Այնպիսին, ինչպիսին կաս
Ի՞նչ է հարկավոր քրիստոնյա դառնալու համար։
Դառնալ քրիստոնյա չի նշանակում հետեւել ինչ-որ կոնկրետ առաջադրանքներով ցուցակի կետերին։ Քրիստոնյա դառնալու համար պարտադիր չէ ի սկզբանե ունենալ հզոր ու մեծ հավատք. հնարավոր է, քեզ մոտ դեռ կան բազմաթիվ չփարատված հարցականներ։ Ինչպես նաեւ էական չէ, թե ինչպիսին ես եղել դու նախկինում, ինչքան լավը կամ ինչքան վատն ես եղել։
Իսկ ի՞նչ է պետք անել. ընդամենը հարկավոր է դառնալ Հիսուսին այնպիսին, ինչպիսին դու կաս։ Նրա համար կարեւոր չէ, թե ինչ պաշարով դու կմոտենաս Իրեն։ Նա քեզ կընդունի, ինչպիսին էլ որ լինես։
«Եւ կլինի, ամեն ով որ Տիրոջ անունը կկանչէ՝ կփրկուի»։ Գործք Առաքելոց 2։21
«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ»։ Մատթեոս 11։28
«Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին»։ Ղուկաս 19։10
Կատարիր ընտրություն
Յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր ընտրությունը։
Հիսուսն ասել է. «Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է»։ Մատթեոս 12։30
Երբեմն մարդիկ գերադասում են հետաձգել Հիսուսին որպես անձամբ իրենց Փրկիչ ընդունելու հարցը։ Մի կողմից՝ թվում է, թե այդտեղ որեւէ խնդիր չկա, մարդ կարող է Հիսուսին ընդունել ցանկացած տարիքում։ Սակայն ոչ ոք չգիտի, թե որ պահին կընդհատվի իր կյանքի թելը։ Իսկ մահվանից հետո փրկության դուռն այլեւս կփակվի, եւ ընտրություն կատարելու երկրորդ հնարավորություն այլեւս չի լինի։
Շատ ուշ կլինի արդեն։ Ձգտեք չհետաձգել, հետոյին չթողնել ձեր կյանքի կարեւորագույն որոշումը:
«Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ»: Եբրայեցիս 3։7-8
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ