2020 թ. արյունոտ աշնան պատերազմից հետո մշակութային ցեղասպանության են ենթակվել Արցախի եկեղեցիները: Թշնամու վերահսկողության տակ են անցել Հադրութի, Շուշիի եւ Ասկերանի շրջանների որոշ գյուղերի հնադարյան եկեղեցիներ եւ պատմամշակութային կոթողներ: Այս մասին հայտնել են Արցախի Աժ-ից։
Թեկուզ կորցրել ենք Արցախի մեծ մասը, բայց մեր հայրենիքի փրկված հատվածում ունենք եկեղեցիներ ու պատմամշակութային կոթողներ, որոնք անարդարացիորեն ստվերում են մնացել: Այդ կոթողների շարքում է Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ Գեւորգ եկեղեցին, որին բնակչությունը տվել է «Պտկես բերդ» անվանումը:
Մոտ 10 տարի առաջ վերականգնողական որոշակի աշխատանքներ են կատարվել, որոնք, սակայն, անավարտ են մնացել: Այն տեղն ու դերը, որ ժամանակին ուներ Սբ Գեւորգ եկեղեցին Արցախի պատմամշակութային կյանքում, բացառիկ էր հատկապես այն առումով, որ դարեր ի վեր անվտանգության ազդանշանային հաղորդակցման կենտրոն էր՝ կապված բոլոր վանքերի հետ:
Եկեղեցին, ի տարբերություն գործող եկեղեցիների, երկար ժամանակ է՝ ուխտավոր չունի: Ելնելով այն իրողությունից, որ նվազել են մեր հավատավորների ուխտատեղիները եւ հատկապես հանրամատչելի ուխտատեղի ունենալու նպատակով ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է այցելություն Սբ Գեւորգ եկեղեցի՝ ուսումնասիրելու եկեղեցու եւ նրա հարակից տարածքի՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհի անցանելիության վիճակը:
Այցի ընթացքում պարզվել է, որ եկեղեցին պատված է ծառերի խիտ շերտով, եւ այն իր նախնական ճարտարապետական տեսքին բերելու անհրաժեշտություն կա: Բացի դրանից Ռեւ գյուղից մինչեւ եկեղեցի տանող լեռնային ճանապարհն (7 կմ) ունի վերանորոգման խիստ կարիք:
ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը, նախաձեռնելով վերոնշյալ ծրագիրը, անհրաժեշտ է համարում նախեւառաջ եկեղեցու տարածքն ազատել ավելորդ ծառերից, որոնց արմատները մեծ վնաս են հասցնում շինությանը եւ ստվերի տակ պահում եկեղեցին՝ խաթարելով նրա տեսանելիությունն ու ազդանշանային հաղորդակցության համակարգի պատմական համբավը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ Ռեւ գյուղի վերաբնակեցումը բռնի տեղահանված մեր հայրենակիցներով: ԱԺ նախագահին ուղեկցում էր աշխարհազորային հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արամ Ավագյանը: