«Ո՞վ է, որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է, որ արդարացնում է: Ո՞վ է, որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է։ Ապա ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։ Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց»։ Հռովմեացիս 8։33-37
Այս ամենի մեջ անգամ ակնարկ չկա, թե առաքյալը կարող է թողնել Տիրոջը, քանի որ պետք է բազմաթիվ զրկանքներ կրի։ Նա հաղթանակից հաղթանակ է անցնում։ Նա դժվարությունների ողջ ճանապարհն անցնում է արքայավայել հաղթանակած։ Բայց ինչպե՞ս է նա հասել այս ամենին։ Արդյոք նա ունե՞ր այն ուժը, որ հաղթահարեր բոլոր այս դժվարությունները։ Ո՛չ։ Հաղթել է նրա միջոցով, ով «յաղթում ենք Նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց»։
Պողոս առաքյալը հուշում է, որ հաղթել կարող ենք Հիսուսի ուժով ու շնորհքով։ Դրա համար էլ նա չի վախենում ապագայից, ինչպիսին էլ որ այն լինի՝ մթագնած, թե սպառնալից. «Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է»։ Հռովմեացիս 8։38-39
Նա չի վախենում, որովհետեւ գիտի. այն շնորհքը, որ կրել է եւ իրեն պահպանել է նախկինում, կպահպանի նաեւ ապագայում։ Այդ պատճառով է նա ասում. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. արդ աւելի յոժարութեամբ իմ տկարութիւններովը կպարծենամ, որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ Վասն որոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»։ Բ Կորնթացիս 12։9-10
Նման դժվար իրավիճակում ո՞վ կարող է տիրապետել բարի տրամադրվածության։ Միայն նա, ով լիովին ապավինում է Աստծուն, ով լիովին համոզված է, որ Աստծո տված շնորհը լիուլի բավարար է իրեն։
Ահա այսպես է մեր առաջ Պողոս առաքյալը ներկայանում՝ վստահեցնելով, թե ինքը վարում է հաղթողի կյանք։ Վերը նշված ողջ դժվարությունները հաղթահարելը արդեն հաղթողի կյանք ապրել է։
Իսկ ի՞նչ է վկայում Պետրոսը. արդյոք նա՞ էլ Պողոսի նման վկայում է. «Ինչպես որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը, որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պետք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով»; Բ Պետրոս 1։3
«Առաքինությունն» այն կարեւորագույն բառերից է, որ հանդիպում ենք Աստվածաշնչում։ Ճանաչողության, այսինքն Հիսուս Քրիստոսի հետ կենաց շփման միջոցով է, որ մեզ շնորհվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, եւ ծառայում է կյանքի առաքինի ընթացքին։ Իսկ ի՞նչ է առաքինությունը, եթե ոչ հաղթանակած կյանք։ Այնուհետեւ Պետրոսը շարունակում է. «Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ, որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով»։ Բ Պետրոս 1։4
Ի՞նչ է ասում այս մասին Հովհաննես ավետարանիչը. «Եւ ինչ որ խնդրենք, կառնենք Նորանից. որովհետեւ Նորա պատուիրանքները պահում ենք, եւ Նորա առաջին հաճոյ եղածները անում ենք»։ Ա Հովհաննես 3։22
Ինչպիսի հանդարտ ինքնավստահությամբ է Հովհաննեսը խոսում այս մասին։ Պատվիրանները պահելը ամենասովորական եւ բնական բանն է, ինչի մասին կարելի է խոսել։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ