Իրանը վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Աֆղանստան՝ «Թալիբան» արմատական շարժման կողմից 70 տոկոսով մաքսային սակագների իջեցումից հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին:
«Իրանը վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը Աֆղանստան: Արտահանումը վերսկսվել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ թալիբները 70 տոկոսով նվազեցրել են Իրանից վառելիքի ներկրման սակագինը»,- ասել է Հոսեյնին:
Շաբաթ օրը Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ Իրանի սահմանի բոլոր հսկիչ-անցագրային կետերը բաց են և գործում են:
«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքում: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ հեռանում է երկրից՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում նա Սահմանադրության համաձայն դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատար և թալիբներին զինված դիմադրության կոչ է արել: Արևմտյան պետությունները Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատների աշխատակիցներին: