավոր բոլոր միջոցներով: Ասվածի վկայությունն են նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հնչեցված մտքերը: Մեջբերենք մի հատված այդ հարցազրույցից.
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն ուղիներ որոնել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ն նույնպես պատրաստ է օգնել:
2022 թ. սեպտեմբերին բռնության բռնկումից հետո, երբ երկու կողմից զոհվեց մոտ 300 մարդ, մենք ստացանք Երեւանի խնդրանքը: Կազմակերպության գլխավոր քարտուղարը փորձագետների հետ մեկնեց սահման եւ բերեց ՀԱՊԿ առաքելության՝ Հայաստանի այն մասում տեղակայման ծրագիրը, որը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը: Այդ ծրագիրը բավական վաղուց էր պատրաստ, սակայն հայկական կողմը մեզ չէր շտապեցնում: Երեւանյան գագաթնաժողովում ավարտեցինք համապատասխան որոշման տեքստը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ իրենց պետք է այն, եթե միայն դրանում կտրականապես դատապարտվում են Ադրբեջանի գործողությունները: Ոչ բոլորն էին պատրաստ դրան: Ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ չպաշտպանել: Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների խորքն է գնում: Հայերը երկար տարիներ օկուպացրել էին Ադրբեջանի շուրջ 7 շրջանները: Ռուսաստանն առաջարկեց բազմաթիվ տարբերակներ: Դեռ հայկական նախորդ ղեկավարությունն էր ոչ շատ դրական ընդունում այն՝ ցանկանալով պահել տարածքները, որոնց երբեք չի հավակնել: Հուսահատվելով հարցը լուծել քաղաքական ճանապարհով՝ Ադրբեջանը վերադարձրեց իր հողերը: Հիմա Հայաստանը, Ադրբեջանը եւ Եվրամիությունը փաստաթուղթ են ստորագրել խաղաղ պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին այն պայմաններում, որոնք նշված են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով: Հիմա մեզ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում: Այդ փաստաթղթում ասված է. նորանկախ պետությունների միջեւ սահմանն անցնում է Խորհրդային Միության միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ՝ հայկականն ու ադրբեջանականը: Վերջինիս կազմում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Իրավիճակը բազմաշերտ է: Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն փաստը, որ ՀԱՊԿ-ն ոչ հասարակ իրավիճակում խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր է մշակել: Այդ առաջարկը մինչ օրս «սեղանի վրա» է: Եթե հայ դաշնակիցներն ու ընկերներն առաջվա պես հետաքրքրված են դրանով, այն կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում»:
Իհարկե, այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների նախագահների երկրորդ խորհրդակցության ընթացքում հանդես եկավ ՀԱՊԿ ԽՎ-ի եւ թյուրքական պետությունների Իսլամական համագործակցության կազմակերպության եւ Թյուրքական պետությունների կազմակերպության ԽՎ-ի հետ պաշտոնական հարաբերությունների հաստատման դեմ, Լավրովից կեղծիքի հիմքի վրա նմանօրինակ հարձակումն անսպասելի չէր:
Ռուս դիվանագետը, խոսելով 2022 թ. սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման մասին, չի նշում, որ դա կատարվել է Հայաստանի Հանրապետության դեմ, չի նշում նաեւ, թե ով է «բռնության բռնկում» իրականացրել: Ապա արտահայտում է սովորական թվացող միտք, թե դրանից հետո «մենք ստացանք Երեւանի խնդրանքը»: Այնուհետեւ երկար-բարակ հեքիաթ է պատմում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին՝ շեշտելով, որ այդ ծրագիրը վաղուց էր պատրաստ: Այն, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ինչպես Ռուսաստամի Դաշնությանը, որի հետ համապատասխան պայմանագիր ունի, այնպես էլ ՀԱՊԿ-ին, վկայում է, որ Երեւանն իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են ստորագրված համաձայնագրերով: Դա ոչ թե խնդրանք էր, այլ պահանջ, եւ Մոսկվան ընդամենն ապացուցեց, որ վստահելի դաշնակից չէ: Խուսափելով այն փաստի հրապարակումից, որ Ադրբեջանը հարձակվել է ոչ թե Արցախի, այլ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վրա, Ռուսաստանը ձգտում է արդարանալ, որ չի կատարել Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները թե որպես առանձին պետություն եւ թե որպես ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորման անդամ: Միեւնույն ժամանակ Լավրովը զարմանք է հայտնում, որ հայկական կողմն իրենց չի շտապեցրել խաղաղապահ առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ անուղղակիորեն խոստովանելով, որ դա Երեւանին նետված մարտահրավեր էր եւ ոչ թե խաղաղության հաստատման փորձ: Այն, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունները հրաժարվել են դատապարտել Ադրբեջանի գործողությունները, հենց այդ մասին է վկայում: Ավելին՝ դրանով իսկ նրանք հրաժարվել են գծել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որը պետք է ընդգրկի անդամ պետությունների սահմանները:
Լավրովն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ այդ հողերն Ադրբեջանինն են: Այս կեղծիքին մենք կանդրադառնանք ներքեւում, հիմա պարզապես շեշտենք, որ իր միտքն ամրապնդելու համար նա ասում է, թե Հայաստանը, Ադրբեջանն ու Եվրամիությունը փաստաթուղթ են ստորագրել «խաղաղ պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին այն պայմաններով, որոնք նշված են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով: Կրկնելով, ըստ էության, Ադրբեջանի այն պնդումը, որ այդ հռչակագրով «ընդունվում են Խորհրդային Միության հանրապետությունների սահմանները՝ Լավրովը շեշտում է, թե որովհետեւ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում Ադրբեջանի կազմում էր, ուրեմն ադրբեջանական է:
Փաստաթղթերի կամայական, կեղծ մեկնաբանությունները բնորոշ են ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուս գործիչներին, ովքեր, տարված զավթման մոլուցքով, պատրաստ են տրորել ուրիշների օրինական հետաքրքրությունները եւ այլ լույսի ներքո ներկայացնել տեղի ունեցած իրադարձությունները:
Ալմա-Աթայի հռչակագիրը փաստում է ոչ թե խորհրդային հանրապետությունների սահմանների շարունակականության, այլեւ տարածքային ամբողջականության եւ տարածքների անքակտելիության մասին, իսկ դա միանգամայն այլ բան է: Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991 թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ նաեւ «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե հռչակագրով եւ թե սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից եւ իրեն հայտարարում է 1918 թ. մայիսի 28-ին հռչակված եւ մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում:
Իսկ հիմա «պատմական հիշողությունը» մեզ ուղղորդում է դեպի անցած դարի սկիզբ, երբ Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի բեկորներն իրենց մեջ ուժ գտան՝ կերտելու սեփական ինքնիշխանությունը պատմական հողերի մի մասի վրա եւ ենթարկվեցին ռուս-թուրք-ադրբեջանական դավադիր հարձակմանը:
1920 թ. հոկտեմբերին Երեւանում ստորագրվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով «Ռուսաստանի խորհրդային կառավարությունն ընդունում է, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են Երեւանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը՝ Ջաջուռ կայարանից Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուր գավառը եւ Ղազախ գավառի մի մասը օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում եւ Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչեւ 1920 թ.սեպտ. 28-ը»:
Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումից հետո Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի 30-ին հանդես եկավ «Բոլորին, բոլորին, բոլորին» կոչով, որում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը եւ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու եւ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը Սովետական Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու մասին:
Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռեւս խորհրդայնացած չէր, Երեւանում տեղի է ունենում խորհուրդների հանդիսավոր նիստը, որի ընթացքում Գ. Օրջոնիկիձեն խոսում է Արցախը, Զանգեզուրն ու Նախիջեւանը Հայաստանին թողնելու մասին:
Ադրբեջանա-բոլշեւիկյան այս ներկայացումն ընդամենը նպատակ ուներ արագացնելու Հայաստանի խորհրդայնացումը՝ վստահեցնելով, որ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունենա: Եվ ահա դեկտեմբերի 2-ին կնքվում է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որով Հայաստանը հռչակվում է «խորհրդային սոցիալիստական հանրապետություն»: Շատ չանցած փոխվում է նաեւ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը, եւ Մոսկվայի հետ դավադիր համաձայնության արդյունքում Արցախն ու Նախիջեւանը բռնակցվում են Ադրբեջանին ինքնավար հանրապետությունների կարգավիճակով:
1920 թ. դեկտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետությունը տեղի տվեց խորհրդայնացման ճնշմանը, Սյունիքը՝ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ, մերժեց ընդունել խորհրդային իշխանությունը եւ հռչակեց իր անկախությունը: Հայերի համար Զանգեզուրի գոյամարտն ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրսեւորում էր, որը մղվում էր երկրամասն Ադրբեջանի մաս դարձնելու՝ խորհրդային վտանգից պաշտպանելու համար: 1921 թ. հուլիսի կեսերին Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո Գարեգին Նժդեհը փոքր զորախմբով անցավ Պարսկաստան, որով էլ ավարտվեց Լեռնահայաստանի կարճատեւ, բայց վառ ու հերոսական պատմությունը:
Այսպիսով՝ թուրք-բոլշեւիկյան դավադրության արդյունքում մայր Հայաստանից բռնի ուժով չպոկվեցին միայն այն տարածքները, որոնք պայքարի դրոշ պարզեցին նվաճողների դեմ եւ փայլուն հաղթանակներով հաստատեցին ազատ, հայրենի երկրի կազմում ապրելու ու գործելու իրենց իրավունքը: Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի է, թե ինչու է ռուսական քարոզչամեքենան, սկսած դեռեւս 2016 թ. քառօրյա պատերազմի ժամանակներից, տարբեր առիթներով ու միջոցներով անընդհատ հարձակվում Գարեգին Նժդեհի վրա:
1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 1922 թ. մարտի 12-ը (շուրջ 1 տարի 4 ամիս) Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը թեեւ ձեւականորեն, սակայն համարվում էր անկախ պետություն: Այս համատեքստում Խորհրդային Ռուսաստանը որեւէ իրավունք չուներ Հայաստանի վերաբերյալ կնքել 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, որով, ըստ էության, հայկական հողերը հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին: Ընդ որում՝ հարկ է նշել, որ ոչ քեմալական Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին, չէին ճանաչվել որեւէ պետության կողմից, իսկ նրանց կնքած պայմանագրերն ու այդ փաստով եւ այլ պետության տարածքները մասնատելու փաստով ի սկզբանե առոչինչ են: Գիտակցելով այդ փաստը՝ Ռուսաստանը եւ Թուրքիան Հայաստանին պարտադրում են Կարսի պայմանագիրը՝ իբրեւ թե ինչ-որ կերպով դավադրության արդյունքում իրենց իրականացրած զավթումները լեգիտիմացնելու համար:
Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքման պահից իսկ առոչինչ է, հետեւաբար, մեզ համար որեւէ պարտավորություն չնախատեսող պայմանագրի փոխարեն ճիշտ կլինի զբաղվել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի իրավա-քաղաքական քննարկումներով, որովհետեւ ի սկզբանե անվավեր այդ «փաստաթղթերն» այսօր փաստացի իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի տարածքային եւ տնտեսական դրության վրա:
Հատկապես վերջին 300 տարվա պատմության հիշողությունը վկայում է այն մասին, որ ռուսական դիվանագիտության թուրքահաճ տրամաբանությունը բացահայտ նույնն է եղել հայության համար ճակատագրական պահերին, եւ այդ պատմության նորովի ուսումնասիրության կարեւորությունն այսօր թելադրված է ոչ միայն պատմական ճշմարտության վերականգնման, այլեւ, Պուտինի խոսքով ասած, «հարազատ հողի ընկալման» միջոցով ապագայի կերտման անհրաժեշտության վրա: