Եվրախորհրդարանը մարտի 15-ին հրապարակած երկու՝ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցներում էլ ոչ դիվանագիտական նրբերանգներով՝ կտրուկ ու հասցեական որակումներ, գնահատականներ է հնչեցրել Ադրբեջանի ուղղությամբ: Դրանց հիմնական ուղերձն այն է, որ փաստված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծված չլինելը՝ ի պատասխան Բաքվի առաջնորդի բազմաթիվ հայտարարությունների, թե 44-օրյա պատերազմի միջոցով ինքը լուծել է հիմնահարցը: Ավելին՝ եվրոպական այս կառույցն ամրագրում է, որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ հասնել խաղաղության, իսկ համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա:
Եվրախորհրդարանի զեկույցներից կարելի է միանշանակ եզրակացնել, որ այն ներկայացնող եվրոպացի պատգամավորները լավ են տեսնում Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի դիրքերից գործելու չդադարող մարտավարությունը՝ նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի քննարկումների համատեքստում: Այլ կերպ ասած՝ Եվրոպան այլեւս չի փորձում աչք փակել Բաքվի՝ միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը եւ հումանիտար սկզբունքները ոտնահարող հետեւողական քայլերի առաջ՝ փաստելով, որ չի պատրաստվում նաեւ հավատալ ամեն օր Բաքվից տարածվող կեղծ լուրերին: Դրա համատեքստում կարեւորվել են ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության հարգումը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի եւ բռնագաղթվածների իրավունքների, անվտանգության ապահովումը:
Մասնավորապես, Ադրբեջանի իշխանություններին հորդորում են անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքից եւ ազատ արձակել ռազմագերիներին, բացել Լաչինի միջանցքը: Եվրապատգամավորները նաեւ պահանջել են ամբողջությամբ իրականացնել 2020 թ. նոյեմբերի 3-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: Փաստաթղթով առաջարկվում է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից եւ երկրների հասարակություններին նախապատրաստել խաղաղ համակեցության՝ այդ նպատակով ստեղծելով նաեւ անցումային արդարադատության մեխանիզմ վստահությունն ամրապնդելու համար:
Վերջին առաջարկի համատեքստում տեղին է գնահատել Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային զորակազմի գործողությունները: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում Բաքվի իրականացրած ռազմական ներխուժման փաստերին վերոնշյալ կենտրոնից այդպես էլ որեւէ արձագանք չի եղել, եւ պարզ չէ, թե որն է դրա առաքելությունը: Թերեւս, կարելի է եզրակացնել, որ միայն Թուրքիայի զինուժի՝ տարածաշրջանում ներկայացված լինելու փաստն է ամրագրվում: Այսօր էլ այդ կենտրոնը որեւէ կերպ չի արձանագրում Արցախի Հանրապետության շուրջ ադրբեջանական զինուժի այն կուտակումները, որոնց տեղաշարժը փաստող տեսագրություններ են տարածվում հենց ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում: Արցախի սահմանին էսկալացիայի բարձր հավանականության մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց նաեւ ՀՀ վարչապետը՝ առաջարկելով միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ նաեւ ՌԴ խաղաղապահ զորակազմին աջակցելու համար:
Եվրախորհրդարանը Բաքվին եւ Անկարային առավել խիստ գնահատականներ է տվել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին զեկույցում՝ խիստ քննադատական ձեւակերպումներ տալով 2022 թ. սեպտեմբերյան ռազմական գործողություններին: Կոշտ ձեւակերպումներ կան նաեւ Թուրքիային ուղղված, որոնցով վերջինիս մեղադրում են Հարավային Կովկաս ներխուժելու եւ Սիրիայից 44-օրյա պատերազմին վարձկան-ահաբեկիչներ ներգրավելու համար: Եվրախորհրդարանը նաեւ Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում:
Եվրոպական ներկայացուցչական այս կառույցի վերջին զեկույցները փաստում են, որ Ադրբեջանը փաստացի հայտնվել է օտարվածի կարգավիճակում: Ցինիկաբար չկատարելով ԵՄ կառույցների եւ ՄԱԿ-ի հորդորները՝ Բաքուն հաստատուն քայլերով գնում է աշխարհում ագրեսոր պետության կարգավիճակ ստանալու ուղղությամբ: Ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունը աչք փակեց 44-օրյա ադրբեջանաթուրքական ագրեսիայի վրա, ապա պատրաստ չէ նաեւ անտեսել այսօրվա աղաղակող հանցավոր գործողությունները, որոնք գալիս են ապացուցելու մի բան՝ առաջին արցախյան պատերազմում Արցախի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը զսպելու թերեւս միակ երաշխիքն է եղել, իսկ Բաքուն մշտապես ծավալապաշտական նկրտումներ է ունեցել՝ Թուրքիայի հովանու ներքո եւ հրահրմամբ: