Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը տեսանք. Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը հաղթել էր ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին։ Մանվելյանը, ով մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, մարզական վեհ կեցվածք դրսեւորեց՝ ձեռք մեկնելով մրցակցին։ Իսկ ադրբեջանցին աչքի ընկավ ոչ մարզական եւ ագրեսիվ վարքով՝ հրելով հայ ըմբիշին։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկեց ադրբեջանցուն: Անկեղծ ասած՝ թշնամու հանդեպ մեծահոգության մեր «ձեւաչափը» երբեք չեմ հասկացել, որովհետեւ մեր թշնամին ռազմի գրված ու չգրված օրենքներով հարգանքի արժանի չի եղել եւ չէ՝ ոչ մարտադաշտում, ոչ մրցագորգի վրա, բայց չեմ պատրաստվում «դատել», որովհետեւ մրցագորգին ես չէի եւ մարզական նրբություններն (եթե, իհարկե, այդ պահին կային) ընկալելուց հեռու եմ շատ։ 44-օրյային էլ չընկալեցի մեծահոգության մեր պատրաստակամությունը, երբ թշնամին գլխատում էր մեր ռազմիկին, իսկ մենք՝ վիրահատում դրա «զինվորին»։ Հա, հենց չակերտներում, որովհետեւ զինվորն օրենք ու կանոնակարգ ունի, զինվորին վայել պահվածք, զինվորը սպանում է թշնամուն, բայց չի հոշոտում։ Դրանց «զինվորները» հոշոտողներ, հանիբալներ ու դիակապտողներ են։
Փառապանծ Սողոմոն Թեհլիրյանը (ինքն այդպես էր ստորագրում) հենց այնպես չէր ասել, թե ինքը մարդ է սպանել, բայց մարդասպան չէ։ Անդրանիկից հենց այնպես չէին վախենում թուրքերը ու «փաշա» կոչում, որովհետեւ գիտեին՝ հենց եկավ, սատկացնելու է իրենց վերից վար։ Դրանք հիմա էլ են սարսափում Անդրանիկից։ 2011 թ. մայիսին, երբ Անդրանիկի արձանը կանգնեցվեց Վոլոնկա (Սոչի) գյուղում, նույն օրն էլ հանվեց. թուրքերն ասել էին, թե կբոյկոտեն 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը, եթե արձանը մնա։ Դեռ 17 տարեկանում բանտարկվել էր թուրք ժանդարմին շան ծեծ տալու համար, որ սարսափեցնում էր հայ բնակչությանը։ Մեր ազգի արգանդը, որ դրանց սատկացնող «Նեմեսիս» է ծնել, Նժդեհ, չաուշներ ու դումաններ, չի՛ կարող ձեռքերը ծալած նստել։ Մեր ազգը, որ շրջափակման, սովի, քայքայված տնտեսության պայմաններում արցախյան առաջին ազատամարտում հաղթանակ տարավ՝ շտկելով համայն հայության ողնաշարը ու հիմնաքար դրեց ազգային նպատակների իրագործման ճանապարհին, չի՛ կարող հաշտվել 44-օրյայի հետեւանքների հետ։ Մոնթեն, Բեկորը, Հեթանոս Գագոն, Դուշման Վարդանը… մերօրյա հերոսներ են։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեր հերոսներն էին չէ՛ , որ դարձյալ խառնեցին գլոբալ խաղաքարտերը։ Հետահայաց դեռ շատ կթերթենք, այո, հենց նույն 44-օրյայում մեր ռազմիկների (զինվոր թե կամավոր) քաջագործությունների էջերը։ Սխրանքներ, որոնք պիտի որ մեզ հասկացնեն, որ հողը մեկ անգամ չեն ազատագրում։ Հայրենիքի, ազգի, պետության համար մղվող պայքարը լինելու է, քանի դեռ չի ձեւավորվել հայից մշտապես սարսափող թշնամու գոյության իրականությունը։
Վատատեսները սա կկոչեն ռոմանտիզմ, ռոմանտիկները՝ գուցե իրականացվող երազանք, իրատեսները՝ աշխատանք։ Այսրոպեական ու ամենրոպեական աշխատանք։ Տանջալից, մաքառումով լի աշխատանք։ Որ կսկսվի համալիր, շղթայական՝ մեր կենսագործունեությանն անհրաժեշտ բոլոր ոլորտներում։ Որ կձեւակերպի ազգային երազանքը, նպատակը, այդ նպատակին հասնելու գործողությունները, հաշվարկները, մարտավարություններն ու ռազմավարությունները։ Որ այդ ձեւաչափում տեղ չի թողնի թշնամու հանդեպ մեծահոգությանը, թշնամուն հավատալու հիմարությանը։ Այդ ձեւաչափում երկրի դեմ գործող ներքին պառակտիչներն այնպես կպատժվեն, որ թշնամու ծնկները կթուլանան։ Այդ ձեւաչափում Հայկական լեռնաշխարհի քարտեզը յուրաքանչյուր զինվորի նվիրական երդումը կլինի, եւ հանուն հայրենիքի գործելու հրամանը կլինի առաջնային անբեկանելի հրամանը։
Որեւէ երկրի հետ համեմատվել չենք ուզում այս պահին, թե որ երկիրը որ պատերազմից ու ճգնաժամից հետո ինչպես վերականգնվեց (արցախյան երրորդ պատերազմից հետո ամենատարբեր օրինակներից խոսել ենք)։ Մեր ցավը մերն է՝ խնդիրներով ու առանձնահատկություններով, լուծման ուղիներն էլ պետք է ընտրվեն նաեւ այդ առանձնահատկությունների նուրբ շերտերը հաշվի առնելով։ Ու պետք չէ ամեն խնդրի լուծման համար «միջազգային փորձ» ասվածին դիմել. սա կամ ամբոխահաճություն է, կամ խորքային գիտելիքի պակաս։ Միջազգային լավագույն փորձն այստեղ կարող է ընդհանրապես չգործել, եթե հաշվի չառնվեն տեղային իրացման հնարավորության պայմանները։ Անշուշտ, սա չի նշանակում, թե պետք չէ միջազգային փորձը ուսումնասիրել, դիտարկել եւ որոշ դեպքերում կիրառել նաեւ։ Բայց, կրկնում ենք, ճիշտ ձեւով ու ճի՛շտ կիրառման համար էլ մասնագետներ են պետք: Սակայն նախ պիտի տրվի այն հարցի պատասխանը, թե արդյոք այդ՝ թեկուզ լավագույն փորձի կիրառումը չի՞ վնասի մեր ազգային ու պետական շահերին։ Մի նրբություն էլ կա այստեղ. արդյոք հա՞րկ է անընդհատ միջազգային փորձը մեջտեղ բերել՝ մերը ստեղծելու (եթե չկա), շտկելու ու գործարկելու փոխարեն։
Որակի՛ ձեւաչափը պիտի փոխենք բոլոր ոլորտներում՝ նախակրթարաններից սկսած մինչեւ բարձրագույն կրթություն, անասնաբուծությունից ու բուսաբուծությունից սկսած՝ մինչեւ ընդհանուր գյուղատնտեսության վարման փոփոխություն, տնտեսության առանձին ոլորտների առանձին ընկերությունների արտոնություններ տալուց սկսած՝ մինչեւ ընդհանուր ոլորտային արտոնություններ, որոնք շղթայական արդյունք կապահովեն, բնակչությանն արտակարգ իրավիճակներին պատրաստելուց սկսած՝ մինչեւ իրապես ազգային անվտանգության աներեւակայելի կուռ համակարգի ստեղծում, պաշտպանության ոլորտի անընդհատ զինում, վերազինում ու զարգացում։ Կարո՞ղ ենք։ Անկասկա՛ծ։
Վատատեսները սա կկոչեն ռոմանտիզմ, ռոմանտիկները՝ հուսով իրականացվող երազանք, իրատեսները՝ աշխատանք։ Անդադրելի, անհույզ հաշվարկված աշխատանք, որի նպատակը պիտի լինի ոչ միայն զինվորի ծոցագրպանում, այլ բոլորիս մոտ պահվող ա՜յն քարտեզի կրկին գծումը։