«Եւ երբոր եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկնքումը իբրեւ կէս ժամի չափ»։ Հայտնություն 8։1
Լռությունը միշտ հղի է սպասվելիք իրադարձություններով։ Այն կարելի է նմանեցնել երկունքի ցավերին. մի պահ թողնում է եւ շունչ քաշելու հնարավորություն տալիս։ Այս լռությունը նման է խմբավարի փայտիկի՝ օդում կախված վիճակին, երբ բոլոր երաժիշտները, մի պահ շունչները պահած, ջութակների աղեղները լարերին «սառած» սպասում են… ու փայտիկին զուգահեռ ողջ նվագախումբը միաժամանակ սկսում է նվագել… թեպետ Հայտնության գրքում ջութակների փոխարեն հնչում են ահեղ փողերը…
«Եւ տեսայ այն եօթը հրեշտակները, որ Աստուծոյ առաջին կանգնած էին. եւ եօթը փող տրուեցաւ նորանց»։ Հայտնություն 8։2
Հրեշտակներն արդեն պատրաստ են փողհարել եւ գուժել մեղավորների ահեղ օրերը, ովքեր շարունակում են իրենց չարագործությունները։ Փողերը սթափեցման ձայնն են, որ հնչեցվում են։ Սա նրանց համար գրեթե նույնն է, ինչ մեզ համար եկեղեցու զանգերի ղողանջը։ Ինչո՞ւ են հրեշտակները հնչեցնում հատկապես ՓՈՂ։ Որովհետեւ փողերի հնչերանգն է ազդարարում Հիսուսի գալուստը։ Այս փողերն ավելի շուտ հրեական «շաֆար» են, որ հնչեցվում են, երբ սկսվում է ինչ-որ նոր բան, ասենք՝ Նոր տարին։
Հրեաները դարերի ընթացքում տարրալուծվել են այլ ազգերի մեջ եւ հաճախ մոռացել իրենց լեզուն։ Ու, որպեսզի «հայրը կանչի որդուն», օգտագործել են շեփորի, փողի, «շաֆարի» ձայնը։ Իսլամում աղոթքի են կանչում բառաձայնային եղանակով, մեզ մոտ՝ ձայնային, բայց ոչ բառային, այսինքն՝ զանգերի ղողանջների միջոցով։ Սա անբարբառ կանչ է։ Որդու կանչն է։
«Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ, որ աթոռի առաջին էր։ Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին»։ Հայտնություն 8։3-4
Ոչ նյութական հրեշտակը մեր շատ առարկայական աղոթքները խնկի քուլաների հետ բարձրացնում է առ Աստված։ Սակայն հետո կատարվում է կարծես անհավանականը. հրեշտակը կրակով լի խնկանոցը նետում է երկրի վրա. «Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ»։ Հայտնություն 8։5
Կրակը կարող է ե՛ւ լավ նպատակի ծառայել, ե՛ւ վատ, կարող է ջերմացնել եւ այրել- ոչնչացնել։ Եթե կրակը շաղ տրվի երկրի վրա, ապա այն կարող է տեր դառնալ երկրին։ Իսկ կրակը լավ տեր լինել չի կարող։ Սա կարող է լինել Սուրբ հոգու կրակը. սակայն այն, ինչ երկնքում ջերմացնում եւ ուրախացնում է, երկրի վրա կարող է այրել եւ պատժել։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ