Թուրքիայի իշխանությունները, որ պայքարում են երկրի պատմության մեջ ամենաահավոր անտառային հրդեհների դեմ, մեղադրվում են սպառնալիքին դիմագրավել չկարողանալու մեջ այն բանից հետո, երբ պաշտոնական տվյալները ցույց տվեցին, որ անտառային հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված միջոցներից ծախսվել է բյուջեում նախատեսվածի ընդամենը չնչին մասը:
Ութ մարդ զոհվել է Թուրքիայի հարավարեւմտյան ափամերձ շրջաններն ընդգրկած հրդեհների հետեւանքով, ինչը ստիպել է տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց, ներառյալ զբոսաշրջիկներին։
Նախագահ Թայիփ Էրդողանի կառավարությունը ենթարկվել է քննադատության այն բանի համար, որ նրա արձագանքը դանդաղ էր եւ անհամարժեք, ընդդիմախոսները կենտրոնացել են հրշեջ ինքնաթիռների բացակայության վրա, ինչը ստիպել է Անկարային փորձել գնել դրանք արտասահմանում։
Թուրքիայի անտառային տնտեսության պետական գործակալությունը հայտարարել է, որ առաջին կիսամյակում ծախսել է 200 մլն լիրայի (24 մլն դոլար) 2 տոկոսից էլ քիչ, որոնք հատկացվել են այս տարի շինարարության, նախագծերի եւ անտառային հրդեհների դեմ պայքարին անհրաժեշտ սարքավորումների վրա։
Օրինակ՝ այս տարի Պորտուգալիան 224 մլն եվրո է հատկացրել անտառային հրդեհների կանխման եւ դրանց դեմ պայքարի համար, իսկ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը հատկացրել է 65 մլն դվրո։
Չնայած երկրները կարող են տարբեր կերպ չափել հատկացումները, ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչության (OGM) հրապարակած տվյալները ցույց են տվել, որ Էրդողանի կառավարությունը անտեսել է կանխատեսվող վտանգը։
«OGM բյուջեն այնպես էր պլանավորված, ասես ոչ մի հրդեհ չէր լինելու»,- ասել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մուրատ Էմիրը։ «Այդ թվերը ցույց են տալիս, թե ինչու չեն ընդունվել արդյունավետ միջոցներ հրդեհների դեմ պայքարում»,- ասել է Էմիրը։
Կառավարությունը ռեսուրսների անբավարարության մեջ մեղադրել է Թուրքական ավիացիոն ասոցիացիային (THK)՝ հայտարարելով, որ նրան չի հաջողվել պահպանել հակահրդեհային ինքնաթիռների լրակազմը՝ չնայած շռայլ ֆինանսավորմանը։
Էմիրը նշել է, որ OGM հաշվետվությունը ցույց է տվել, որ անտառային հրդեհների դեմ պայքարի ծախսերի պլանները ներառում են 26 ուղղաթիռի գնում, որոնց համար ծախսերի մեջ նախատեսված է ընդամենը 1000 լիրա (119 դոլար)։ Նա հարցրել է նախարարին, թե ինչու միջոցներ չեն հատկացվել ուղղաթիռներ գնելու համար, եթե նախարարությունն ինքնաթիռներ կամ ուղղաթիռներ չունի։
Նախօրեին Էրդողանն ասել էր, որ ընդդիմությունը «ստի ահաբեկչություն» է տարածում հրդեհների մարման գործողության վերաբերյալ՝ ավելացնելով, որ իր կառավարությունը պրոֆեսիոնալ կերպով է հաղթահարել տարերային աղետները իր կառավարման 19 տարիներին։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը հետաքննություն է պահանջել՝ հավաստիացնելով, որ հրդեհին պատրաստվելը եւ պատասխան միջոցները ուշացած էին եւ ոչ համարժեք։ Այն նաեւ մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան չի վավերացնում կլիմայի փոփոխության Փարիզի համաձայնագիրը, G20-ի միակ երկիրն է, որը դեռ չի արել դա, եւ խնդիրը կապել է հրդեհների հետ։ «Այդ համաձայնագրի վավերացումից հրաժարվելը կառավարության քաղաքականության արտացոլումն է, որը հանգեցրել է բնության ջարդի»,- հայտարարել է ԺԴԿ-ն։