Այս տարվա ապրիլի 14-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանի «հավերժ պատերազմը» դադարեցնելու ծրագրի մասին, «Թալիբանի» գրոհայինները մի շարք ուղղություններով ուժեղացրեցին հարձակումները՝ հաջողություններ գրանցելով երկրում։ Արդեն օգոստոսի 16-ին կազմակերպությունն առանց մարտերի գրավեց երկրի մայրաքաղաք Քաբուլը։ Դա տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ կոալիցիոն զինված ուժերի դուրսբերման մեկնարկի մասին հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։
Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները բնականաբար ազդեցություն են ունենալու ինչպես տարածաշրջանային զարգացումների, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը այս թեմայով զրուցել է արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ըստ նրա, Աֆղանստանում սպասվող զարգացումների մասով բավական առանցքային ամսաթիվ պետք է դիտարկել սեպտեմբերի 1-ը, երբ «Թալիբանի» եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերները երկրի տարածքից դուրս կբերեն զորախմբերը։ Թերեւս դա կդառնա կարեւորագույն այն ամսաթիվը, որից հետո կուրվագծվեն հետագա շատ ավելի առանցքային զարգացումները եւ հնարավոր կլինի կանխատեսումներ իրականացնել Աֆղանստանի ապագայի հետ կապված։
Օրեր առաջ Իսլամական պետության աֆղանական «Խորասան» կառույցի կողմից Քաբուլում իրականացված զանգվածային ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել էին նաեւ ԱՄՆ շուրջ երկու տասնյակ զինծառայողներ։ «Դրանով, ըստ էության, իրականանում է միջազգային հանրության այն հիմնական մտավախությունը, որ Թալիբանի կառավարման ժամանակահատվածում, հատկապես դրա չհաջողելու պարագայում, Աֆղանստանի տարածքում կարող է կրկին արմատավորվել իսլամական ծայրահեղականությունը, որն էլ իր հերթին անվտանգային լուրջ մարտահրավեր կարող է ներկայացնել Աֆղանստանի տարածքից ինչպես հարեւան երկրների, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի համար։ «Իսլամական պետության» կողմից իրականացված այդ ահաբեկչական գործողություններով հիմնավորվում է, որ Աֆղանստանում կանխատեսվող հիմնական անվտանգային սպառնալիքները բավականաչափ առարկայական են։ Փաստացի Աֆղանստանում իրադարձությունները շատ ավելի արագ են ընթանում, քան դրանց վերաբերյալ կանխատեսումներ են հնչում աշխարհի բազմաթիվ հետախուզական ծառայությունների, վերլուծական կենտրոնների կողմից։ Այդ երկրում ծավալված գործընթացները եւ կանխատեսվող զարգացումներ բավականաչափ անորոշություն եւ դրա հետ կապված անկանխատեսելիություն են ներկայացնում»,- մանրամասնեց արեւելագետը։ Նշենք, որ երեկ նույնպես պայթյուններ են եղել Քաբուլում։
Միջազգային հանրության դիրքորոշումն ու մոտեցումները Աֆղանստանում ստեղծված իրավիճակի մասով հիմնականում բաժանվում է երեք մասի. առաջին խմբում այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ ուղերձ են հղում Թալիբանի հետ հնարավոր համագործակցության մասով, նաեւ նշում են վերջինիս ճանաչման հնարավորության մասին։ Զրուցակցիս խոսքով, դրանք այն երկրներն են, որոնք ցանկանում են ինչ-ինչ հաղթաթղթեր ձեռք բերել Աֆղանստանում ստեղծված իրավիճակից։ Այդ շարքում առաջիններից են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական հակառակորդները, որոնք քաղաքական եւ քարոզչական հարթությունում կոալիցիոն ուժերի նման հապճեպ կերպով դուրս գալը եւ այնտեղ ստեղծված քաոսային իրավիճակը, մասնավորապես Քաբուլի միջազգային օդանավակայանում, փորձում են ներկայացնել որպես Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի պարտություն։ Այդ երկրներն են՝ ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը, որոնց ուղերձներում առկա է որոշակի դիրքորոշում առ այն, որ դեռեւս չեն շտապում գնահատական տալ Թալիբանի իշխանությանը, բայց միեւնույն ժամանակ պատրաստ են դիտարկել ճանաչման, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում նրա հետ համագործակցելու հնարավորությունը՝ աֆղանցի ժողովրդի խնդիրները լուծելու նպատակով։
Այս խմբում Պետրոսյանն առանձնացրեց Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան դեռեւս ընթացիկ տարվա ապրիլից նախաձեռնել էր հստակ գործողություններ եւ դիվանագիտական առումով Կատարի եւ Պակիստանի միջոցով, նաեւ սեփական հատուկ ծառայությունների խողովակներով նպատակ էր հետապնդում կապեր հաստատել Թալիբանի հետ՝ ապահովելու համար իր որոշակի ներկայությունը։ «Այդ հնարավորությունը փաստացի համաձայնեցվել էր նաեւ ԱՄՆ-ի նախագահի եւ Աֆղանստանի նախորդ կառավարության հետ եւ Թուրքիային էր վերապահվել Քաբուլի օդանավակայանի վերահսկողության պարտականությունը, որը, սակայն, չեղարկվեց Թալիբանի կողմից իշխանության զավթման պատճառով։ Այնուամենայնիվ, Թուրքիան ունի որոշակի պայմանավորվածություններ Թալիբանի հետ։ Այդ մասին են վկայում Աֆղանստանից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք Թուրքիան դիտարկում են որպես կարեւոր դերակատար թե՛ տարածաշրջանում, թե՛ մուսուլմանական աշխարհում, թե՛ նրա հնարավորությունները Աֆղանստանի տնտեսական ենթակառուցվածքային տարբեր ոլորտներում ներգրավելու ուղղությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անգամ կան որոշակ բանակցություններ Թուրքիային Քաբուլի օդանավակայանի տեխնիկական ապահովման հետ կապված որոշակի գործառույթներ տրամադրելու մասով։
Երկրորդ խմբի երկրները միանշանակորեն բացառում են Թալիբանի հետ համագործակցելու հնարավորությունը, իրենց դիրքորոշումը հիմնավորելով, որ խմբավորումն ահաբեկչական է, հետեւաբար նրա կառավարման դեպքում Աֆղանստանում լրջագույն սպառնալիքներ են առաջանալու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արեւմտյան մյուս արժեքների համար։ Այս խմբում արեւմտյան մի շարք երկրներ են եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ։
Երրորդ խմբի երկրները չեն շտապում որեւէ դիրքորոշում հայտնել, որովհետեւ, ըստ Պետրոսյանի, չունեն առարկայական հետաքրքրություններ Աֆղանստանում ընթացող գործընթացների հետ կապված եւ պարզապես հետեւում են ընթացքին ըստ դրանց տրամաբանության հետագայում կողմնորոշվելու նպատակով։ Այսինքն՝ եթե հետագայում Թալիբանին հաջողվի պահպանել իշխանությունը, ապա որոշակի փուլում միգուցե փորձեն աշխատել, անգամ ճանաչել այդ խմբավորման իշխանությունը։
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններն ինքնըստինքյան այս կամ այն կերպ ազդում են կամ ազդելու են տարածաշրջանի երկրների, նաեւ Հայաստանի վրա։ Այդ իմաստով կարեւոր է համակողմանի ուսումնասիրված եւ ճիշտ դիրքորոշում ցուցաբերել նոր ստեղծված իրողությունների պայմաններում։ «Հայաստանը տեղավորվում է միջազգային հանրության խմբերից երրորդում եւ իր դիրքորոշման արտահայտման հարցում բնականաբար շտապելու որեւէ անհրաժեշտություն չունի։ Միաժամանակ մենք պետք է մեծ ուշադրությամբ հետեւենք այդ երկրում ընթացող գործընթացներին,- ասաց նա, ապա շարունակեց,- Ինչ վերաբերում է հնարավոր առնչություններին, ապա առաջին հերթին դա վերաբերում է Աֆղանստանից հյուսիս ընկած ՀԱՊԿ ազդեցության գոտու եւ Ռուսաստանի կենսական շահերի գոտի հանդիսացող Կենտրոնական Ասիայի երկրների համար Աֆղանստանից բխող մարտահրավերներին, որի պարագայում առաջ է գալու Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ներգրավածության հարցը։ Եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ապա ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ պետություն, միանշանակ չի կարող շրջանցել եւ կազմակերպության գործառույթների համաձայն որոշակի դերակատարում կարող է ունենալ այս իրավիճակում»։
Որպես երկրորդ մարտահրավեր արեւելագետն առանձնացրեց Աֆղանստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավվածությունը, դրա արդյունքում նաեւ Ադրբեջանի որոշակի դերակատարման մեծացումը։ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան են սերտացել, եւ այնքան է մեծացել Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից, որ վերջինիս որեւէ արկածախնդրության դեպքում Բաքուն պարզապես հնարավորություն չի ունենա այն շրջանցել։ Այդ պարագայում եթե Թուրքիան առավել լայն մասշտաբով ներգրավվի աֆղանական գործընթացներում, ապա Ադրբեջանը եւս չի կարողանալու խուսափել դրանից։ Հաջողելու դեպքում աճելու է երկու երկրների քաղաքական կշիռը, իսկ ձախողելու դեպքում՝ մխրճվելու են նոր անկանխատեսելի, անորոշ ելքով արկածախնդիրության մեջ»,- մեկնաբանեց զրուցակիցս։
Երրորդ խնդիրը, որը կարող է առաջանալ, այն է, որ Աֆղանստանում եւ նրա շուրջ իրավիճակի վատթարացման դեպքում միջազգային հանրության ուշադրությունն ուղղվելու է այս տարածաշրջանին, որից կարող է օգտվել Ադրբեջանը, ինչը նկատում ենք վերջին օրերի ընթացքում տարբեր ագրեսիվ գործողություններ իրականացնելու առումով։ Չորրորդ խնդիրը կապված է Իրանի հետ, որովհետեւ եթե զարգացումները դուրս գան վերահսկողությունից, ապա քաոսային իրավիճակը սպառնալիք կդառնա նաեւ Իրանի համար, եւ պաշտոնական Թեհրանը ստիպված կլինի ռեսուրսներ կենտրոնացնել Աֆղանստանի հետ սահմանին՝ այդտեղից եկող հնարավոր մարտահրավերները, ահաբեկչական եւ անվտանգային սպառնալիքները զսպելու նպատակով։ Նման սցենարի դեպքում Իրանը նույնպես իր ուշադրությունը կթեքի Հարավային Կովկասից, որից նույնպես կարող է օգտվել Ադրբեջանը։
Չնայած վերոնշյալ մարտահրավերներին եւ վտանգներին, Պետրոսյանն անդրադարձավ նաեւ հնարավորություններին։ Մասնավորապես, Հայաստանը կարող է որոշակի դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կարճաժամկետ տեղակայման եւ գործելու հնարավորություն ընձեռի այն միջազգային կազմակերպություններին, որոնք անվտանգային խնդիրներից ելնելով տարհանում են իրենց անձնակազմը. «Դա միանշանակորեն կբարձրացնի մեր երկրի քաղաքական կշիռը եւ դրան զուգահեռ նաեւ տնտեսական որոշակի շարժ կապահովի երկրում»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ