Նոր կենսագրությունն Ուսամա բեն Լադենի կյանքի ուղին դիտարկում է ամաչկոտ կրոնապաշտ պատանուց սկսած մինչեւ զանգվածային սպանություններով զբաղվող գլոբալ ջիհադական խմբավորման առաջնորդ։
Լրագրող Փիթեր Բերգենը, որը հանդիպել է «Ալ Քաիդայի» առաջնորդի հետ 1997թ., ասում է, որ իրադարձությունների հերթագայությունը շարունակել է դրդել բեն Լադենին գնալ «ավելի ու ավելի հեռու արմատականացման ճանապարհին»։ «[Բեն Լադենը] կարող էր այլ ճանապարհ ընտրել իր կյանքի տարբեր պահերին»,- ասում է Բերգենը։ «Բայց ամերիկյան զորքերի մուտքը Սաուդյան Արաբիա [1992թ.] նրա ծածուկ հակաամերիկանիզմը վերածեց բուռն ատելության Միացյալ Նահանգների հանդեպ»։
Բերգենն ասում է, որ բեն Լադենը մտածում էր, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, որոնք վերագրում են իրեն, կհանգեցնեն ԱՄՆ զորքերի դուրսբերմանը Սաուդյան Արաբիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ վայրերից»։ «Դա, իհարկե, մոլորություն էր»,- ավելացնում է նա։ «Այդպես չեղավ»։
Բեն Լադենը սպանվեց 2011թ.։ Բերգենի նոր գիրքը՝ «Ուսամա բեն Լադենի վերելքը եւ անկումը», հիմնված է բեն Լադենի մերձավոր շրջապատի տասնյակից ավելի մարդկանց հետ հարցազրույցների վրա։
Նրա խոսքով՝ 2011թ. շուրջկալի ժամանակ հայտնաբերված որոշ առարկաներ հատկապես զարմանալի էին. «Երբ ես այցելեցի համալիր, տեսա այն, ինչ կար նրա ննջարանում, որտեղ սպանվել էր»,- ասում է Բերգենը։ «Ես տեսա նրա լողասենյակում Just for Men մազերի ներկ։ … Նա ցանկանում էր երիտասարդ երեւալ։ Երբ բեն Լադենը մահացավ, 54 տարեկան էր, բայց իրականում շատ ավելի մեծ էր երեւում։ Ուստի օգտագործում էր մազերի ներկ»։
Սպանության պահին բեն Լադենի հետ ապրում էր 27 մարդ, որոնցից 16-ը՝ նրա ընտանիքի անդամներ։ Բեն Լադենը, չնայած իր բազմաթիվ արատներին, ամբողջ չարիքին, մահվանն ու ավերածությանը, որոնք սփռել էր, որոշ իմաստով ընտանեկան մարդ էր եւ ցանկանում էր, որ ընտանիքը կողքին լինի։
Նրա տունը նրա սեփական բանտն էր։ Եվ ինչ-որ իմաստով նա գլխավոր վերակացուն էր։ Նա ինքը չափազանց զգույշ էր այն ամենում, ինչ անում էր։ Նա այգում քայլում էր կովբոյական գլխարկով, որպեսզի ոչ ոք չճանաչի։ Նրա ընտանիքի անդամները տարածքից դուրս չէին գալիս։ Նա երբեք դուրս չէր գալիս տարածքից։ Փաստորեն, նա թաքնվում էր այն աստիճան, որ թիկնապահի կանանցից մեկը չգիտեր, որ իրենց մեջ ապրում է Ուսամա բեն Լադենը, չնայած կինն ապրում էր այդ նույն համալիրում։
Բեն Լադենի երկու ավագ կանայք կարեւոր դեր են խաղացել նրա կյանքում։ Նրանք դոկտորական աստիճան ունեն։ … Մեկը մանկական հոգեբանության դոկտոր է, մյուսը՝ Ղուրանի քերականության դոկտոր։ Նրանք երեխաներին տանն էին ուսուցանում եւ կարեւոր դեր են խաղացել՝ օգնելով բեն Լադենին հորինել բարդ ռազմավարական խնդիրներ՝ կապված «Ալ Քաիդայի» գործունեության ապագա ուղղության հետ»։