Կալինինգրադի մարզը Ռուսաստանի մայր տարածքի հետ ընդհանուր սահման չունի։ Այս կարգավիճակով այն հար եւ նման է Ադրբեջանի կապին Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ։ Ռուսաստանում այս ուղղությամբ տրանսպորտային փոխադրումների հարցն ամբողջ սրությամբ ծագեց ԽՍՀՄ փլուզումից հետո։ Լիտվայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ հայտնի են, սակայն այս հարցում հաջողվել է գտնել համենայնդեպս ակնհայտ կոնֆլիկտների չհանգեցնող, քաղաքակիրթ լուծումներ։ Կարծում ենք՝ այս կարգավորումները հետաքրքրած կլինեն այսօր Ադրբեջան-Նախիջեւան տեղափոխումների հարցի լուծման գործով զբաղվողներին, քանի որ այն, ըստ 2020 թ. հոկտեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարածքով, ինչն այսօր վիճահարույց մոտեցումների տեղիք է տալիս։
2002 թ. Լիտվայի եւ ՌԴ միջեւ ընդունվել է համատեղ հայտարարագիր` Կալինինգրադի մարզի եւ ՌԴ հիմնական տարածքի միջեւ պարզեցված տարանցման կանոնների մասին։ Այն նախատեսված է Ռուսաստանի քաղաքացիների` Կալինինգրադի մարզ առավել հարմար տարանցման ապահովելու համար։ Համառոտ թվենք այդ կանոններից մի քանիսը, առանց մեկնաբանությունների։
Ուղեւորները պետք է լինեն Ռուսաստանի քաղաքացի։ Այլ երկրներից Ռուսաստան այս տարածքով տեղափոխվողները չեն կարող օգտվել պարզեցված կարգից, նրանք տեղափոխվում են Ռուսաստան ընդհանուր միջազգային տարանցման կանոններով։
Ուղեւորներին անհրաժեշտ է մանրամասն հիմնավորել Կալինինգրադ մեկնելու պատճառները։
Ամբողջ ընթացքում պետք է ձեռքին ունենալ պարզեցված տրանսպորտային փաստաթուղթը։
Փաստաթուղթը ձեւակերպելու համար դիմումատուն պետք է ներկայանա Լիտվայի գլխավոր հյուպատոսություն անձամբ, ներկայացնի ՌԴ արտասահմանյան անձնագիր` ռուսաստանյան գրանցումով (վիզաների համար առնվազն 2 դատարկ էջով), անձնագրի քսերոպատճենը։
Դիմումի քննարկումը եւ պարզեցված վկայականի տրամադրումն իրականացվում են 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Հյուպատոսական տուրքը կազմում է 5 եվրո։ Երկաթգծով տեղափոխման դեպքում տուրք չի գանձվում։
Երկաթուղով պարզեցված փոխադրման փաստաթուղթը Լիտվայի տարածքով մեկանգամյա տարանցման հատուկ փաստաթուղթ է, որը տրամադրվում է Լիտվայի Հանրապետության տարածքով դեպի Կալինինգրադի մարզ եւ ետ մեկնողներին։ Այն ուժի մեջ է ոչ ավելի քան 3 ամիս եւ տրամադրվում է Լիտվայի իրավասու օրգանների ներկայացուցիչների կողմից։
Էլեկտրոնային տոմսերի ձեւակերպումն ավարտվում է գնացքի մեկնումից 28 ժամ առաջ։
Լիտվայի սահմանը կրկին հատել անհրաժեշտ է ոչ ուշ, քան 24 ժամից (երկաթգծի ուղեւորների համար այն սահմանված է 6 ժամ):
Գնացքով ճանապարհորդելիս չի կարելի լքել վագոնը Լիտվայի տարածքում կանգառների ժամանակ։
Լիտվայի իշխանություններին իրավունք է վերապահվում անհրաժեշտության դեպքում միակողմանի փակել մուտքը։
Հենց այս պահին կորոնավիրուսի համաճարակի պատճառով Կալինինգրադի մարզ կարելի է հասնել միայն ինքնաթիռով եւ գնացքով, ավտոմեքենաների եւ ավտոբուսների մուտքն արգելված է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, որ այսօր միջնորդ է Հայաստանի եւ իր հարեւանի միջեւ, այս կանոնները մշակող կողմերից մեկն է։
Իմիջիայլոց, Լիտվայի եւ Ռուսաստանի միջեւ կազմված փաստաթղթում ոչ մի տեղ չի օգտագործվում «միջանցք» տերմինը։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ