«Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ։ Եւ աստղի անունը Օշինդր էր. եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին»։ Հայտնություն 8։10-11
Երրորդ հրեշտակը եւ մեծ աստղի անկումը հոգեւոր հայրերի կողմից երբեմն մեկնաբանվում են որպես սատանայի բացահայտ դրսեւորում այս աշխարհում։ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո մեծ հավանականություն կար, որ ճառագայթված տարրերը կարող էին հայտնվել Դնեպր գետում, որի միջոցով կարող էին վարակվել հսկայական ծովային տարածքներ։ Եվ միայն փրկարարական աշխատանքների ճիշտ կազմակերպման, հաճախ՝ փրկարարների հերոսության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նման մեծ աղետից։ Այս օրինակով մենք կարող ենք տեսնել, թե ինչպես կարող է վարակվել աշխարհի ջրերի երրորդ մասը։
Մարդկային հանճարը թույլ է տալիս ստեղծելու բարդագույն մեխանիզմներ, որոնք կարծես հեշտացնում են մարդկային կյանքի ընթացքը, սակայն այդ մեխանիզմների դույզն-ինչ խաթարումը, շեղումն ուղղակիորեն սպառնում են իրենց «ստեղծարարի» կյանքին։ Չեռնոբիլին հաջորդեցին այլ աղետներ` Սպիտակի երկրաշարժը, նավաբեկումներ, երկաթուղային խոշոր պատահարներ, Խորհրդային Միության անկումը…
Եվ երբեք չգիտենք եւ չենք կարող իմանալ ժամանակի եւ ժամկետների մասին. ամեն լուրջ բան գալիս է հանկարծակի։ Քաղաքակրթական զարգացումը գիտակրթական եւ կիրառական մակարդակը շատ բարձր նիշերի է հասցրել, սակայն անկումը կարող է սկսվել մի կետից, այնուհետեւ շարունակվել շղթայական ռեակցիայով։
Առայժմ մենք ապրում ենք առանձին ազգային պետություններով, առանձին լեզվախմբերով, սահմաններով։ Աշխարհը դեռ վերջնականապես չի դարձել գլոբալ աշխարհ։ Բայց երբ աշխարհն ամբողջությամբ կդառնա «մեկ քաղաք», եւ բոլորը կդառնան աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ), սահմանները կլինեն բացարձակ թափանցիկ, այսինքն՝ իրականում գոյություն չեն ունենա, կլինի մեկ միասնական դրամական միավոր… այ, այդ քաղաքը կդառնա Երկնային Երուսաղեմի դեմ պայքարող, պատերազմող քաղաքը։ Կլինի պատերազմ երկու քաղաքների միջեւ, պատերազմ երկրի ու երկնքի միջեւ։ Մենք առայժմ նայում ենք Հայտնության գրքի հայելիների մեջ, Գրքի հայտնությունների բառացի իրականացումը կտեսնենք, երբ ողջ մոլորակը կդառնա մեկ քաղաք եւ կպայքարի երկնային քաղաքի դեմ։ Աստծո քաղաքը պատերազմելու է երկրային քաղաքի դեմ։
Առաջին չորս փողերի հնչեցմանը հաջորդում է ներգործությունը բնության վրա, հաջորդ երկու փողերին հաջորդում են ներգործություններ մարդկանց, շնչավորների վրա։ Երբ եւ որտեղ էլ լինենք, մշտապես առկա է պայքարը երկրի եւ երկնքի միջեւ։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ