Բրյուսելում հունիսի 24-25-ը կայացել է ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Թուրքիայի հետ հարաբերությունները եւ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը։
Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրում Բրյուսելի եւ Անկարայի հարաբերություններին նվիրված մասում նշված է, որ ԵՄ-ն պատրաստ է աստիճանաբար խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:
ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրոպական հանձնաժողովին ֆինանսական օգնության նոր առաջարկ ներկայացնել Թուրքիայում եւ տարածաշրջանի այլ երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականների համար: ԵՄ առաջնորդները հայտարարել են նաեւ միգրացիայի, առողջապահության, կլիմայի, հակաահաբեկչության եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսության նախապատրաստման մասին: Հռչակագրում ընդգծվել է, որ Արեւելյան Միջերկրական ծովում անվտանգ եւ կայուն իրավիճակը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները, որոնք նպաստում են կողմերի միջեւ համագործակցության խորացմանը, համապատասխանում են ԵՄ ռազմավարական շահերին:
Հայտարարության համաձայն՝ ԵՄ առաջնորդները սկսել են տեխնիկական աշխատանքներ իրականացնել, որոնք ուղղված են ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացմանը: ԵՄ-ն ընդառաջ է գնում թուրքական օրակարգին եւ պատրաստ է նպաստել Անկարայի հետ հարաբերություններում «դրական օրակարգի շարունակությանը», քանզի միգրացիայի խնդիրը լրջագույններից մեկն է, եւ այդ հարցի լուծման համար ակնկալվում է Թուրքիայի մասնակցությունը: Ի դեպ, բավականին սրված է իրավիճակը Ֆրանսիայում. նախօրեին ավելի քան 300 փախստական վրաններ են տեղադրել Փարիզի կենտրոնում՝ ակնկալելով լուծումներ գտնել իրենց խնդիրներին։
Միգրացիայի խնդիրը հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու է ԵՄ-ն «ներում» Անկարային, ինչպես օրինակ՝ պատժամիջոցներ չկիրառելով Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների համար, կամ պատրաստ է Կիպրոսի խնդրի կարգավորումը տեսնել կիպրական կողմերի քաղաքական հավասարության հիման վրա երկու համայնքից եւ երկու տարածաշրջանից կազմված ֆեդերացիայի մոդելի շրջանակներում: Այս համատեքստում ստացվում է, որ ԵՄ-ն զիջում է անդամ երկրներից որոշների շահերը միգրացիոն խնդրին լուծում տալու համար։
«Ռոյթերս» գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Եվրամիությունը քննարկում է 3.5 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային՝ սիրիացի փախստականներին մինչ 2024 թ. ընդունելու համար: Ֆինանսական այդ աջակցությունն ավելի քան 5.7 միլիարդ եվրո օգնության փաթեթի մի մասն է կազմում։ Գործակալության տվյալներով՝ ներկայումս Թուրքիայում բնակվում է շուրջ 4 միլիոն փախստական: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել էր, որ «Թուրքիան ֆանտաստիկ աշխատանք է կատարում 3,7 միլիոն սիրիացի փախստականների ընդունելու հարցում»:
ԵՄ-ն եւ Թուրքիան 2016 թ. մարտին ստորագրել էին համաձայնագիր, որը նախատեսում էր միջոցներ ձեռնարկել Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից եւ Պակիստանից ապօրինի միգրանտների հոսքը կրճատելու համար: Այս սխեման ստեղծվել է դեպի Եվրոպա միգրացիայի հոսքը նվազեցնելու համար։ Համաձայնագրի համաձայն, փախստականները հնարավորություն ունեն Թուրքիայի տարածքից ապաստան ստանալու իրավաբանական հայտ ներկայացնել: Դա վերաբերում է ոչ թե տնտեսական միգրանտներին, այլ նրանց, որոնք իրենց երկրներից հեռանում են պատերազմի հետեւանքով։
Եվրոպական տրամադրություններին եւ ԵՄ-Թուրքիա փոխգործակցության վեկտորին էր անդրադարձել նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը գագաթնաժողովի նախօրեին գերմանական «WELT» պարբերականին տված հարցազրույցում, նշելով, որ ԵՄ-ն շահագրգռված է Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի մշակմամբ եւ շարունակմամբ: Ընդգծվել է, որ Թուրքիան ռազմավարական եւ տնտեսական մեծ կարեւորություն ունի Գերմանիայի եւ ԵՄ համար, ուստի անհրաժեշտ են համարում սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ եւ շարունակել երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Միեւնույն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիայի լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին չի լինի, ինչը պայմանավորել է ԵՄ-ին անդամակցելու քաղաքական չափանիշներից՝ ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից եւ մարդու իրավունքների հարգումից, Թուրքիայի հեռանալով: Լիարժեք անդամակցությունը պատրաստ են փոխարինել սերտ գործընկերային հարաբերություններով։
Թուրքիան իր առջեւ կարծես խնդիր չի էլ դնում դառնալու ԵՄ լիարժեք անդամ, առավել եւս, որ միգրացիայի խնդիրը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով առաջ տանելու քաղաքական եւ ռազմավարական նշանակության սեփական օրակարգը։