2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր երկրի սահմանների դեմ ծավալած պատերազմից հետո առաջին անգամ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվեց անմահ սուրբ պատարագ՝ Սուրբ Համբարձման տոնի առթիվ: Տոնը սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել եւ իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո համբարձվել երկինք)։
Ժողովրդի կողմից սիրված Համբարձումը՝ Ջանգյուլումը, Վիճակը, տոնվում է Զատկի 40-րդ օրը: Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող եւ հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։ Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ եւ Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների, կատարում գուշակություններ։ Հիշենք Թումանյանի «Անուշ» պոեմը: Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։
Հայ առաքելական ս. եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաեւ 1441 թ. Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից տեղափոխելու եւ Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։ Այս տարի Համբարձման տոնը նշվեց մայիսի 13-ին, եւ այդ օրը մարդաշատ էր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում: Այստեղ էին բերձորցիներ, ովքեր պատերազմի ավարտից հետո մնացել են եւ տեր են մեր երկրին, ովքեր ստիպված տեղափոխվել են Երեւան եւ ՀՀ այլ վայրեր, ուխտավորներ: Սուրբ պատարագը մատուցվեց արժանապատիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ՝ հանդիսապետությամբ ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ, հոգեշնորհ տեր Սահակ վարդապետ Շաքարյանի, մասնակցությամբ այլ քահանաների, սարկավագների։ Պատերազմն իր տխուր հետքն է թողել նաեւ Սուրբ Համբարձման եկեղեցում, մի խումբ բերձորցիներ, ովքեր դեռ տեր են հայրենի հողին, մաքրել ու բարեկարգել էին եկեղեցու տարածքը, Արցախյան գոյամարտում մարտիրոսվածներին նվիրված հուշահամալիրը:
Երեւանից Բերձոր մեկնեցի գիշերով՝ ուղեկցելով Սուրբ Համբարձման եկեղեցու երգչախմբին՝ Հասմիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտավորների: Ողջ ճանապարհն անցանք՝ երբեմն հուսահատված, մտահոգ, երբեմն լավատեսությամբ, հավատով: Եկեղեցու բակում մարդկային բազմությունն արդեն լավ նշան էր: 2 տասնյակ եւ ավելի տարիներ ազատագրված ու վերահայացած մեր քաղաքի բնակիչները մի ընտանիքի պես էին, բոլորը ճանաչում են միմյանց: Ողջագուրանք ու կարոտի, հուզմունքի արցունքներ, ժպիտ ու բարի օր, բարի գալուստ… Հնչում են եկեղեցու զանգերը, սկսվում է սուրբ պատարագը: Հոգեւորականները եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ «Տերունական» աղոթքով սկսեցին սուրբ արարողությունը: Հնչում են շարականներ ու տաղեր, սաղմոսներ ու աղոթքներ: Եկեղեցու սուրբ կամարների տակ հոգեւոր խոսքն է, մոմավառություն, խնկարկում: Ուրախալի է՝ շատ են նաեւ երեխաները: Կես տարուց ավելի է, ինչ այսքան մարդաշատ չի եղել Սուրբ Համբարձման սրբատունը, որը 1998-ից մշտապես լի էր հավատացյալ իր զավակներով, որի մոմավառության համար նախատեսված ավազին միշտ վառվող մոմ կար…
Դիմելով ներկաներին՝ Սահակ վարդապետ Շաքարյանն ասաց. «Քրիստոս ասաց իր աշակերտներին. «Իմ խաղաղությունը թողնում եմ ձեզ, չվախենաք, ես ձեզ հետ եմ եւ մինչեւ աշխարհի վերջը ձեզ հետ պիտի լինեմ»: Եվ այս պատգամը 2021 տարի անց մեզ է ասում՝ չվախենալ. նշանակում է վստահել քո կյանքը Երկնային Տիրոջը, ինչպես որ Տերը ծնվեց եւ կոչվեց ԷՄԱՆՈՒԷԼ, որը թարգմանաբար նշանակում է Աստված ընդ մեզ է, եւ մենք որպես Քրիստոսի զավակներ, Քրիստոսին պաշտողներ, ահա միասնաբար կանգնած ենք այս եկեղեցում, որովհետեւ Աստված ընդ մեզ է, մենք որպես հավատացյալ զավակներ, ուխտավորներ, հայորդիներ երբեք իրավունք չունենք վախենալու, որովհետեւ Աստված դարեր շարունակ մեզ հետ է եղել: Մենք՝ որպես Հայկի սերունդ, ընտրյալ ժողովուրդ ենք եւ առաքելություն ունենք երկիր մոլորակի վրա: Մենք՝ որպես հայազգի զավակներ, դեռ խոսք ունենք ասելու, դեռ հազարամյակներ շարունակ պիտի խոսի հայ ազգը, որովհետեւ Աստված տվել է այդ շնորհը, դրա համար մենք միշտ հալածվել ենք»:
Ընթացքում երգչախումբը եւ Սուրբ Մարիամի նկարի մոտ աղոթող հոգեւորականները հնչեցնում են «Սուրբ-սուրբ»-ը: Արցախի հոգեւոր թեմի փոխառաջնորդը շարունակում է իր խոսքը՝ ներկաներին վստահեցնելով՝ միասնական եւ նվիրված լինելու դեպքում տեր ենք մնալու մեր հող ու ջրին, ազատագրելու ենք Հադրութն ու Շուշին, Քաշաթաղն ու Քարվաճառը: Իսկ դրան հասնելու համար, ըստ վարդապետ Սահակ Շաքարյանի. «Քրիստոսի լույսով լցված միայն կարող ենք բոլոր դժվարությունները հաղթահարել, Ատված օգնելու է մեզ, մեր ազգին, բայց միայն մենք սրտանց, հոգով պիտի դարձի գանք, մեր կենցաղավարությունը փոխենք, Աստծո պատգամը նույնն է։ Մեզանից բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ պատճառներ, հանգամանքներ կան այսօրվա իրողության համար, եւ մենք ընդունում ենք մեր մեղքը, հասկանում ենք մեր թերացումները, Աստված նայում, զորակցում է զղջացող մարդու հոգուն։ Քրիստոսի զինվորը, պատվիրանները կատարողը իրավունք չունի վախենալու, եւ այս է այսօրվա Համբարձման տոնի խորհուրդը, որ մենք իրավունք չունենք վախենալու։ Որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է մեր հայ զավակները հաստատեն՝ իրենք ապրում են Քրիստոսի խոսքի մեջ հաստատված՝ «Իմ խաղաղությունը թողնում եմ ձեզ, չվախենաք, ես ձեզ հետ եմ եւ մինչեւ աշխարհի վերջը ձեզ հետ պիտի լինեմ»»:
Ճանաչելով տեր Սահակին, ում աջակցությամբ վերանորոգվեց Քաշաթաղի շրջանում գտնվող Սուրբ Վարդան եկեղեցին, ում աջակցությամբ իրականացվում էին բարեգործական ծրագրեր շրջանում, հասկանում եմ՝ մեծ է հայ հոգեւորականի վիշտը: Նայելով եկեղեցում ներկա հավատացյալների դեմքերին, զգում եմ՝ մեծ է բոլորի տագնապը, եւ բոլորն էլ իրենց մտքում դիմում էին Աստծոն, որ զորավիգ լինի մեր ազգին: Հետեւում էի երգչախմբի մեր գեղանի երգչուհիներին, ովքեր ծնվել ու մեծացել են Բերձորում, հաճախել քաղաքի դպրոցներ, սակայն չհասցրեցին ավարտել… Արցունքն աչքերին են երգում նրանք՝ կարոտով ու վաղվա օրվա մասին մտածելով: Անցել են 300 կմ ճանապարհ, հասել են Բերձոր՝ աջակցելու տեր Բենիամինին, ով նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ էր պատարագ մատուցում Սուրբ Համբարձման սրբատանը: Անցած տարի վերջին պատարագը մատուցեց Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցում՝ Սուրբ Գեւորգի տոնի առթիվ: Նույն երգչախումբն էր ուղեկցում հոգեւորականի շարականներին ու սաղմոսներին:
Տխուր, բայց հավատով լի են մեր երգչուհիները՝ վերստին տուն են դառնալու, իսկ հայ հոգեւորականի շարականն ու աղոթքը մշտապես են հնչելու Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում: Այսօր տեր Բենիամին քահանա Ծատուրյանն իր հոգեւոր ծառայությունն է իրականացնում Ասկերանի շրջանի Աստղաշեն եւ Պատարա համայնքներում, սակայն միշտ է պատրաստ իր ծառայությունը մատուցելու նաեւ Բերձորում: Սուրբ պատարագից հետո Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի, տեղակալ Գեւորգ Մնացականյանի, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի, Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի եւ այլոց հետ երգչախումբն ու ուխտավորներն այցելեցին Բերձորի արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին 3 խոնարհված պատերի, հուշակոթողների մոտ: Դպրոցականները բարձրացան նաեւ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի աստիճաններով, որոնք նախշազարդվել էին անցած տարի իրենց նկարներով ու գրերով: Եղան նաեւ պատերազմի պատճառով ավերված իրենց դպրոցում:
Երեկոյան բռնեցինք հետդարձի ճանապարհը, եւ մեր վերադարձը մի տեսակ խաղաղ էր ու լի տունդարձի հավատով…