«Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ։ Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին, որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չապաշխարեցին, որ փառք տան նորան»։ Հայտնություն 16։8-9
Ցանկացած դժվարություն, դժբախտություն կարող է մարել հենց սկզբում։ Բայց, քանի որ չի լինում զղջում, չի լինում համարժեք արձագանք, սկսվում է ինչուների տարափ տեղալ, այսինքն վարվում են այնպես, ինչպես վարվեց Եգիպտոսի փարավոնը։
Սա խաղամոլի սինդրոմի նման է. պարտվելով, մեծ պարտքերի տակ լինելով հանդերձ՝ նա մտածում է՝ էլի խաղամ, նորից գումար դնեմ եւ կհաղթեմ՝ արդյունքում խորացնելով իր ճգնաժամն ու դժվարությունները։ Այսինքն՝ վերջ չունի կրքամուղ վիճակը։ Եթե սիրտը վարակված է կրքի իշխանությամբ, ապա դրա վերջը չի երեւում, եւ զղջալու փոխարեն մարդն ավելի է խստացնում սիրտը, դառնում ավելի չար ու դաժան։
Թեկուզեւ սրտի մակարդակում, սա պատերազմ է երկնքի դեմ։
Իսկ հինգերորդ սկավառակի պարունակությունը թափվում է հենց գազանի աթոռի վրա. «Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը. Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. եւ չապաշխարեցին իրանց գործերիցը»։ Հայտնություն 16։10-11
Աստծո թշնամիների թվացյալ հանդարտությունը անակնկալ խախտվելու է Աստծո միջամտությամբ։ Եվ իրենց լեզուները ծամելու են նրանք, ովքեր ընդունել են գազանի կնիքը, գազանի նշանը, նրա իշխանությունը։ Հոգեկան ցավերն ու տվայտանքները առաջացնում է ոչ թե Աստված, այլ նրանց կապը իրենց տիրոջ՝ գազանի հետ։ Գազանն իր չարությամբ ընկղմում է իր հետեւորդներին անէության, անդունդի խորքերը։ Մարդիկ չեն ցանկանում հավատալ, չեն հասկանում, որ իրենց սեւ օրերը, իրենց դժբախտությունները չարին հետեւելու արդյունք են, եւ ամեն ինչում փորձում են մեղադրել Աստծուն։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ