Մեղքերի տակ կքած, չխոստովանված եւ միտքն Աստծուց չլուսավորված մարդուն ծերությունը բերում է մեղքեր, բնավորության բացասական գծեր, հոգեւոր խնդիրներ: Ոմանք ընկնում են կուտակման մոլուցքի մեջ, ոմանք դառնում են փնթփնթան: Բայց սպասում էին իմաստնության, խելամտության, հարգանքի: Դրա համար շատ կարեւոր է պատմել այդ մարդկանց Աստծո եւ փրկության մասին՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ծերությունն, ինքնըստինքյան, ինքնաբերաբար չի բերում իմաստնություն:
Ամեն մեկին տրված չէ հասնելու խոր ծերության: Այդ տարիքը շատ հարմար է ամեն բան կարգի բերելու. հաշտվելու Աստծո հետ, կարգավորելու խորտակված հարաբերությունները, կիսվելու իմաստնությամբ, պատրաստվելու հավերժության: Իսկ ինչպիսի՞ հավերժություն է ցանկանում գնալ. Աստծով՝ Երկնային արքայությու՞ն, թե՞ առանց Աստծու՝ դժոխքում, կախված է իրենից՝ մարդուց:
Մենք բոլորս ծնվում ենք ընտրության իրավունքով, եւ կյանքը մեզ տրված է, որպեսզի կատարենք ճիշտ ընտրություն՝ հոգուտ Աստծո: Լավ է, եթե այդ ընտրությունն արված է երիտասարդ տարիքում: Այդ դեպքում կյանքը կանցնի Աստծո կամքին համապատասխան, եւ ծերությունը կունենա բարի ընթացք: Բայց եթե մարդն իրեն չի նվիրել Աստծուն երիտասարդ տարիքից, ապա Աստված նրան հնարավորություն է ընձեռում ապրելու Իր համար գոնե կյանքի մայրամուտին:
Աստծուն նվիրված կյանքը երբեք չի անցնում ապարդյուն եւ չի բերում չարություն ու հիասթափություն:
Արդարացիությունը, այսինքն ճշմարիտ դիրքն Աստծո առաջ հնարավոր է միայն հավատքի միջոցով առ Հիսուս Քրիստոս: Ուսումնասիրելով Աստվածաշունչը, պահպանելով աստվածաշնչյան սկզբունքները միայն, մարդը ձեռք է բերում իմաստնություն:
Անկեղծ զղջումը մեղքերի համար, որոնք գործվել են սխալմամբ կամ սրտի համառ թելադրանքով, կբերի սրտի խաղաղություն եւ հոգու հանգստություն:
Մերձավորների եւ նրանց կարիքների նկատմամբ բարի վերաբերմունքը, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը կօգնեն ձեւավորել ճիշտ հարաբերություններ եւ կհանգեցնեն ձեր նկատմամբ բարի տրամադրվածության, երբ դուք ծերանաք:
Ակնածանքն ու հարգանքը ծնողների նկատմամբ, ինչպես նաեւ երեխաներին՝ մեծահասակների նկատմամբ հարգանքով դաստիարակելը, հանգեցնում են բարի ծերության:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ