Լիբանանի վարչապետը հրաժարվել է կառավարության ձեւավորումից ու հրաժարական տվել: Դա կարող է շատ ավելի մեծ քաոսի պատճառ դառնալ երկրում: Կապված դրա հետ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե հիմա ով ձեռք կմեկնի Լիբանանին: Պարզվում է՝ իսրայելական կառավարությունը հասկանում է, որ իր մասնակցությունն անհրաժեշտ է, այլապես գլխավոր թշնամիներն իրավիճակը կվերցնեն իրենց ձեռքը: Այս մասին գրում է լիբանանյան «Al Modon»-ը:
Լիբանանցիների տառապանքներն օրեցօր բազմապատկվում են, եւ այդ երկրի տխուր պայմանները հասել են այնպիսի կետի, երբ Իսրայելի ղեկավարները կարող են չարախնդալ այդ հաշվով: Մի քանի օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է Լիբանանին ձեռք մեկնելու իր երկրի պատրաստակամության մասին, որպեսզի այդ երկիրը դուրս գա այժմյան ճգնաժամից, իսկ դրանից հետո վարչապետ Նաֆթալի Բենետը կիրակի կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում իր համերաշխությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին:
Նիստի ժամանակ Իսրայելի վարչապետը տնտեսական ծանր պայմանների ողջ պատասխանատվությունը, որում այսօր գտնվում են լիբանանցիները, դրել է Իրանի վրա՝ հայտարարելով. «Լիբանանյան պետությունը կործանման եզրին է, ինչպես եւ բոլոր այն երկրները, որոնք նվաճվել են Իրանի կողմից: Այս անգամ նրա գործողությունների համար վճարում են լիբանանյան քաղաքացիները»:
Գնահատելով լիբանանյան ճգնաժամի ծավալները՝ նա նշել է. «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին ու զգոն ենք»:
Այս հայտարարությունները կատարվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտարարեց Լիբանանից մաքսանենգ զենքի տեղափոխման փորձերի մասին: Դա տեղի է ունեցել Գաջար գյուղից ոչ շատ հեռու՝ սիրիական Գոլանի ու լիբանանյան սահմանին հարող տարածքում: Վարչապետի խոսքերով՝ դա զենքի անօրինական տեղափոխման ամենախոշոր փորձն է վերջին տարիներին, սակայն ոչ միակը:
Իսրայելական մամուլը նույնպես հետաքրքրությամբ է լուսաբանել Լիբանանի ողբերգական իրադարձությունները: Այսպես՝ «The Times of Israel»-ի համաձայն՝ դժվար է ասել, թե դեպի ուր է շարժվում Լիբանանը: Իրավիճակի նորմալացումը հնարավոր չի թվում, քանի դեռ «Հեզբոլլահը» գործում է անօրինական կերպով՝ նպաստելով լիբանանցիների աղքատությանը, եւ դա այն դեպքում, որ վերջիններս օգնություն են փնտրում Իրանում:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալիի՝ Իրանից նավթ գնելու առաջարկի նպատակը լիբանանյան բնակչությանը տեղեկացնելն է, թե որտեղից կարելի է օգնություն ակնկալել: Քանի որ միջազգային խաղացողները չեն ցանկանում օգնել Լիբանանին, առայժմ այնտեղ ուժեղ կառավարություն չի ձեւավորվել, Նասրալին ցանկանում է իրեն ու Իրանին դիրքավորել որպես երկրի փրկիչների:
Թերթի գնահատականներով՝ կարելի է Լիբանանում իրավիճակի զարգացման 4 սցենար առանձնացնել: Առաջինի համաձայն՝ պետության հիմքերը մաքուր տեսանելի կդառնան: Ըստ երկրորդ եւ ամենավատ սցենարի՝ իրավիճակը կծավալվի 2005 թ. վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո «մայրու հեղափոխության» մոդելով: Միեւնույն ժամանակ երկրորդ սցենարը բացառվում է, քանզի Լիբանանում չկան քաոսային ցույցեր, բացի լցակայաններում դրվագային բախումներից: Ինչ վերաբերում է երրորդ սցենարին, ապա դա իրավիճակի վատթարացում է 1975 թ. տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի օրինակով:
Չորրորդ հնարավորություն կարելի է համարել Իրանի եւ Ռուսաստանի որոշումը՝ ուղղակիորեն միջամտելու Լիբանանի գործերին, որը կարող է որոշ անկայունություն բերել փոքր երկրի՝ պարսկական կայսրության հերթական նահանգի վերածման հաշվին:
Իսրայելական «The Jerusalem Post» թերթը համերաշխություն է հայտնել Լիբանանին ու նրա ժողովրդին՝ կարծելով, որ անհրաժեշտ է նրանց օգնություն ցուցաբերել, նույնիսկ եթե լիբանանյան կառավարությունը թշնամական է համարվում: Ըստ թերթի՝ չնայած չի կարելի անտեսել այն փաստը, որ «Հեզբոլլահն» իրանցիների հետ միասին վերահսկում է լիբանանյան տարածքի որոշակի մասը եւ պարբերաբար սպառնում ոչնչացնել Իսրայելը, երկու երկրները կարող են փոխել հարաբերությունների այդ էջը եւ միասին աշխատել տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ:
Թերթը կոչ է արել յուրահատուկ, աննախադեպ, նորարար որոշում կայացնել, որը լիբանանցիներին որոշակի աջակցություն կապահովի Իսրայելի կողմից: Միջազգային հանրությունը նույնպես, ըստ այդ կարծիքի, կարող է դրական դեր կատարել, ինչպես մարդու իրավունքների կազմակերպությունները:
Իսրայելական «Գաարեց» թերթը հաղորդել է, որ իսրայելական կառավարությանն անհանգստացնում են Իրանի գործողությունները՝ միտված լիբանանցիներին ճգնաժամից հանելուն, քանի որ այդ կերպ Իրանը կարող է արաբական պետության փրկարարի համբավ ձեռք բերել: «Հեզբոլլահը» գործն իր ձեռքը կվերցնի Բեյրութում՝ օգտագործելով անցումային կառավարության թուլությունը, իսկ իսրայելական քաղաքական ղեկավարությունը եւ անվտանգության ծառայությունները ինտենսիվորեն հետեւում են ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ բանակցային գործընթացին ամերիկացիների՝ միջուկային համաձայնագրին վերադառնալուց հետո: Վերջինը կօգնի միլիարդավոր դոլարներ ուղղել դեպի իրանական տնտեսություն, եւ, որպես հետեւանք, այդ գումարների մի մասը կհայտնվի «Հեզբոլլահի» ձեռքին: Բացի այդ, հնարավոր է, իրանական նավթի արտահանումից ստացված եկամտի մի մասը կօգտագործվի ապագայում Բեյրութի վրա իրանական տնտեսական ազդեցության մեծացման գործում:
Ինչպես նշում է թերթը, Իսրայելը գերադասում է, որ լիբանանյան բանակի ու այլ ինստիտուտների միջոցներն ստացվեն արեւմտյան երկրներից ու Պարսից ծոցից, այլ ոչ թե Իրանից, Ռուսաստանից ու Չինաստանից: Իսկ առաջիկա ամիսներին սպասվում է իրավիճակի առավել վատթարացում…