Թալիբները Թուրքիային առաջարկել են մասնակցել Աֆղանստանի վերականգնման գործընթացներին: Սրան զուգահեռ՝ թալիբները Փանջշերի շրջանում Ազգային դիմադրության ճակատի դեմ գործողություններն իրականացնում են Պակիստանի եւ Անկարայի բացահայտ աջակցությամբ: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան չլքեց Աֆղանստանը։ Այս փաստերը վկայում են, որ Անկարան առնվազն վերջին տասնամյակում ԱՄՆ-ի զորքերի քթի տակ համագործակցում էր թալիբների հետ՝ վերջիններիս եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մեջ ձեւավորելով իրեն լոյալ ռազմական խմբավորումներ: Չի բացառվում, որ հենց Թուրքիայի միջնորդությամբ էլ ԱՄՆ զինված ուժերը, 20 տարի պայքարելով եւ հազարավոր զոհեր տալով, հեռացան ասիական այս երկրից:
Իրադարձությունների զարգացման ներկա փուլում դժվար է միանշանակ պնդելը, թե որն է թալիբներին իշխանության բերելու առաջնային նպատակը: Թալիբների պետությունը դեռ ունակ չէ հստակ ցույց տալ, թե ինչ աշխարհաքաղաքական վեկտորով կշարժվի: Սաղմնավորման այս շրջանում «Թալիբան» շարժմանը ձեռնտու էլ չէ ընտրություն կատարել աշխարհաքաղաքական ուղղությունների միջեւ, եւ պատահական չէ, որ իշխանության գալուց կարճ ժամանակ անց Իրանին խնդրեց վերականգնել վառելիքի մատակարարումը Աֆղանստան: ԱՄՆ-ն թուրքերին եւ պակիստանցիներին է թողել հսկայական խնդիրներով մի կույտ, որն առաջիկայում կհամալրվի սոցիալ-տնտեսական լրջագույն հիմնահարցերով:
Սակայն Թուրքիան չի պատրաստվում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությամբ միայնակ իր ուսերին տանել Աֆղանստանի բեռը: Նա անցել է իր փորձված մեթոդին. գաղթականների հոսքով շանտաժի ենթարկելով՝ Եվրոպայի հարուստ երկրներից միջոցներ կորզել նորաթուխ գործընկերոջ՝ թալիբների Աֆղանստանի համար: Այն փորձված մեթոդ է, ավելին՝ կարելի է ասել, որ դարձել է Անկարայի շահավետ բիզնեսը: Մասնավորապես՝ սիրիացի փախստականների հոսքը Եվրոպա չթույլատրելու համար Թուրքիան 6 մլրդ եվրո «պոկեց» Հին աշխարհամասի երկրներից:
Այսօր էլ նույն գործողություններն սկսել է վարել Աֆղանստանի համար: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջերս Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կարեւորել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցության անհրաժեշտությունը, որպեսզի կանխվի միգրանտների հոսքի աճը: «Անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը «Թալիբան» շարժման հետ՝ Աֆղանստանին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար, հակառակ դեպքում մենք պետք է ակնկալենք միգրացիոն ճնշման աճ»,- ասել էր Թուրքիայի առաջնորդը:
Հավանականությունը մեծ է, որ Աֆղանստանին ոտքի կանգնեցնելուց հետո նրան կներառեն Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքում: Ձեւավորվող կոալիցիան հետագայում կարող է գործել երեք ուղղությամբ՝ Իրանի, որը գրեթե ամբողջովին կշրջափակվի այդ կոալիցիայի երկրներով, Հնդկաստանի եւ չի բացառվում նաեւ Ռուսաստանի թիրախը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեմ գործողությունների միջոցով:
Լիովին իրատեսական են նաեւ այն վերլուծությունները, ըստ որոնց Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դեմ ժամանակին գործողություններ արած ոչ թալիբան շարժման Թուրքիային լոյալ խմբավորումների ներկայացուցիչները կտեղափոխվեն կամ արդեն սկսել են վերաբնակեցվել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, առավել եւս, որ թալիբներն սկսել են գործողություններ իրականացնել նաեւ նրանց դեմ: Թերեւս, նաեւ զարգացումների նման հեռանկարն է Իրանին ստիպել արդեն այսօր խոշոր զորավարժություններ անցկացնել օկուպացված տարածքների սահմանամերձ հատվածներում:
«Թալիբանը» ձգտում է առանց ներքին բախումների արագ հաստատել իր իշխանությունը ողջ Աֆղանստանում, սակայն արդեն այսօր կարելի է պնդել, որ դա նրան չի հաջողվի: Աֆղանստանում վերջին 20 տարիներին ձեւավորվել է բնակչության մի հատված, որը պատրաստ չէ ապրել արմատական իսլամի օրենքներով, եւ նրա շահերը ներկայացնող դիմադրության ուժերի ղեկավար Ահմադ Մասուդը հայտարարել է, որ չի դադարեցնի պայքարը, քանի դեռ իրենց, որպես բնակչության այդ հատվածը ներկայացնող ուժի, չեն դիտարկել կառավարության ձեւավորման գործընթացում, եւ Փանջշերը չի մնա իրենց հսկողության տակ: Այս ուժն աջակցություն է ստանում Հնդկաստանից եւ լոյալ վերաբերմունքի է արժանանում ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի իշխանությունների կողմից: Հետեւաբար՝ երկարաժամկետ սիրիական սցենարի կրկնությունն Աֆղանստանում չի բացառվում: