Հին Ուխտում բավականին լավ խոստումներ կան մարդկանց, ովքեր կատարում են Աստծո կամքը։ Եվ, այնուամենայնիվ, նրանք պակաս չեն տառապում մեղավորներից, երբեմն նույնիսկ՝ ավելին։ Ինչո՞ւ է այդպես։
Եկեք դիտարկենք այդ խոստումները։ Ավելի հաճախ դրանք հանդիպում են Առակաց գրքում։ Դրանց մի մասը կյանքի իմաստություններ են։ Սակայն ի՞նչ է ասվում ընդհանրապես արդարների մասին։ Երբեմն, իսկապես, խոսքը հաջողության եւ հովանավորչության մասին է. «Տէրը չի թողիլ, որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը»։ Առակաց 10։3
Սակայն ավելի հաճախ Աստվածաշունչը մանրամասնորեն, խորաթափանցորեն խոսում է Աստծո առանձնահատուկ վերաբերմունքի մասին դեպի արդարները եւ նրանց երկրային կյանքի ընթացքի արդյունքները. «Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը»։ Առակաց 2։8
«Որովհետեւ ուղիղները կբնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կմնան նորանում»: Առակաց 2։21
«Որդեակս, սորանք չգնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը»։ Առակաց 3։21
«Արդարների յիշատակը օրհնուած կլինի, բայց ամբարիշտների անունը կփտի»։ Առակաց 10։7
«Արդարի գործողութիւնը կեանքի համար է. ամբարշտի արդիւնքը՝ մեղքի համար»։ Առակաց 10։16
Վերոնշյալ առակներում, որպես կանոն, խոսքը հրաշալի, անթախիծ կյանքի մասին չէ, այլ, ավելի շուտ, թե ինչպիսին պետք է լինի այդ կյանքի արդյունքը։ Ի վերջո, արդարները կստանան այն, ինչի ձգտել են. դա Աստվածաշունչը խոստանում է հստակորեն։
Սակայն այդ հաղթանակը հեշտությամբ, առանց պայքարի չի տրվում։ Այստեղ օրինակ կարող են ծառայել պատրիարքների կյանքի պատմությունները, այն արդարների, ում պետք է նմանվեն հավատացյալները։ Աբրահամի համար ամեն ինչ սկսվեց նրանից, որ Տերը նրան հանձնարարեց թողնել հարազատ օջախը, հարազատ եզերքը եւ մեկնել հեռավոր պանդխտության։ Նրան խոստացվեց, որ իր սերունդները կտիրանան հրաշալի տարածքների։ Սակայն մինչեւ խոր ծերություն Աբրահամը չուներ ժառանգ, իսկ նրան խոստացված հողերը նրա կյանքի օրոք այդպես էլ ուրիշների տիրապետության տակ էին։ Նրա տարագրությունը շարունակեցին որդին՝ Իսահակը, եւ թոռը՝ Հակոբը։ Նրանց կյանքը լի էր անհանգստություններով ու վտանգներով, սակայն մշտապես ուղեկցվել է Աստծո կողմից։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ