Վերջին ամսում Ռուսաստանում եւ Եվրոպայում ԶԼՄ-ների առաջնային անդրադարձները, թերթերի առաջին էջերը սկսվում են գազի շուկայի արտառոց գներից։ Քանիցս գերազանցվեց պատմական առավելագույնը։ Իսկ մեզ մոտ առայժմ անհողմություն է։ Մեր հանրային մտածողությունն աղետից դեռ այնքան չի վերականգնվել, որ սկսի ակտիվորեն հետաքրքրվել սպասվող ապագայի հարցերով։ Պատկերացրեք՝ եթե, հետեւելով Եվրոպայի օրինակին, մեզ մոտ էլ 1000 խմ գազի ձեռքբերման գները հասնեին 1000, 1500 դոլարի եւ ավելիին։ Հիշեցնեմ` մեզ մոտ դեռ 165 դոլար է։ Այդ դեպքում գազի սպառման գինը խմ-ի համար մեր 139 դրամից կհասներ 500-ի, եւ միջին քաղաքային ընտանիքը ջեռուցման համար ձմռանը պետք է նախատեսեր այսօրվա 30-50 հազար դրամի փոխարեն` ամսական 300-500 հազար դրամ… Հավատում եմ՝ այդպես չի լինի, այդպես հնարավոր չէ։ Բայց որոշ երկրներում դա արդեն իրականություն է …
Եվրոպայում մեծ իրարանցում է։ Մի պահ չէին հավատում, որ գները կարող են հասնել 1000 դոլարի, այնուհետեւ դրանք արագորեն մոտեցան 2000-ին, հետո իջան մինչեւ 1000-1200։ Այսօրվա վիճակով սա է իրականությունը։ Իսկ դեռ անցյալ տարի դրանք 100-150 դոլարի սահմաններում էին։ Ոչ ոք չէր սպասում այսպիսի աննախադեպ թռիչք էներգետիկայի ոլորտում։ Նույնիսկ, ընդհանուր առմամբ, հարուստ եվրոպացիների զգալի մասը պարզապես ի վիճակի չէ վճարել այսօրվա գներով։ Պետությունները սուբսիդիաներ են հատկացնում, պաշտոնապես հաստատում բնակչությանը մատակարարվող գազի գների առավելագույն սահմանաչափեր, բայց եթե շարունակվի այս վիճակը, ոչինչ չի օգնելու։ Ուռճացված գների պատճառով Եվրոպայում հնարավորինս կրճատում են գազի եւ էներգիայի օգտագործումը տարբեր բնագավառներում, բայց դա էլ իր հետեւանքներն է բերում։ Էլեկտրաէներգիայի սակագներն աճել են 10-100 տոկոս։ Եվրոպական անգամ խոշոր գործարաններ էլեկտրաէներգիայի ուժից վեր գների պատճառով կանգնեցնում են արտադրությունները։ Դա շղթայական կերպով հարվածում է մատակարարումներին, ներառյալ՝ սննդամթերքի։ Արտադրական հատվածում կորոնավիրուսի տարածումից հետո այս ամռանն առաջին անգամ կտրուկ աճ արձանագրած գործարար ակտիվության մակարդակն արդեն երրորդ ամիսն է` կայուն անկում է ցուցաբերում։ Էներգակիրների գնի աճը Եվրամիությունում հանգեցնում է ընդհանուր գնաճի։ FAO-ն արձանագրել է առեւտրական ապրանքների գների ռեկորդային մակարդակ` վերջին 60 տարվա ընթացքում։ Տարեկան ինֆլյացիան հասել է վերջին 15 տարվա մեջ ամենաբարձր նիշին։ Գազի գնի հետ կապված` թանկանում են նաեւ մյուս էներգակիրները, նավթի գինը հասել է վերջին 7 տարվա ամենաբարձր մակարդակին։ Էներգետիկական աճող մղձավանջը բնակչությանը հասցրել է արդեն խուճապային վիճակի։ Ֆրանսիան, խուսափելու համար անբնական թանկացումներից, սառեցրել է կենցաղային գազի մատակարարման գները եւ մտցրել էլեկտրաէներգիայի վաուչերներ։ Գերմանիայում սկսել են ուսումնական հոլովակներ ցուցադրել, թե ինչպես վարվել տներում ջեռուցման եւ լույսի անջատումների դեպքում։ Հորդորում են ընտանիքում մեկ հեռուստացույց նայել` բոլորը միասին, հրաժարվել լոգանքներից (միայն ցնցուղ), սենյակների բոլոր պատուհաններին ֆոլգա ամրացնել, բացատրում են` ինչպես կարելի է ինքնաշեն վառարաններ պատրաստել եւ այլն, եւ այլն…
Այս արտառոց վիճակի ստեղծման պատճառները բավական ուսումնասիրված են, քանի որ այսօր դրան է սեւեռված ոլորտի բոլոր մասնագետների ուշադրությունը։ Այդ ամենով հանդերձ, առայժմ ոչինչ փոփոխել չի հաջողվում։ Եվրոպան, տագնապի մեջ, ձեռք է բերում գազը ցանկացած գնով, եւ որոշ մասնագետներ գուշակում են ձմեռային ցրտերի պարագայում գների հետագայում եւս աճ` մինչեւ ֆանտաստիկ թվացող 3000-3500 դոլար հազար խմ-ի համար։ Սակայն փորձենք կենտրոնանալ առավելապես փրկության ճանապարհների դիտարկման եւ ստեղծված տագնապահարույց տրամադրությունները մեղմելու տարբերակների ուղղությամբ, քանի որ, այնուամենայնիվ, այսպիսի անհավանական բարձր գներն իրենց մեջ որոշակի սպեկուլյատիվ տարրեր եւս պարունակում են։
Նախ մի անհրաժեշտ պարզաբանում։ Գազը Եվրոպայում վաճառվում է երկու սկզբունքով` պայմանագրային եւ այսպես կոչված` սպոտային։ Սպոտայինը, պարզ ասած, բորսայում կարճաժամկետ, մեկանգամյա խմբաքանակների վաճառքն է տվյալ պահին շուկայի թելադրած գնով։ Այս մոտեցման ջատագովը Եվրահանձնաժողովն էր, որն իբր ազատականություն մտցնելով` ստացավ իր «ուզածը»։ Ինչպես բնութագրեցին վերլուծաբանները, կրակեց սեփական ոտքին։ Դարձյալ հաստատվում է ծերուկ Մարքսի տեսակետը, որ շուկան ի վիճակի չէ կարգավորել հասարակության պահանջները եւ պարբերաբար ճգնաժամերի է հանգեցնում։ Այս ոլորտում բացարձակ շուկային անցնելու հետեւողական քաղաքականությունը Եվրոպայում սկսվում է դեռ Մարգարետ Թետչերից եւ երկար պատմություն ունի, որին չենք անդրադառնա։
Նկարագրված այս բարձր թվերը, գների աննախադեպ թռիչքը վերաբերում են միայն պահի տակ բորսայում արձանագրված անկայուն գնանշումներին (հիշյալ սպոտին)։ Իսկ պայմանագրային գներն այսօր մնում են 4 անգամ ցածր։ Միջին կոնտրակտային գինը Եվրոպայում դեռեւս 250-260-ի սահմաններում է` շնորհիվ նախօրոք կնքված երկարաժամկետ պայմանագրերի, իսկ հոկտեմբերից կնքվող պայմանագրերը 400-600-ի սահմաններում են եւ ոչ` 1200 եւ բարձր, ինչպես բորսայում է։ Անցյալ ամիս Հունգարիան «Գազպրոմի» հետ 15 տարվա երկարաժամկետ պայմանագիր կնքեց եւ ի հեճուկս մնացած Եվրոպայի, հայտարարում է, որ շատ գոհ է (գինը դեռ չի հրապարակում)։ Իսկ եղբայրական Բելառուսի հետ, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» երկարաձգեց պայմանագիրը նախաճգնաժամային, գումարած` զեղչված, շատ ցածր գնով (128.5 դոլար՝ 1000 խմ-ին)։ Սա հիշենք` Հայաստանին անդրադառնալու համար։ Իսկ Արեւելյան Եվրոպայի մյուս երկրների համար ռուսական գազի գինը կտրուկ աճել է։ Բուլղարիան դեռ սեպտեմբերին ռուսական գազը գնում էր արդեն 435 դոլարով, նոյեմբերին այն գերազանցեց 550-ը։ Սա երկուսուկես անգամ ավելի բարձր է այդ երկրի վճարածից տարեսկզբին (213 դոլար), սակայն երկու անգամ պակաս` Եվրոպայում արդեն մեկ ամսից ավելի հաստատված սպոտային գներից։ Մոլդովայում պատրաստվում են բարձրացնել գազի սպառողական գները 35 տոկոսով (մինչեւ 201 դոլար)։ Սեպտեմբերին նրանք ռուսական գազը գնում էին արդեն 550 դոլարով (հունվարին այն 127 դոլար էր)։ Շատ ավելի ծանր է Ռուսաստանի հետ անհաշտ Ուկրաինայում, նա գնում է գազը ռեվերսով, ուստի գները գերազանցում են եվրոպականը։ Ըստ կանխատեսումների՝ բորսայական 1000-1200 դոլարի պայմաններում «Գազպրոմի» պայմանագրային գներն առաջիկա ամիսների համար կլինեն միջինը 400-500 դոլարի սահմաններոմ (անցյալ տարի 1000 խմ-ն 120 դոլար էր)։ Իսկ 240- 270 դոլարի մասին մասնագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես մոռանալ։
Որո՞նք են նման իրավիճակի ստեղծման պատճառները։ Այս մասին՝ հաջորդիվ:
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ