Աֆղանստանում կենտրոնական իշխանությունը վերցրած թալիբները ուզում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց, միևնույն ժամանակ, դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը:
«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց մենք չենք ուզում, որ նրա զինվորները լինեն Աֆղանստանում», – ըստ Shamshad News-ի՝ ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:
Թուրքական զորամիավորումը, որը 2021 թ. տվյալներով կազմում է 600 զինծառայող, Աֆղանստանում է գտնվում 2001 թվականից: Այն բանից հետո, երբ 2021 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մինչև 2021 թ. սեպտեմբեր ավարտելու մասին, ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին հայտնեց, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո օգտագործել թուրքական զորքերը Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը ապահովելու նպատակով: Սակայն թալիբները կտրականապես դեմ են հանդես գալիս Աֆղանստանում թուրքական զորքի ներկայությանը: