Մարդու, նրա բնության, կյանքի ու ճակատագրի մասին հայտնությունները Աստվածաշնչյան գլխավոր թեմաներից են, Աստծո ու փրկության հայտնություններին զուգահեռ: Դրանք համառոտ ներկայացնելը շատ բարդ է:
Ծննդոց գրքի սկզբում ասված է, որ մարդը Աստծո արարչագործությունն է: Ի տարբերություն մնացյալ կենդանական աշխարհի ստեղծման, մարդու արարումը պարուրված է Աստվածային խորհրդավորությամբ: Մարդու արարման Աստվածային որոշումը Սուրբ Գրքում ներկայացված է որպես բացառիկ երեւույթ, քանզի Աստված մարդուն արարում է իր նմանությամբ: Սա նշանակում է, որ մարդը, լինելով արարչագործության մասնիկ, օժտված է որոշակի հատկություններով, որոնք հատուկ են Աստծուն՝ Իրեն՝ Արարիչին:
Ծննդոց գրքում ասվում է, որ մարդու բնույթը երկակի է. այն եւ նյութական է, եւ միեւնույն ժամանակ ունի ոչ նյութական բաղադրիչ, որն անվանվում է «կենդանի հոգի»:
Ըստ Պողոս առաքյալի` մարդու հոգին ոչ նյութական, անմահական բաղադրիչն է: Հոգին է, որ կրում է Աստծո նմանությունն ու կերպարը:
Հոգուն հատուկ են կամքը, ազատությունը եւ պատասխանատվությունը:
Արարիչը մարդու առաջ խնդիր է դնում պահպանել, տիրություն անել եդեմական այգուն, որտեղ բնակեցնում է նրան, եւ իշխել կենդանական ողջ աշխարհի վրա:
Աշխարհում, որի գոյությունը հիմնված է Արարիչի կամքի վրա, մարդը կոչված է լինելու ներդաշնակեցնող սկիզբ եւ աշխարհ բերելու աստվածային սերը:
Մարդու կյանքը իմաստավորվում է Աստծո Սիրով, Նրա խոսքը լսելով եւ հարելով Նրան: Աստծո շրթունքներից բխած խոսքը մարդու համար հոգեւոր սնունդ է, որով պահվում է նրա գոյությունը:
Աստծո հետ միավորումը մարդու համար պետք է դառնա չընդհատվող, հավերժական կյանքի աղբյուր:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ