«Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չտայ, եւ գիշերն էլ նմանապէս»։ Հայտնություն 8։12
Մոլորակը լիովին չի մթագնում։ Պատիժը դեռ ինչ-որ սահմանաչափ ունի։ Այն, ինչ կատարվելու է երկրի վրա, արտացոլանքը, ստվերն է լինելու երկնքում կատարվածի։ Միայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե սկսվի միջուկային պատերազմ. միջուկային ռումբերի պայթյունից այնպիսի փոշու ամպեր կբարձրանան, որ անորոշ ժամանակով ոչ արեւի լույս կտեսնենք, ոչ՝ լուսնի, կվերանա բուսականությունը, անպիտան կդառնան ջրերը… Կսկսվի միջուկային ձմեռը:
Այսօր, իհարկե, էլեկտրականությունը ջնջել է լույսի ու խավարի սահմանը, գիշերները կարողանում ենք լուսավորել այնպես, որ խարխափելու տեղ չի մնում, ծայրահեղ դեպքում օգնության են հասնում լապտերն ու ջահը… Շատ մեգապոլիսներում «օրն սկսվում է» մութն ընկնելուց հետո։ Շատ ավելի վտանգավոր ու մտահոգիչ է հոգու խավարը։ Պետք է վախենալ այն խավարից ու մթությունից, որոնց համար չկա լապտեր։ Այդ խավարի լապտերը միայն Քրիստոսի հարության լույսն է։ Հոգեւոր խավարն, անշուշտ, շատ ավելի վտանգավոր ու լուրջ է։
«Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։ Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ թանձր խաւար եղաւ երեք օր»: Ելից 10։21-22
Թվում է, թե ահ ու սարսափն այլեւս սահման չունեն, եւ վերջն է այլեւս. սակայն, դեռ ո՛չ. դեռ գալիք առավել դժվար իրավիճակներ կան, դեռ փողեր կան հնչելու. «Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ, որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց, որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են»։ Հայտնություն 8։13
Այս «վա՛յ»-երը ավելի շատ նախազգուշացում են գալիք արհավիրքների, դժվարությունների, «պայթյունների» համար, նախազգուշացում են, որ մարդ կարողանա հետեւություններ անել եւ ապաստան ու ապաստարան գտնել իր հոգեւոր կյանքում։ Թեպետ այստեղ ավելի շատ եւ ավելի շուտ ոչ թե նախազգուշացում է, այլ հայտարարություն, թե ինչ է սպասվում, հրեշտակը տեղեկատվություն է տալիս առաջիկա «վա՛յ»-երի մասին` հետեւությունները թողնելով մեզ…
Իսկ ինչպե՞ս իմանանք, որ սա՛ է Աստծո այն հաղորդագրությունը, որ մեզ զգուշացնում կամ տեղեկացնում է գալիք արհավիրքների ու տանջալից ժամանակների մասին։ Աստվածաշունչը նամակ է, որն ուղղված է յուրաքանչյուրիս։ Հարկավոր է, որ մենք մեզ վարժեցնենք Աստվածաշնչային ընթերցանությանը։ Սա լավագույն միջոցն է նախապատրաստվելու այն ամենին, ինչ մեզ սպասվում է։
Ինչո՞ւ է հրեշտակը դիմում նրանց, ովքեր ապրում են երկրի վրա. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց, որ բնակուած են երկրի վերայ»։ Կա երեք կատեգորիա. նրանք, ովքեր ապրում են երկրի վրա, նրանք, ովքեր ապրում են երկնքում, եւ նրանք, ովքեր ապրում են երկրի վրա, բայց ձգտում են ապրել երկնքում։ Հրեշտակի այս հայտարարությունը մի տեսակ վերջին կոչ է սթափության, որովհետեւ մենք գիտենք, որ վերջին սահմանը, որից հետո այլեւս որեւէ բան հնարավոր չի լինի շտկել, դա մահն է։ Ուրեմն մինչ այդ է հարկավոր ուշքի գալ եւ փորձել միանալ երկնքին ձգտող բանակին։
Ինչո՞ւ է Աստված պատժում եւ ոչնչացնում մեկ երրորդ մասը միայն. բնության, մարդկության։ Կարող ենք զուգահեռ տանել փաստի հետ, որ երկնքի հրեշտակների երրորդ մասը անկում ապրեց ու ըմբոստացավ։ Կարող ենք նաեւ այս փաստի մեջ ուրախանալու առիթ տեսնել. Աստված ինքն է սահմանաչափ դնում, չի ոչնչացնում ամբողջը, դրսեւորում է գթասրտություն։ Նոյի ժամանակ փրկվեց ընդամենը մեկ կաթիլ՝ մեկ ընտանիք, Նոյի ընտանիքը, ում սերունդներից նորից շարունակվեց մարդկային գոյությունը։ Այդ մեղավորն է, որ սահման չունի, մեղքերի մեջ չկա հագեցվածություն, մեղքը չունի եզր, չունի հատակ, անտակ է մեղքի տարողությունը, դժոխքը չունի հատակ, «բավական է» արտահայտությունը գոյություն չունի անդրաշխարհի համար, դժոխքը երբեք չի ասում «ստոպ, բավարար է»։
Աստված ասում է՝ բավարար է, սա է սահմանաչափը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ