Ամերիկյան զինվորականները ենթադրում են, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է հարձակում իրականացնել և քաոս առաջացնել Քաբուլի օդանավակայանում, որտեղից այս պահին տեղի է ունենում ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների տարհանումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին CNN-ին հայտնել է անանուն աղբյուրը Պենտագոնում:
«ԱՄՆ-ն կարծում է, որ «Իսլամական պետություն»-ը, որը «Թալիբան»-ի երդվյալ թշնամին է, մտադիր է անկարգություններ հրահրել օդանավակայանում, և ունի հետախուզական տվյալներ, որ խմբավորումը ունակ է և ծրագրում է հարձակումների շարք իրականացնել»,- ամերիկյան հեռուստաալիքին ասել է աղբյուրը:
CNN-ի տվյալներով՝ Պենտագոնում մտահոգ են ԻՊ կողմից սպառնալիքի աճի առնչությամբ: Մտահոգությունն ավելի է մեծացել այն լուրերից հետո, որ Քաբուլից ոչ հեռու գտնվող երկու բանտերից վերջերս փախուստի են դիմել ավելի քան 100 հանցագործ, որոնք հավատարիմ են ԻՊ տեղի մասնաճյուղին: